Հայկական և ադրբեջանական կողմերի միջև պետք է բանակցություններ տեղի ունենային, ՀՀ ԶՈւ կորպուսի հրամանատարը եղել է տեղում, որ պայմանավորվածություններ ձեռք բերվեին, սակայն ադրբեջանցիների կողմից եղել է սադրանք: Այդ մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը՝ ընդգծելով, որ արդյունքում բանակցություններ տեղի չեն ունեցել:

Դիտարկմանը, որ ՊՆ-ի տրածած տեսանյութում երևում է, որ ադրբեջանցիների պիկապը մոտ 10 զինծառայողներով գալիս է և մերոնք չեն կրակում, պատգամավորն արձագանքել է. «Երբ մոտեցել է պիկապը, այնպես չէ, որ կրակելով է մոտեցել: Կարող է՝ մտածել են, որ հենց այդ բանակցողներն են եկել, կարող է մտածել են, որ ինչ-որ այլ առիթով են եկել: Եթե տեսել եք տեսանյութը, այնտեղ մոտ 20 մետր է դիրքերի հեռավորությունը, եւ եթե կրակելու լինեն, 20 մետրից միշտ էլ կարելի է կրակել»:

Պատգամավորի խոսքով, բանակցություններ մինչ այդ էլ են եղել, այդ ընթացքում էլ են եղել, երեկ էլ պետք է լինեին, բայց ադրբեջանական կողմը դիմել է սադրանքի: «Բանակցություններից Ադրբեջանը չի հրաժարվել, որովհետեւ հետո էլի եղան բանակցություններ, որ կանգնեցին մարտերը: Այդ պահին եղել է սադրանք, սկսվել է հրաձգություն, որը վերածվել է մեծ մարտի», -հավելել է պատգամավորը, որը Սյունիքի մարզից է:

Հարցին, թե ինչ նպատակ ունեն ադրբեջանցիները, ուզում են գրավե՞լ Տեղ գյուղը, ՔՊ-կան պատգամավորը պատասխանել է. «Ոչ, ուղղակի սադրանքի են դիմում խաղաղության բանակցությունները խաթարելու համար: Իրենք մեզ են մեղադրում նույնի համար, բայց հասկանում ենք, թե ում ձեռնտու չի այս  ամեն ինչը»:

Հիշեցնենք՝ ապրիլի 10-ին ադրբեջանական զինված ուժերը Սյունիքի մարզի Տեղ համայնքի հատվածում դիմել է սադրանքի՝ հարձակվելով հայկական զինված ուժերի վրա: Տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով հայկական կողմը ունեցել է 4 զոհ և 6 վիրավոր, այդ թվում՝ Կորպուսի հրամանատար Արմեն Գյոզալյանը:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest