Հայաստանն իսկապես ծանր իրավիճակում է: Նա, այսպես ասենք, սահմաններ չունի: Երևի այդ իմաստով աշխարհի միակ երկիրն է, որն ունի պետություն, բայց չունի սահմաններ:
Ի՞նչ է նշանակում՝ չունի սահմաններ: Դա նշանակում է, որ նա ի վիճակի չէ կանխել ցանկացած ապօրինի մուտք, ասենք, Սյունիքի հատվածից: Եթե չի կարողանում կանխել, ուրեմն Հայաստանում ցանկացած երեխա (չեմ ասում զինվոր) վտանգված է, որովհետև ադրբեջանցին Սիսիանի կողմից մտնում է ու հասնում Կապան: Ու հլը հաջողացնում է տեսահաղորդագրություն թողնել, որ հայեր է սպանում:
Կատակ բան չէ, քո երեխան վերադառնում է դպրոցից, ճանապարհին մեկը սպանում է: Էդ հետո են պարզում, որ մարդասպանը ադրբեջանցի է, որը եսիմերբ մտել է Հայաստան:
Երբ ասում ենք, որ մեր պետությունը սահմաններ չունի, նշանակում է՝ չենք կարող ասել, թե որտեղ է սկսվում ու ավարտվում մեր պետությունը:
Հայաստանի վարչապետը հաճախ է ասում, թե պետք է իրականացվի դեմարկացիա, այսինքն, սահմանների ճշգրտում: Այսօր նկատի ունենալով Տեղի մինիպատերազմը, հայտարարել է, թե «մեզ չհաջողվեց սահմանապահների տեղակայումն իրագործել առանց սրացումների»: Իհարկե չէր հաջողվելու: Որովհետև դու փորձում ես փրկել քո պետականության փշրանքները որպես իմունիտետ չունեցող երկիր, Ադրբեջանն իր հերթին թքած ունի, թե դու ինչն ես դիտարկում սահման, ինքն իր քմահաճույքներով է գծում մեր սահմանները:
Երեկ էլ մեր վարչապետը հայտարարել է, թե «ՀՀ-ն պատրաստ է Հայաստան-Ադրբեջան 1991 թվականի սահմանային գծի ողջ երկայնքով զորքերը հետ քաշել ապահով հեռավորության վրա»: Վարչապետին կարելի է հասկանալ՝ նա նախ «խաղադրույք» է կատարում էսկալացիան կանխելու վրա:
Բայց արդյո՞ք մենք այն վիճակում ենք, որ վստահենք Ադրբեջանի հետ կայացվող պայմանավորվածություններին, որոնք, ասենք, Ռուսաստանը կարող է «փոզմիշ» անել մի հեռախոսազանգով: Չէ՞ որ Ռուսաստանը նույնպես պնդում է, որ Հայաստանի սահմանները «դեռևս Հայաստանի սահմանները չեն»:
Իրավիճակն անվերահսկելի է, որովհետև Հայաստանը հակաէսկալացիոն միջազգային երաշխավոր չունի: Անվերահսկելի է, որովհետև ռուսները պատրաստ են «խաղաղապահներ» ուղարկել մեր իրական սահմանների վրա թքած ունենալով, իսկ Եվրոպան պատրաստ չէ միջազգային խաղաղարարներ ուղարկել: Սա նշանակում է, որ Ադրբեջանը էսկալացիա հրահրելու մեծ պաշար ունի և նույնիսկ նպատակահարմարությունն է ինքը որոշում:
Արդեն անիմաստ է քննարկել, թե ինչու այսպես ստացվեց: Այո, Տեղում մեր զինվորներն իսկապես կռիվ տվեցին: Բայց այսպիսի մինիպատերազմները միայն ջլատում են մեր առանց այն էլ «տարբեր տեղերից կրծած» ոգին:
Ի՞նչ անել: Եթե խաղաղության մեր պայմանները չեն աշխատում՝ ի՞նչ անել: Եթե խաղաղության մեր պայմանները չեն էլ կարող աշխատել, ի՞նչ անել: Պատասխանը մեկն է՝ Հայաստանը պետք է արագացնի զինվելը՝ եթե ոչ պատերազմի, ապա հենց թեկուզ խաղաղության իր պայմանները սեղանին դնելու համար: Իսկ ամեն մինիպատերազմով Ադրբեջանը հենց դա է ստուգում՝ արդյո՞ք մենք բավարար զինված ենք: Ստուգում է, որպեսզի հասկանա՝ դեռ ինչքա՞ն կարող է իր էշը քշել:
Մհեր Արշակյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: