«ՍՄՏ-ԲԵՍՏ» բժշկական պարագաների գործարանը, որի բացումը մեծ շուքով ու հանդիսավորությամբ տեղի է ունեցել 2021-ի մայիսին, մոտ մեկ տարի է՝ չի վճարում նախկին աշխատակիցների՝ փետրվար, մարտ և ապրիլ ամիսների աշխատավարձերը։ Նրանցից մեկը Սոսն է՝ ընտանիքում միակ աշխատողը։ Ընտանիքի հայրը դժբախտ պատահարից մահացել է, կինը ծանր հիվանդություն է ստացել, արդեն 20 տարի է՝ տառապում է այդ հիվանդությամբ։ Երկու տղաներին՝ Սուրենին, որը ծառայում է բանակում, և Սոսին տատիկն ու պապիկն են մեծացրել։ Մինչ օրս տան հոգսը տատիկի՝ տիկին Մարգոյի ուսերին է։ Ընտանիքն այս պահին մեկ եկամտի աղբյուր ունի՝ տիկին Մարգոյի թոշակը. այն գործարանը, որտեղ աշխատում էր Սոսը, ևս փակվել է.

«Սոսը դուրս եկավ, որովհետև գործարանը չէր աշխատում։ Որոշ ժամանակ անց գործարանը աշխատեց, բայց Սոսը այլ աշխատանք գտավ։ Հաշվապահի մոտ գրած, դրված է, չեն հերքում, որ գումար ունեն տալու։ Ամեն ամիս տվել են աշխատավարձերը, վերջին ամիսներին չեն տվել, երևի չեն ունեցել, բայց հիմա տեղեկություններ ունեմ, որ գործարանն աշխատում է, ով աշխատում է տալիս են, ով դուրս է եկել, չեն տալիս»,- Forrights.am-ին ասաց Սոսի տատիկը։

Սոսը միակը չէ. Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում 13 դիմում է ստացվել, որոնց հիման վրա հարուցվել է 13 վարչական վարույթ։ Ընդհանուր առմամբ Տեսչական մարմին դիմել է ընկերության 22 նախկին աշխատակից։

«Մենք խմբով դիմում-բողոք ենք գրել նոյեմբերի 11-ին։ Դեկտեմբերի 12-ին լսման ենք եղել, որտեղ հնչեցրել են՝ ինչքան գումար ունենք ստանալու, տեսչության պետը կարգադրագիր է կազմել, ուղարկել գործարան, որը հնգօրյա ժամկետում պարտավորեցնում էր վճարել գումարները, բայց մինչ օրս չենք ստացել։ Մարտի 1-ին 4 հոգով էլի տեսչական մարմին ենք գնացել, ասել են՝ պետը տեղում չէ, ժողովի է, բայց մենք գիտեինք, որ իրենք ներսում են, ուղղակի «ցրեցին»,-մեզ հետ զրույցում ասաց նախկին աշխատակից Աննա Միքայելյանը (անունը փոխված է)։

Ըստ նախկին աշխատակիցների՝ ընկերությունը աշխատավարձերի 30 տոկոսը փոխանցել է քարտերին, մնացած մասը առձեռն է տվել՝ այսպիսով խուսափելով հարկեր վճարելուց։ Երեք՝ փետրվար, մարտ և ապրիլ ամիսների աշխատավարձերի մի մասը կրկին փոխանցվել է քարտերին, իսկ մնացած մասն ու արտաժամերի գումարը մինչ օրս չի փոխանցվել աշխատակիցներին։

Եթե արտաժամերը չհաշվենք, Սոսի աշխատավարձը 115.000 է եղել։ Ընկերության՝ մեզ տրված տվյալով՝ Սոսը 2022թ. փետրվարին ստացել է 52.950 դրամ, մարտին՝ 49.100 դրամ, իսկ ապրիլին՝ 59.000 դրամ, ընդ որում՝ փոխանցումները նույն ամսում չեն կատարվել, օրինակ,  ապրիլի աշխատավարձը փոխանցվել է հուլիսին։

Վերջինն աշխատանքից ազատվել է հունիսի 15-ին, աշխատավարձ և վերջնահաշվարկ նրան տրվել է օգոստոսին՝ 105.640 դրամ, որը, սակայն, չի ծածկում ամբողջական վերջնահաշվարկը (օրինակ Սոսը ոչ մի անգամ արձակուրդ չի գնացել-հեղ․) և այն գումարը չէ, որ պարտք է գործարանն իրեն, հաշվապահությունից ասել են՝ դեռ ստանալիք գումար ունեն։

Տեսչական մարմնից մեր հարցմանն ի պատասխան՝ հաստատեցին՝ վերջիններս դիմում-բողոք ներկայացրել են, հարուցված վարչական վարույթների ընթացքում ուսումնասիրվել են յուրաքանչյուր քաղաքացու՝ դիմումներով մատնանշված հանգամանքները։ Արձանագրված աշխատանքային իրավունքի խախտումներից յուրաքանչյուրի համար արձակվել են համապատասխան Կարգադրագրեր, սակայն հարցին, թե ինչու՞ մինչ օրս չեն կատարվել Կարգադրագրերի պահանջները, պատասխանն անորոշ է։

«Տեսչական մարմինը դրսևորում է անհրաժեշտ հետևողականություն Կարգադրագրով տրված առաջադրանքների կատարումը պարզելու ուղղությամբ,-նշել է ՏՄ իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Էրիկ Աստվածատրյանը։

Տիկին Աննայի խոսքով՝ ոչ բոլորն են բողոքել, որովհետև գործարանից ասել են՝ թող չբողոքեն, թե չէ չեն ստանա գումարները։

«Ասում են՝ բոլորին տալու ենք չենք հրաժարվում, բայց ընդամենը փափուկ բարձ էին դնում մեր գլխի տակ, որ մնացածն էլ չգնան ու բողոքեն։ Արդյունքում ո՛չ բողոքողն է ստացել, ո՛չ էլ չբողոքողը։ Իրենք մեծ փորձ ունեն, որ աշխատեցնեն ու չվճարեն։ Տեսչականի պետը գործարանից ուղարկված նամակն է ինձ ցույց տալիս, որ մենք չենք հրաժարվում տալ գումարները, բայց գործարանում ճգնաժամային վիճակ է, հաշիվներին գումար չկա, խնդրում ենք չխափանել մեր աշխատանքը, բայց իրենք կարող են այդ հաշիվներից բացի նաև ուրիշ հաշիվներ ունենալ, որով կանեն իրենց գործարքները։ Տեղյակ ենք, որ աշխատում են, «ֆուռեր» են ուղարկում, աշխատավարձ են տալիս»,-ասաց տիկին Աննան։

Վերջինիս ֆիքսված աշխատավարձը մեկ ժամի համար 550 դրամ է եղել, աշխատել են օրը 8 ժամ՝ ներառյալ շաբաթ, երբեմն կիրակի օրերին ևս։ Պայմանագրով, սակայն, նշված է, որ պետք է շաբաթական 40 ժամից ոչ ավել աշխատել, իսկ արտաժամերի մասին ոչինչ նշված չէ, սա առիթ է տվել Տեսչական մարմնին ստանալիք գումարների վերահաշվարկ անել, ինչի արդյունքում, օրինակ, տիկին Աննան 68.000 դրամ պակաս է ստանալու։

Աշխատանքային պայմանագրի կրկնօրինակներն աշխատակիցների մոտ չեն, իսկ գործարանից ներս իրենց անգամ թույլ չեն տալիս մտնել, Տեսչական մարմնից էլ ասել են՝ եթե դատարան դիմեք, կտանք թղթերը։

«Պայմանագիրը կազմված է եղել՝ ըստ օրենքի, բայց մենք ավել ենք աշխատել, արտաժամերը չեն հաշվել, այնպես են արել, որ գործարանում իբր արտաժամյա չենք աշխատել։ Մատնահետքով ենք մտել, դուրս եկել, ասում են սարքը փչացել է, դա լիքը կասկածի տեղիք տվեց ինձ համար, որ Տեսչականի աշխատողները կաշառվել են, որովհետև հնարավոր չէ՝ դու այդտեղից շահ չունենաս ու այդ գործը քնեցնես, եթե օրենքով է, մենք օրենքով պետք է վաղուց ստացած լինեինք մեր գումարները։ Օրենքը միայն գումար կրճատելու վրա՞ է գործում, բա աշխատողի իրավունքներն ո՞վ պիտի պաշտպանի»,-ասաց տիկին Աննան։

Աշխատակիցներից տեղեկացանք, որ գործարանի ժամանակավոր պաշտոնակատարը Գագիկ Մկրտչյանն է։ Վերջինս հեռախոսազրույցի ընթացքում ժարգոնային բառապաշարով և կոշտ տոնով մեզանից պահանջեց տեղեկատվության աղբյուր բացահայտել՝ ով է տվել իր հեռախոսահամարը։ Նա նաև հերքեց գործարանի ժ/պ լինելու փաստը ու չհստակեցրեց՝ այդ դեպքում ով է ինքը։

Ավելի ուշ տեղեկացանք, որ այդ գործարանի ղեկավարն է Սեպուհ Մխչյանը։ Վերջինիս հետ կապվել չի հաջողվում, քանի որ ամեն անգամ տեղակալն է զանգերին պատասխանում և հայտնում, թե տնօրենը տեղում չէ։

Ավելի ուշ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը մեր արդեն երկրորդ հարցմանն ի պատասխան ասացին՝ Տեսչական մարմնի ղեկավարի հրամաններով հարուցվել են վարչական վարույթներ, որոնց շրջանակներում պարզվել է, որ Ընկերությունը չի կատարել Կարգադրագրերով տրված առաջադրանքները, այն է՝ նախկին աշխատողներին չեն վճարվել պակաս հաշվարկված աշխատավարձերը։

«Վարույթների ընթացքում Ընկերությունից Տեսչական մարմնին գրությամբ հայտնել են, որ պարտավորվում են առաջնահերթ կարգով կատարել Կարգադրագրով Ընկերությանը տրված առաջադրանքները մինչև 2023 թվականի ապրիլի 10-ը։ Միաժամանակ՝ Տեսչական մարմինը Ընկերություից պահանջել է մինչև 2023թ. ապրիլի 10-ը, Կարգադրագրերով տրված առաջադրանքների կատարման վերաբերյալ Տեսչական մարմնին ներկայացնել գրավոր տեղեկատվություն»,-նշված է հարցման պատասխանի մեջ։

Համաձայն «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի՝ եթե գործողությունը չի իրականացվել, ապա պարտավոր անձի նկատմամբ կարող է նշանակվել տուգանք նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև հինգհարյուրապատիկի չափով։

 

Քնարիկ Վարդանյան

 

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest