Ապրիլի 4-ի ուշ երեկոյան Գորիսից Ստեփանակերտ մեկնող 27 քաղաքացիներից մեկը, որը հինգ ժամ շրջափակման մեջ էր մնացել Լաչինի միջանցքում, իսկ հետո ստիպված ադրբեջանական մեքենայով հասել Ստեփանակարետ, միջադեպից մանրամասներ է ներկայացնում։ «Մենք ռուսների ուղեկցությամբ էինք գնում, մեզ կանգնեցրեցին, ստուգեցին, մնացինք ավտոյի մեջ, հետո էլ եկան ասեցին, որ հետ ենք գնում Գորիս, բայց մենք սպասեցինք հինգ ժամ»,-ասաց Արմինե Աբրահամյանը։

Արմինե Աբրահամյանն այն երեք քաղաքացիներից մեկն է, որը ուշաթափվել էր ադրբեջանցիների հոգեբանական ճնշումներից։

«Արթնացա թուրքերն արդեն մեզ մոտ էին, շտապօգնություն էր եկել, ճնշում չափեցին, դեղեր տվեցին, բայց չխեցինք իրենց տված դեղերը, իրենց շտապօգնության մեքենայով մեզ բերեցին Ստեփանակերտ»,-ասաց նա։

Արմինե Աբրահամյանը Հայաստան էր եկել «Եռաբլուր»-ում որդու շիրմին այցի և արդեն մի քանի ամիս է՝ չէր կարողանում վերադառնալ Արցախ։ Լաչինի միջանցքում ադրբեջանցիներն արգելել են ռուս խաղաղապահներին ինքնազգացողությունը վատացած կանանց Ստեփանակերտ տեղափոխել՝ պահանջելով հիվանդներին տանել Շուշի, սակայն երբ քաղաքացիները դեմ են արտահայտվել, ադրբեջանցիները համաձայնել են նրանց Ստեփանակերտ տեղափոխել, բայց միայն իրենց շտապօգնության մեքենայով։

«Իմացանք, որ մեզ Շուշի պետք է տանեին հիստերիայի մեջ ընկա, գոռացի, ասեցի՝ ոչ մի Շուշի էլ չենք գնում, իրենք էլ ասեցին՝ չեք ուզում, կտանենք Ստեփանակերտ։ Ես զոհվածի մայր եմ, որ իրենք իմանային այդ մասին ինչ կանեին ինձ հետ Շուշիում։ Իմ աչքին միայն դա էր գալիս»,-ասաց նա։

Տիկին Արմինեն պատմեց, որ ադրբեջանցի բժիշկը, որը փորձել է իրեն առաջին բուժօգնություն ցուցաբերել, զուգահեռ նաև ադրբեջանցիների՝ Գյումրի հասնելու մասին ակնարկներ է արել։«Ես էլ չէի պատասխանում, վախից մեռնում էի»,-նշեց նա։

Հիշեցնենք, ապրիլի 4-ին Արցախի Հանրապետության 27 քաղաքացիներ, որոնց թվում եղել են կանայք, տարեցներ և երեխաներ, 115 օր իրենց հարազատներից հեռու ապրելուց հետո ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Գորիսից մեկնել են Ստեփանակերտ՝ ընտանիքների հետ վերամիավորվելու նպատակով, սակայն չի հաջողվել։ Կեղծ էկոակտիվիստները նախապայման են ներկայացրել․ եթե Ստեփանակերտ մուտքի հնարավորություն են ուզում, ապա պետք է Ադրբեջանի քաղաքացիություն ընդունեն։ Այս մասին ահազանգել է Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը։

«Ադրբեջանցիներն ահաբեկել են մեքենաներում գտնվող մարդկանց՝ ներխուժելով մեքենաներից մեկը և սպառնալիքներ հնչեցրել։ Արցախ մուտք գործելու համար առաջ են քաշվել նախապայմաններ՝ «ընդունել Ադրբեջանի քաղաքացիություն»,-գրել է Բեգլարյանը։

Այսօր տեղի ունեցած Հայաստանի Կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախօրեին Լաչինի միջանցքում տեղի ունեցածն ընդամենն «աղաղակող միջադեպ» որակեց։

«Տեղի է ունեցել հերթական աղաղակող միջադեպը, երբ Լեռնային Ղարաբաղի մի խումբ բնակիչների, որոնք Գորիսից ուղևորվելիս են եղել Ստեփանակերտ, կրկին թույլ չի տրվել վերադառնալ իրենց տներ»,-ասաց նա։

Արցախցիների ահաբեկումներին, Ադրբեջանի քաղաքացիություն ընդունելու պարտադրանքներին Փաշինյանի այս գնահատականից այն կողմ՝ պաշտոնական Երևանը որևէ կերպ չի դատապարտել հակառակորդի գործողությունները։ Արարատ Միրզոյանի ղեկավարած արտաքին քաղաքական գերատեսչությունն արդեն երեք օր է՝ լռում է, իսկ կառույցի մամուլի խոսնակը հեռախոսազանգերի չի պատասխանում։

Նարեկ Կիրակոսյան

Pin It on Pinterest