ՀՀ Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում իրականացված մեծածավալ քննչական և վարութային գործողությունների արդյունքում փաստեր են ձեռք բերվել այն մասին, որ պաշտպանության բանակի N զորամասի հրամանատարի տեղակալ, գնդապետը ռազմական դրության պայմաններում՝ 2020թ. հոկտեմբերի 10-ից նոյեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում, հիվանդության սիմուլյացիա է դրսևորել։
Քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ ստացիոնար բուժում չպահանջող առողջական խնդրի պայմաններում նա 23 օր ստացիոնար բուժում է ստացել բժշկական հաստատությունում, որը հանգեցրել է վերջինիս կողմից զինվորական ծառայության առանձին պարտականությունների կատարումը ժամանակավորապես դադարեցնելուն։
Ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա բարձրաստիճան սպայի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին, ում կողմից միջնորդությունը բավարարվել է։
Նրան մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 363-րդ հոդվածի 5-րդ մասով (համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 527-րդ հոդվածի 3-րդ մասին):
Միջնորդություն է ներկայացվել մեղադրյալի նկատմամբ երկամսյա ժամկետով կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, որը դատարանի կողմից բավարարվել է: Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: