Ապրիլի 4-ին ադրբեջանական կողմը թույլ չի տվել Լաչինի միջանցքով անցնել Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի ավտոմեքենաներին, որոնք տեղափոխում էին շրջափակման հետևանքով Հայաստանում մնացած Արցախի քաղաքացիներին: Ադրբեջանական կողմը կանգնեցրել է մեքենաները և 5 ժամ շարունակ հոգեբանական ահաբեկման ենթարկել դրանցում գտնվողներին՝ հիմնականում կանանց, երեխաներին և տարեց մարդկանց: 4 կին վատացել է, եւ այստեղ սկսում է ամենահետաքրքիրը։

Ինչպես հայտնի է դարձել, ռուս խաղաղապահները, «երկարատեւ բանակցություններից» հետո կանչել են․․․ադրբեջանական շտապ օգնությունը Շուշիից, որոնք քիչ էր մնում անօգնական հայ կանանց տանեն ուղիղ Շուշի։ Ռուսները չգիտես ինչու շտապ օգնություն չեն կանչել Ստեփանակերտից, եւ ամեն ինչ արել են, որպեսզի ադրբեջանական «հոգատար» բժիշկներն հայտնվեն Ստեփանակերտի հիվանդանոցում։

Հայաստանի իշխանությունները արձագանքել են այս աղաղակող միջադեպին թքելով եւ ՄԻՊ ընդդիմադիր թեկնածուի ականջները կտրելու սպառնալիոքով։

Արցախի ԱԳՆ հայտարարության մեջ եւս մատնացույց չի արվում ռուս խաղաղապահների նենգ պահվածքը։

«Համապատասխան մանդատ և գործիքակազմ ունեցող ՄԱԿ ԱԽ կողմից անհետաձգելի և վճռական միջոցների ձեռնարկումը բացարձակ անհրաժեշտություն է ապօրինի շրջափակման անհապաղ դադարեցման և միջազգային հանրության աչքի առաջ Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի շարունակվող հանցագործությունների կանխման համար», ասված է միայն Արցախի ԱԳՆ հայտատարության մեջ։

Հայաստանի ԱԳՆ-ը չի արձագանքել ռուսական զինվորների մեկ այլ՝ արդեն ՀՀ «ինքնիշխան տարածքում» կատարածին։

Հիշեցնենք, որ մարտի 30-ին՝ Լաչինի միջանցքի երթուղու փոփոխությամբ պայմանավորված, ռուս զինվորները տեղափոխել են իրենց դիրքերը Սյունիքի մարզի Տեղ գյուղից դեպի Կորնիձոր։ Դրանից հետո այդ նույն տեղում հայտնվել են ադրբեջանական զորքերը, որոնք միանգամից սկսել են խրամատավորվել, զավթելով հայկական հողեր։ Դրանից առաջ՝ մարտի 5-ին ադրբեջանական ուժերը հարձակվել են Արցախի ոստիկանական ավտոմեքենայի վրա եւ սպանել երեք հայ ոստիկանների։ Իսկ մի քանի օր հետո Ակնայի ռուս-թուրքական «մոնիտորինգային» կենտրոնի անոդաչուների «նավոդկայով» ադրբեջանցիները առաջ են տարել իրենց դիրքերը Շուշիի շրջանում։

Արցախի պետնախարարն արդեն հայտարարել է, որ Արցախի քաղաքացիներն այլեւս Հայաստան կարող են գալ միայն խիստ անհրաժեշտության դեպքում։ Այդ հայտարարությունը վկայում է, որ ռուս զինվորների երաշխիքներն Արցախում այլեւս վստահելի չեն համարում։ Սակայն Ստեփանակերտը չի դիմում պատասխանատու ատյաններին՝ միջազգային խաղաղապահ զորախումբ ուղարկելու կոչով, ըստ երեւույթին, հարմարվելով ստեղծված իրավիճակին։

Իսկ ռուս-ադրբեջանական «հատուկ գործողությունների» արդյունքն արդեն ակնհայտ է․ Հայաստանը Արցախին կապող գրունտային ճանապարհը փակվեց, Լաչինի միջանցքը փակվել է ոչ միայն Շուշիի, այլեւ Տեղ գյուղի կողմից։ ռուսները փայլուն կատարեցին Արցախը Հայաստանից կտրելու իրենց պարտականությունը։

Արցախն ու Զանգեզուրը Ադրբեջանին «ինտեգրելու» համար մնում է մի քանի տեխնիկական քայլ։

Կարելի է կանխատեսել, որ միջանցքի վերջնական փակումից հետո՝ «հումանիտար» քողի եւ ռուսական «բարձր հովանո» ներքո շուտով Արցախում եւ Սյունիքում կհայտնվեն ադրբեջանական բենզին, դեղորայք, սննունդ, «մասնագետներ»։

Ո՞վ է աշխարհում դեմ լինելու «հումանիստ» ադրբեջանցիների քայլերին եւ ռուսների խաղաղ երաշխիքներին, եթե հայերը դեմ չեն։

Նաիրա Հայրումյան

 

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest