2022 թվականի սեպտեմբերի 13-14-ին ադրբեջանական զինված ագրեսիայի հետևանքով դեռևս անհետ կորած են համարվում զինծառայողներ Թոռնիկ Սարգսյանը և Շիրազ Խաչատրյանը։
Գեղարքունիքի մարզի Փոքր Մասրիկ գյուղի բնակիչ Շիրազ Խաչատրյանը պայմանագրային զինծառայող էր, և վերջին կռիվը մղել է Կուտականի սահմանային դիրքերում։ Խաչատրյանի մասին Forrights.am-ը գրել էր դեռևս նախորդ տարվա վերջին։ Զրուցել էինք նրա ընտանիքի անդամների հետ, որոնք ասել էին, որ սեպտեմբերյան կարճատև մարտերից հետո 34-ամյա Շիրազ Խաչատրյանի մարմինը Կուտականի չեզոք գոտում է մնացել՝ սկզբում զինվորական հագուստով էր, հիմա ոսկորներն են: «Ամեն օր արցունքն աչքերիս, հելնում եմ տնից, նայում եմ՝ սարը, երեխես ընդեղ պառկած, ո՞նց անեմ ես: Ուրեմն չե՞ն կարա էդ երեխի մարմինը հանեն, բերեն», — Forrights.am-ին ասել էր Շիրազի հայրը՝ Հովիկ Խաչատրյանը:
Խաչատրյանների հետ Պաշտպանության նախարարությունից որևէ ներկայացուցիչ չէր կապվել, նրանք դիմել էին տարբեր պատկան մարմինների, սակայն ապարդյուն։ Այս տարվա հունվարի 10-ին լրագրողների հետ ասուլիսում պատասխանելով հենց Շիրազ Խաչատրյանի մասունքները վերադարձնելու մասին հարցին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցուցադրաբար նոթատետրում գրանցել էր խնդիրը և խոստացել, որ համապատասխան մարմինները կկապվեն ընտանիքի հետ ու կփորձեն հասկանալ՝ ինչ անել։ Մինչև հիմա, սակայն, զինծառայողի մասունքները ընտանիքին վերադարձնելու հարցում դրական տեղաշարժ չկա։
Վարչապետի աշխատակազմին ուղղված գրավոր հարցմամբ Forrights.am-ը փորձել էր պարզել՝ ի՞նչ է արվում զինծառայողի մասունքները ընտանիքին վերադարձնելու համար։ Սակայն վարչապետի աշխատակազմը վերահասցեագրել էր մեր հարցումը Ազգային անվտանգության ծառայությանը։ ԱԱԾ-ից պատասխանել են, որ ընթանում են բանակցություններ։
«2022-ի սեպտեմբերի 13-14-ին Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ իրականացրած ռազմական ագրեսիայի հետևանքով զոհված զինծառայողների դիերի դուրսբերման ուղղությամբ բանակցություններ են վարվում, որի արդյունքում 27․01․2023թ․մեկ զինծառայողի դի է դուրս բերվել, ևս երկու զինծառայողի (այդ թվում՝ Շիրազ Խաչատրյանի) դիերի դուրսբերման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են», -մեր հարցմանն ի պատասխան տեղեկացրել են ԱԱԾ-ից։
Սեպտեմբերյան մարտերից անցել է ուղիղ 7 ամիս, Խաչատրյանները 7 ամիս է՝ գիտեն՝ որտեղ է Շիրազի դին, սակայն չեն կարողանում ստանալ մասունքները։ Հովիկ Խաչատրյանը մեզ հետ զրույցում ասել էր, որ տեսահսկող սարքերի միջոցով, նաև՝ անօդաչու թռչող սարքով նկարել ու տեսել են՝ որտեղ է գտնվում որդին։
Վայրը, որտեղ զինծառայողի մարմինն է ընկած եղել, ադրբեջանական զինված ուժերի հսկողության տակ է մնացել։ Փոքր Մասրիկի գյուղապետ Սարգիս Նշանյանն ասում է՝ հիմա այդ հատվածը ձնով է պատված և թեպետ տարածք մտնելու թույլտվություն ունեն, բայց մտադիր են այն ժամանակ անել, երբ ձյունը հալված կլինի։
«Որտեղ որ Շիրազն է, առատ ձյուն կա, և հայկական կողմն էլ ունի մեկ անգամ այդ տարածք մտնելու թույլտվություն, դրա համար որոշվել է այն ժամանակ մտնել, երբ ձյունը գոնե հալված կլինի։ Թուրքերը մի անգամ են թույլ տվել, որ մտնենք էդ տարածք, հիմա էլ սպասում ենք գոնե մի քանի օր հետո էդ ձյունը հալվի, նոր գնանք», — Forrights.am-ին ասում է Փոքր Մասրիկի գյուղապետը։
Սարգիս Նշանյանի խոսքով, արդեն իսկ կազմել են տարածք մտնելու ծրագիր, ուսումնասիրվել են հնարավոր տարբերակները, բայց հիմա միակ խոչընդոտը ձյունն է։
«Ոչինչ, էսքան սպասել-սպասել ենք, մի քանի օր էլ կսպասենք, որ գոնե մի բան երևա, իզուր չգնանք, հետ գանք։ Դե եթե ունենք մտնելու մի հնարավորություն, ի՞նչ արած, պետք ա սպասենք», -ասում է Նշանյանը։
Հասմիկ Համբարձումյան
Հասմիկ Համբարձումյանը լրագրող է, լուսաբանում է դատա-իրավական ոլորտը: Անհանդուրժող է անարդարության ու մարդու իրավունքների խախտումների նկատմամբ: Լրագրողական 15 տարիների գործունեության ընթացքում մասնակցել է լրագրողական փոխանակման միջազգային տարբեր ծրագրերի, հաջողությամբ ավարտել Thomson Reuters Foundation-ի դասընթացը: