ՀՀ ազգային ժողովը փակ գաղտնի քվեարկությամբ ապրիլի 11-ին համաձայնություն տվեց, որ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցվի: Փակ գաղտնի քվեարկությանը մասնակցել է 65 պատգամավոր, որոնք բոլորն էլ կողմ էին քվեարկել:

Հանրային քրեական հետապնդում հարուցելու միջնորդությունը, նկատենք, ապրիլի 10-ին ներկայացրել էր ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը:

Ըստ դատախազության միջնորդագրի, քրեական վարույթով ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ պատգամավոր Մհեր Սահակյանը փակ աշխատանքային քննարկման ժամանակ խուլիգանական դրդումներով, ցուցադրաբար հակադրվել է Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանին, դրսևորել է ագրեսիվ վարքագիծ: Վարդապետյանի ներկայացմամբ՝ նա ձեռքով հարվածել է սեղանին, ոտքի կանգնել, բղավելով դիտողություն արել հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանին, ապա աջ ձեռքով դիտավորությամբ հարվածել նրա դեմքի ձախ քունքային շրջանին:

Հարվածի հետևանքով հանձնաժողովի նախագահի առողջությանը պատճառվել է թեթև վնաս՝ առողջության կարճատև քայքայումով՝ ձախ վերհոնքային շրջանի պատռված վերքի, ձախ վերհոնքային, քթի մեջքի քերծվածքների, ձախ վերին և ստորին կոպերի արյունազեղումների ձևով: Նշվում է նաև, որ Վլադիմիր Վարդանյանի մարմնական վնասվածքները պատճառվել են բութ, կոշտ առարկայով, Մհեր Սահակյանը հրաժարվել է արյան մեջ թմրամիջոցի կամ ալկոհոլի առկայություն պարզելու համար նմուշ հանձնելուց:

Այսպիսով, ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա Մհեր Սահակյանի նկատմամբ որոշվել է հանրային քրեական հետապնդում հարուցել խուլիգանության (ՔՕ 297-րդ հոդված) և խուլիգանական դրդումներով մարմնական թեթև վնաս (171-րդ հոդվածի 2-րդ մաս 7-րդ կետ) պատճառելու համար:

Ինքը՝ Սահակյանը չի ընդունում մեղադրանքը և հայտարարում է, թե դիմել է անհրաժեշտ ինքնապաշտպանության՝ ընդգծելով, որ այդ պահին Վլադիմիր Վարդանյանը կտրուկ մոտեցել է դեպի իրեն և ինքն էլ փորձել է հարվածով կանխել հնարավոր հարվածը: Անհրաժեշտ ինքնապաշտպանության դիմելու մասին իր պնդումը պատգամավոր Մհեր Սահակյանն արեց նաև Ազգային ժողովի նիստում, հայտարարելով.  «Հարվածը եղել է և, եթե սահմանազանցվել է անհրաժեշտ պաշտպանությունը, ապա պատրաստ եմ պատասխան տալ հենց դրա համար, ընդհուպ մինչև ազատազրկում»։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest