Երեխաները, ում հաջողվել է Ռուսաստանից վերադառնալ Ուկրաինա, պատմում են այն մասին, որ իրենց ծեծի են ենթարկել և պատժել Ռուսաստանի հիմնը երգելուց հրաժարվելու համար։
Տեղեկատվական հեռուստամարաթոնի եթերում այս մասին հայտնել է երեխայի իրավունքների հարցերով Ուկրաինայի նախագահի հանձնակատար Դարյա Գերասիմչուկը։ Նրա խոսքով, ռուսաֆիկացման շրջանակներում օկուպանտները երեխաներին հանում են ծնողների դեմ, ինչպես նաև ասում են, որ Ուկրաինայում իրենց ոչ ոք չի սպասում։
«Վերադարձած երեխաները ոչ մի լավ բան չեն ասում այնտեղ իրենց հետ կատարվածի մասին: Եվ ընդհանրապես, դա կախված է նրանց գտնվելու վայրից, քանի որ ինչ-որ մեկին նույնիսկ ծեծել են, շատ դժվար է նույնիսկ խոսել այդ մասին, քանի որ նրանք անընդհատ հիշում էին, որ իրենք ուկրաինացի են, քանի որ իրենք հրաժարվել են երգել Ռուսաստանի հիմնը, որ հրաժարվել են ոտքի կանգնել Ռուսաստանի հիմնի ժամանակ, որ հրաժարվել են ամեն առավոտ «Առաջ Ռուսաստան» երգելուց և այլն։ Դրա համար նրանց ծեծել են, պատժել, թույլ չեն տվել զբոսնել, ստիպել են գրել և վերաշարադրել որոշ ռուսերեն տեքստեր և այլն»,- ասել է Գերասիմչուկը:
Նա նշել է, որ որոշ երեխաների առևանգել են նրանց ծնողների սպանությունից հետո։ Մյուս դեպքերում երեխաներին «պոկել» են ընտանիքներից, ինչ-որ մեկին ֆիլտրման ժամանակ բաժանել են ծնողներից ու ասել, որ իրենց հարազատները լքել են իրենց, ուստի հիմա Ռուսաստանում խնամատար ընտանիքների են սպասում։ Նրանցից շատերը, որոնց հաջողվել է վերադրձնել, դուրս են բերվել օկուպացված տարածքներից՝ իբր ծնողների համաձայնությամբ։ Նա հավելեց, որ մարդիկ այս «կամավոր» համաձայնությունը տվել են կամ հուսահատությունից, կամ ծնողական իրավունքներից զրկելու սպառնալիքներից, գրում է ՈՒՆԻԱՆ-ը։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: