Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է 44-օրյա պատերազմի ընթացքում մի քանի դեպքերի, որտեղ բարձրաստիճան զինվորականների գործողությունների հետևանքով թշնամին հաջողություններ է գրանցել և խոսել մասնավորապես, «Արեգա» բարձունքի գրավման մասին:
Նկատենք, այդ գործով անցնում է ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանը:
«Պաշտպանության բանակը հաջող հակագրոհ է արել և բարձունք է հետ գրավել, սակայն բարձրաստիճան զինվորականը հրամայել է թողնել բարձունքը։ Ըստ էության, բարձունքը նորից հանձնում են թշնամուն։ Խնդիրը այն է, որ չկա բացատրություն, թե ինչու է հետ հանձնվում։ Մենք էլի ունենք նման իրավիճակներ, երբ բարձրաստիճան զինվորականը զորքի մեջ խուճապ է տարածել և հանձնարարել է իր ենթակային, որ զորքի մեջ խուճապ տարածի կամ պայմաններ է ապահովել, որպեսզի հակառակորդը առանց որևէ բարդության գրավի տարածքներ, իսկ հետո, երբ փաստերը դրվում են, զինվորականն ընդունում է, որ մեղավոր է։ Բայց սա ամբողջ պատմությունը չէ։ Ինչո՞ւ են այս քայլերն արել։ Ոչ մի հանցագործություն բացահայտված չի մինչև շարժառիթը չի բացատրվել։
Օրինակ, եթե ինձանից փորձագիտական կարծիք հարցնեք, որը իրավաբանորեն որևէ նշանակություն չունի, ես կասեմ՝ հնարավո՞ր է նրանք ուրիշ երկրի գործակալներ են։ Ես անում եմ իմ վերլուծական հետևությունը»,- հայտարարել է Փաշինյանը։
Առնչվող հրապարակում- Միքայել Արզումանյանի հմուտ գործողությունների արդյունքում հայկական կողմի մարդկային կորուստները 2-3 անգամ կրճատվել են․ Փաստաբանը հերքում է մեղադրանքը
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: