Տեղի այսօրվա կրակոցներն ամենևին պատահական չեն: Դրանք ուղղորդված են Ռուսաստանից: Պատճառը շատ պարզ է: Հայաստանը պետք է արագացնի ՀԱՊԿ դիտորդների տեղակայման որոշումը: Ամեն օրը կարող է ևս 3-4 զոհ արժենալ:

Թվում է, թե ի՞նչ խնդիր է՝ հայերն այլևս չեն ընդդիմանում ՀԱՊԿ դիտորդների տեղակայմանը: Բայց այսօր ՔՊ ներկայացուցիչը խորհրդարանում հայտարարել է, թե «ՀԱՊԿ-ն պետք է գրանցի այն փաստը, որ օկուպացվել են Հայաստանի տարածքները, բայց մենք առայժմ դա չենք տեսնում»: Ադրբեջանցիները կրակում են, որպեսզի ռուսները գան ու կանգնեն հենց այսօրվա դիրքերում: Այսինքն, ադրբեջանցիների ավելի վաղ գրաված տարածքները մնան Ադրբեջանին:

Բայց այս կրակոցները մեկ այլ «առաքելություն» էլ ունեն՝ նրանք պետք է արձանագրեն ԵՄ դիտորդների անօգտակարությունը: Այսինքն, Հայաստանը պետք է ընդունի, որ ԵՄ դիտորդները որևէ կերպ չեն կարողանում կանխել էսկալացիան, չեն զգաստացնում Ադրբեջանին և, մի խոսքով, եղած-չեղած մի հաշիվ են: Փաստն այն է, որ ՀԱՊԿ-ն ուզում է գալ առանց Ադրբեջանի արարքներին քաղաքական գնահատական տալու: ՀԱՊԿ-ն ուզում է գալ, որպեսզի այստեղից դուրս մղի Ադրբեջանին:

Բայց Ռուսաստանը մեկ այլ բան հաշվի չի առնում: Նրան թվում է, թե Ադրբեջանը միայն իր խաղալիքն է՝ կուզի՝ կասի՝ ռմբակոծեք Հայաստանին, սպանեք նրա զինվորներին, չի ուզի՝ չի ասի: Բայց Ադրբեջանը պետություն է և ոչ թե ֆուտբոլի գնդակ: Ծայրահեղ դեպքում նա ֆուտբոլի գնդակ է ոչ միայն Ռուսաստանի ոտքի համար: Վաղը նրան կարող է օգտագործել ԵՄ-ն, ինչպես Ռուսաստանն էր օգտագործում: Եվ կասկած չկա, որ Ադրբեջանը մեծ հաճույքով կտշվի ի շահ Եվրամիության: Հայաստանը պնդում է, որ ՀԱՊԿ դիտորդների տեղակայման որոշման նախագիծը պետք է արտացոլի իրավիճակը:

Բայց Ռուսաստանը չի ուզում արձանագրել Հայաստանի տարածքների օկուպացումը, ինքն ուզում է, որ Հայաստանն այդ մասին ընդհանրապես զզրույց չբացի: Դրա համար անհրաժեշտ է, որ Ադրբեջանը սրի իրավիճակը, որ հայերը «խելքները գլուխները հավաքեն» ու սուսուփուս մուրան ՀԱՊԿ դիտորդների ներկայությունը Սյունիքի տարածաշրջանում:

Ոչ մի կասկած, որ ՀՀ իշխանությունները գիտեն այս սադրանքի իրական հեղինակին: Հարցն այն է, թե նրանք ինչ կարող են անել, 3 զոհերի կյանքն այլևս վերադարձնել չի կարող, իսկ մեր զինվորներն, ինչպես ասում են, «փողոցում թափված չեն», նրանք կոնկրետ կյանքեր են խիստ սահմանափակ բնակչությամբ ու սահմանափակ հնարավորությունների երկրում:

Մենք չգիտենք, թե ինչ պայմանավորվածություններ են կայացնում Հայաստանի իշխանությունները Եվրոպայի կամ Ռուսաստանի հետ, էսկալացիայից դատելով ռուսները դեռ դժգոհ են: Բայց պատահական չէ, որ ժամը 19:00-ի դրությամբ լարվածությունը Տեղ գյուղի մատույցներում նվազել է ու հաստատ պատճառն այն չէ, որ Ադրբեջանն արժանի հակահարված է ստացել: Այդ կողմերում նրանք քաղաքացիական բնակչություն չունեն և կարող են անընդհատ ռմբակոծել Տեղի դիրքերն ու գյուղն անմիջականորեն:

Էսկալացիան նվազել է, որպեսզի ռուսները որևէ ազդակ ստանան Հայաստանից, ինչպես այդ ազդակն ստացան 44-օրյա պատերազմի վերջին օրերին, երբ Փաշինյանը հայտարարեց, որ ռուսներին կանչելով ինքը կանխեց 25 հազար մարդու ոչնչացումը: Կարճ ասած, սա հայերի ու ադրբեջանցիների կռիվ չէ գոնե Տեղում, սա Եվրոպայի ու Ռուսաստանի կռիվ է, որտեղ Ադրբեջանը ներկայացնում է Ռուսաստանին:

Մհեր Արշակյան

 

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest