Սյունիքի մարզի Տեղ գյուղի հատվածում ունենք 11 կիլոմետրից որոշակի 5 կիլոմետր հատված, որը մենք համարել և համարում ենք պրոբլեմատիկ հատված. այսօրվա դրությամբ այդ պրոբլեմատիկ հատվածը կրճատվել է ևս 1,4 կիլոմետրով: Այդ մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Դա նշանակում է, որ ևս այդքան սահման ճշգրտվել է: Ինչ է նշանակում սահման ճշգրտել, նշանակում է, որ և՛ մենք, և՛ ադրբեջանցիք այդ կետի վերաբերյալ ունենք ընդհանուր կարծիք, որ մեր սահմանային գիծն անցնում է այստեղով: Հայաստանցի սահմանապահները տեղակայվում են այդ սահմանից որոշակի հեռավորության վրա, ադրբեջանցի սահմանապահները տեղակայվում են այդ սահմանից որոշակի հեռավորության վրա»,- հավելել է վարչապետը:

Դիտարկմանը, թե Սյունիքի հատվածում ադրբեջանական զորքն այժմ, փաստացի Հայաստանի ինքնիշխան տարածքում է, Փաշինյանն արձագանքել է. «Այդ պրոբլեմատիկ հատվածը, որտեղ իրենք գտնվում էին, մեր գնահատմամբ, Հայաստանի ինքնիշխան տարածքում, նախկին իմ արած հայտարարությամբ այն 5 կիլոմետրից ավելի էր պրոբլեմատիկ հատված, հիմա այդ 5 կիլոմետրը դարձել է 3,6: Այսինքն՝ սահմանապահներն իրար հետ աշխատել են, սահմանային կետը ճշգրտել են, և տեղակայվել են որոշակի հեռավորության վրա: Մենք հույս ունենք նաև, որ մնացած 3,6 կիլոմետր հատվածները կճշգրտվի, ու թեման կամփոփվի: Մյուս կողմից էլ մինչև դա տեղի չունենա, չենք կարող ասել, որ դա տեղի է ունեցել»:

 

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest