ԱՄՆ Կոնգրեսի ստորին պալատի մի խումբ կոնգրեսականներ ևս մեկ անգամ Ներկայացուցիչների պալատին են ներկայացրել Հայոց ցեղասպանության կրթական ակտը՝ հիմնվելով այն բանի վրա, որ ԱՄՆ Կոնգրեսը և նախագահը պաշտոնապես ճանաչել են այս հանցագործությունը: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբից:
Ակտը նորից ներկայացնելու նախաձեռնությամբ հանդես են եկել կոնգրեսականներ Աննա Էշուն, Դեյվիդ Վալադաոն, Թեդ Լյուն և Գաս Բիլիրակիսը: Միջոցը նախատեսում է ֆինանսավորել Կոնգրեսի գրադարանի կրթական ծրագրերը Հայոց ցեղասպանության պատմության, դրանից քաղած դասերի, հետևանքների և դրա համար ներկայում վճարվող գնի վերաբերյալ:
Այս օրինագծով նախատեսվում է 5 տարվա ընթացքում 10 միլիոն դոլարի ֆինանսավորում տրամադրել Կոնգրեսի գրադարանին՝ ամերիկացիներին կրթելու 1915-1923 թթ.-ին միլիոնավոր հայերի, հույների, ասորիների, քաղդեացիների, սիրիացիների, արամեացիների, մարոնիների և այլ քրիստոնյաների՝ Օսմանյան Թուրքիայի կողմից համակարգված և կանխամտածված, պետականորեն հովանավորվող զանգվածային սպանությունների, ազգային մշակույթի յուրացման կամ ոչնչացման և աքսորի մասին:
Հայոց ցեղասպանության կրթական ակտը փորձում է հակազդել այն քարոզչությանը, որը պնդում է, թե, իբր, «1915-1923 թթ.-ին Օսմանյան Թուրքիայի կողմից միլիոնավոր քրիստոնյաների համակարգված զանգվածային սպանությունները տեղի չեն ունեցել»։
«Քանի որ Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ բացահայտորեն ձգտում է ավարտին հասցնել Հայոց ցեղասպանությունը, ամերիկյան դպրոցականներին ավելի քան երբևէ անհրաժեշտ է դասեր քաղել ողջ մարդկության դեմ դեռևս անպատիժ, դեռ շարունակվող հանցագործությունից», – հայտնել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: