Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն այսօր՝ 19-ին, տեսակցել են Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատած ադրբեջանցի երկու զինծառայողներին։
Աշխատակիցներն առանձին հանդիպումներ են ունեցել զինծառայողների հետ, որոնք կոմիտեի միջնորդությամբ հաղորդագրություններ են ուղարկել ընտանիքի անդամներին։
Հիշեցնենք, որ ապրիլի 10-ին երկու ադրբեջանցի զինծառայողներ հատել էին Հայաստանի պետական սահմանը: Նրանցից մեկը՝ Ագշին Գաբիլի Բաբիրովը, հայտնաբերվել էր Սյունիքի մարզի Աշոտավան համայնքում: Նրան վնասազերծել էին տեղացիները:
Երկրորդ ադրբեջանցին՝ Հուսեյն Ահլիմանի Ախունդովը, հայտնաբերվել էր 3 օր անց՝ Սյունիքի մարզի Աճանան գյուղում: Նրան նույնպես տեղացիներն էին հայտնաբերել ու վնասազերծել:
Դատախազությունը Ագշին Բաբիրովին մեղադրանք է առաջադրել ՔՕ 469-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (մի խումբ անձնանց կողմից նախնական համաձայնությամբ պետական սահման հատել) եւ 340-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից ռազմական նշանակության արտադրանքի, տեխնիկայի, հրազենի կամ այլ նյութերի, սարքերի, առարկաների, ապրանքների մաքսանենգություն), իսկ Հուսեյն Ախունդովին՝ 469-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (մի խումբ անձնանց կողմից նախնական համաձայնությամբ պետական սահման հատել), 340-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ռազմական նշանակության արտադրանքի, տեխնիկայի, հրազենի կամ այլ նյութերի, սարքերի, առարկաների, ապրանքների մաքսանենգությունը), եւ 335-րդ հոդվածի 2-րդ մասով (մի խումբ անձնաց կողմից նախնական համաձայնությամբ հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի եւ այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը):
Հայտնաբերված երկու ադրբեջանցիներն էլ կալանքի տակ են:
Երկրորդ ադրբեջանցու հայտնաբերումից ժամեր առաջ հայտնի դարձավ, որ Սյունիքում սպանվել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի 57-ամյա պահնորդը:
Ավելի ուշ, աճանանցի երիտասարդները մեզ հետ զրույցում պատմել էին, որ ադրբեջանցու ձեռքին եղել է սպանված պահնորդի հեռախոսը:
Ի վերջո, դատախազությունն ապրիլի 18-ին մեղադրանք առաջադրեց Հուսեյն Ախունդովին նաեւ պահնորդի սպանության համար։
Ըստ հաղորդագրության՝ ադրբեջանցին իր մոտ ապօրինի պահվող ինքնաձիգից կրակոցներ է արձակել պահնորդի ուղղությամբ, որը մահացել էր: Այնուհետեւ, Հուսեյն Ախունդովը վերցրել է նրա հեռախոսը, ծխախոտն ու կրակայրիչը, փորձել գործարկել կայանված մեքենայի շարժիչը, սակայն չկարողանալով, դիմել է փախուստի: Ախունդովն այդ հեռախոսով նկարահանել է նաեւ տեսաուղերձ այն մասին, որ սպանել է հայի:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: