2020 թվականի արցախյան պատերազմի ընթացքում Հադրութում 73 զինծառայողից կազմված վաշտի զոհվելու հանգամանքների վերաբերյալ քրեական գործը դատարան է ուղարկվել դեռևս նախորդ տարվա հոկտեմբերին, սակայն մի քանի ամիս է՝ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը (Գորիսի նստավայր) չի կարողանում նիստ կազմակերպել:

Սկզբում դատական նիստերը հետաձգվում էին, քանի որ տուժողները, որոնք հիմնականում Երևանից ու երևանամերձ տարածքներից էին, չէին կարողանում հասնել Գորիս։ Սակայն այժմ այդ նիստերը հետաձգվում են Հայաստան-Արցախ միակ ճանապարհի փակ լինելու հետևանքով։ Այս գործով դատավորը Վահե Ջիվանյանն է, որը Արցախի Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղից է, և ճանապարհը փակ լինելու պատճառով չի կարողանում հասնել Գորիս։

«Մենք միջնորդություն ենք ներկայացրել, որ դատական նիստերը տեղափոխվեն Երևան, և կողմերը հնարավորություն ստանան իրացնել իրենց պաշտպանություն ստանալու իրավունքը», —Forrights.am-ին ասում է փաստաբան Անժելիկա Հակոբյանը, որը զինծառայողներ Տիգրան Շահբարյանի և Էդգար Տոնականյանի իրավահաջորդներ Տոնական Շահբարյանի և Գոռ Տոնականյանի ներկայացուցիչն է:

Հադրութում 73 հոգանոց վաշտի մահվան հանգամանքների վերաբերյալ քրեական գործը հարուցվել էր դեռևս 2021-ի սկզբին՝ զինծառայողների ծնողների պարբերական ակցիաների ու համառ ճնշման արդյունքում: 2021-ի գարնանը ծնողները տարբեր ակցիաներ էին կազմակերպում պետական կառույցների դիմաց ու պահանջում պատասխանատվության ենթարկել իրենց զավակներին մահվան հասցրած հրամանատարությանը և հատկապես Պաշտպանության բանակի հրամանատար Ջալալ Հարությունյանին:

Վերջինին, սակայն շրջանցեց այս քրեական գործը, և այժմ ամբաստանյալի աթոռին են հայտնվել Մարտունի 3-ի հրամանատար Գոռ Իշխանյանը և Նվեր Մարտիրոսյանը: Նրանք երկուսն էլ մեղադրվում են ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անփույթ վերաբերմունք ցուցաբերելու համար, ինչի հետևանքով անզգուշությամբ առաջացել են ծանր հետևանքներ: Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

«Անփութության մեղադրանքը մեզ համար մի քիչ շատ մեղմ է, դրանք դավաճաններ են, ի՞նչ անփութություն: Մենք ավելի խիստ մեղադրանք ու պատիժ ենք ուզում; Մեր երեխեքի գլուխը կերել են, դավաճանները պետք է պատժվեն ամենախիստ ձևով», — Forrights.am ասում է 73 հոգանոց վաշտի անդամ զինծառայող Էդուարդ Ղազարյանի հայրը՝ Ալեքսանդր Ղազարյանը:

Նա հետևողական է, որ դատական նիստերը կայանան, ասում է՝ պարբերաբար զանգահարում է դատավորի աշխատակազմ, խոսում օգնականի հետ։ «Ինձ դատավորի օգնականն ասել է, որ հեռակա դատ է լինելու, ու էդ ժամանակ կորոշեն ուղարկել գործը Երևան», -ասում է Ղազարյանը։ Սակայն դեռևս հարց է, թե ինչպե՞ս են քրեական գործի բազմաէջ հատորները տեղափոխվելու Հայաստան։

Փորձեցինք Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրից պարզել՝ արդյոք կայացել է այս գործով հեռավար դատական նիստ, որևէ որոշում կայացվել է, թե ոչ, սակայն մեզ պատասխանեցին, որ պետք է դիմել դատավոր Վահե Ջիվանյանի աշխատակազմ, որը գտնվում է Արցախում։ Այստեղ էլ մեր հեռախոսազանգերը մնացին անպատասխան։

Գոռ Իշխանյանը 73 զինծառայող կորցրած գնդի հրամանատարն է եղել, զոհված զինծառայողների ծնողներն ասում են՝ իրենց որդիների մահվան մեղավորներից մեկն է, քանի որ պատերազմի թեժ մարտերի ժամանակ զինվորներին հրաման է տվել՝ ստելով,  թե նրանց տանում են պահեստ, բայց «դիտավորյալ տարել են ու սպանել»։ «Ես վկա ունեմ, և նա լսել է Գոռ Իշխանյանի հրամանը, որը ռացիայով հրաման է տվել, խաբել, թե տանում են պահեստ…»,– ասում է պատերազմում զոհված Արտյոմ Կիրակոսյանի հայրը՝ Արթուր Կիրակոսյանը։

Գոռ Իշխանյանի փաստաբան Դավիթ Կարապետյանն ասում է՝ իրենք էլ սպասում են, որ դատական նիստերը վերջապես կայանան։ Ավելին, ասում է՝ կողմ են նաև, որ լուծվի ընդդատության հարցը, և քրեական գործի դատաքննությունը տեղափոխվի Երևան։

Ինչ վերաբերում է մեղադրանքին, փաստաբանն ասում է՝ զինվորականը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։

«Այս պահին դեռ ասելիք չունեմ, երբ գործն ըստ էության սկսի, ամեն ինչ կպարզվի, բայց իմ պաշտպանյալը չի ընդունում իրեն առաջադրած մեղադրանքը։ Բացի այդ, նկարագրված մեղադրանքի հետ, բացարձակ որևէ առնչություն չունի», -նշում է փաստաբանը։

Հարցին, թե չի կարծո՞ւմ որ հնարավոր է դատաքննության ինչ-որ պահի մեղադրյալների թիվն ավելանա, քանի որ զոհված զինծառայողների հարազատները պնդում են, որ այն,ինչ եղել է Հադրութում ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի հրամանով է եղել, փաստաբան Դավիթ Կարապետյանն արձագանքում է․ «Երբ դատաքննությունն սկսվի, ամեն ինչ հայտնի կդառնա, թույլ տվեք այս պահին հավելյալ ոչինչ չասել»։

Ավելի վաղ, նկատենք, մեզ հետ զրույցում Ալեքսանդր Ղազարյանը չէր բացառել, որ դատավարության ընթացքում ամբաստանյալների թիվը շատանա, «էլի մեղավորներ ջրի երես դուրս գան»:

«Ամբողջ հարցն այն է, որ հենց Ջալալ Հարությունյանն է հրամանը տվել, բայց արի ու տես՝ ինքը մեղադրյալ չի, մեղադրանք չկա իրա վրա էս գործով: Առաջին գումարտակը էդ տարածքից հետ է փախել, վաշտի հրամանատարը մեքենա է ուղարկել, որ դրանք հետ գան, բայց ինչի՞ են դրանից հետո 73 հոգու ուղարկել էդ տարածք, որը վաղուց թշնամուն է անցած եղել, ինչի՞ հիման վրա է Ջալալը նորից ուղարկում էդ երեխեքին», -ասել էր Ղազարյանը։

 

Հասմիկ Համբարձումյան

Հասմիկ Համբարձումյանը լրագրող է, լուսաբանում է դատա-իրավական ոլորտը: Անհանդուրժող է անարդարության ու մարդու իրավունքների խախտումների նկատմամբ: Լրագրողական 15 տարիների գործունեության ընթացքում մասնակցել է լրագրողական փոխանակման միջազգային տարբեր ծրագրերի, հաջողությամբ ավարտել Thomson Reuters Foundation-ի դասընթացը:

Pin It on Pinterest