Երեկ Մարդու իրավունքերի պաշտպանի թեկնածուն ընտրվեց մի նիստի ընթացքում, որտեղ հնչում էին վիրավորանքներ, սպառնալիքներ, փողոցային բառապաշարից ընտրված բառեր ու բացակայում էր մարդու նկատմամբ ցուցաբերվող ամենատարրական ժեստը՝ հարգանքը։ ԱԺ գլխադասային հանձնաժողովը ՄԻՊ-ի՝ երեքամսյա բացակայությունից հետո, քննարկում էր Օմբուդսմենի նոր թեկնածուի հարցը, հավակնորդները Էդգար Ղազարյանն էին ու Անահիտ Մանասյանը։ Համապատասխանաբար առաջադրված ընդդիմադիր և իշխանական խմբակցությունների կողմից։
Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող Ղազարյանի թեկնածության քննարկման ժամանակ բովանդակությունը բացակայում էր։ Քաղաքացիները չհասկացան՝ ավելի ճիշտ չլսեցին, թե Ղազարյանը, եթե դառնա ՄԻՊ, ապա ինչպես է իրենց իրավունքերը պաշտպանելու։ Բովանդակային քննարկումը վերածվեց «ռազբորկայի»։
Ամեն ինչ սկսվեց այն բանից, երբ Ղազարյանը իր ելույթում հայտարարեց, թե «ՔՊ-ի կողմից ՄԻՊ պաշտոնում առաջադրված թեկնածուն չի համապատասխանում ՀՀ Սահմանադրությանը», ինչին արձագանքեցին ՔՊ-ականները ու տապալվեց ամբողջ նիստը։
ՔՊ-ն նիստին ներկայացել էր լայն կազմով՝ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի «հրամանատրությամբ», պարբերաբար նաև օժանդակ «ուժեր» էին ժամանում։ Ոչ միայն Մարդու իրավունքերի և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամներն էին ներկա, այլ նաև այլ ՔՊ-ականների, որոնց որևէ անգամ չենք տեսնում այլ հանձնաժողովների նիստերին։ Ակնհայտ էր, որ ՔՊ-ն հատուկ օպերացիայով էր ներկայացել, իսկ նրանց դիմակայում էին «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանն ու թեկնածու Ղազարյանը։ Այլ ընդդիմադիրներ չկային։ Թովմասյանն էլ հակված չէր Ղազարյանին սաստել կամ պաշտպանել։ Պարբերաբար հանդարտության կոչեր էր անում, որը չէր էլ լսվում։
Էդգար Ղազարյանը ելույթը շարունակեց Նիկոլ Փաշինյանին ու նրա թիմակիցներին «հանցավոր ռեժիմ» անվանելով, հետո ասաց, որ «ԱԺ-ն ղեկավարվում է խուլիգանական վարքագիծ դրսևորող մարդկանց կողմից»։ Այս ընթացքում Արթուր Հավհաննիսյանն արդեն հասցրել էր «մատը թափ տալ» ու ասել «համը չհանես, խելոք նստի, ուրիշ բաներ լսեմ, չփոշմանես»։
Իրավիճակը գնալով թեժացավ, ՔՊ-ականները տրվում էին Էդգար Ղազարյանի սադրանքերին, իսկ Ղազարյանը գրեթե առանց արձագանքելու լսում էր իշխանականների սպառնալիքներն ու վիրավորանքները, երբ նրանք հանդարտվում էին ՄԻՊ թեկնածուն կրկին «կրակի վրա յուղ էր լցնում»։ Արթուր Հավհաննիսյանը բացահայտ սպառնալիքներով խոստացավ Էդգար Ղազարյանի «լեզուն ու ականջները կտրել», երբ վերջինս հայտարարեց, թե «երկրում ծանր իրավիճակ է 2018 թվականին տեղի ունեցած ադրբեջանաթուրքական հեղափոխության հետեւանքով»։
«Դու պետք է հրապարակային ներողություն խնդրես, դու ո՞վ ես, արա, որ նման բան ասես։ Հերիք չի նոյեմբերի 9-ից հետո հրապարակներում անվանարկում էիք, հետո մտաք մկան ծակերը, նայի դու էլ չմտնես մկան ծակերը»,- ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։
«Մկան ծակ ասելով՝ դուք նկատի ունեք նոյեմբերի 9-ին այնտեղ գտնվողի՞ն։ Ես խնդրում եմ կանխել կենսաբանական մեծամասնության կողմից իմ նկատմամբ իրականացվող խուլիգանական վարքագծի դրսեւորումները»,- արձագանքեց Ղազարյանը։
«Լո՞ւրջ ես ասում, այ տղա, չխառնես, արա։ Ով փորձի ժողովրդին անվանել ադրբեջանաթուրքական խումբ, լեզուն կկտրենք, ականջներն էլ հետը»,- ասաց Հովհաննիսյանը։
Այս սպառնալիքների ու էժանագին մթնոլորտի ֆոնին հանձնաժողովի նիստերի դահլիճի հսկողության անցան ԱԱԾ ծառայողները, որոնք, ըստ էության, եկան, որ ներկաները փողոցային բառապաշարից չանցնեն նույն ոճի գործողությունների։
Այուհանդերձ, կրկերը գնալով թեժանում էին։ ՔՊ-ականները որոշեցին լքել նիստերի դահլիճը, որպեսզի Ղազարյանը ելույթ ունենա և հեռանա։ ՄԻՊ-ի՝ ընդդիմության թեկնածուն սա համարեց իր հաղթանակը․ «Սիրելի հայրենակիցներ, ինձ հաջողվեց անել այն, ինչը երազում էր մեր ժողովուրդը՝ ԱԺ-ից վռնդել իշխանական ամբողջ թիմին միանգամից, մի փաթեթով և դա տեղի ունեցավ ընդամենը 20 րոպեի ընթացքում»։
Էդգար Ղազարյանի ելույթից հետո ՔՊ-ականները նիստերի դահլիճ վերադարձան ԱԺ կանոնակարգ-սահմանադրական օրենքը տապալելու վճռականությամբ։ Նրանք առաջարկում էին Էդգար Ղազարյանի թեկնածությունը դնել քվերակության, որպեսզի նա մերժվի ու հեռանա։ Սակայն, օրենքի կոպիտ խախտումը կանխեց ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի ՔՊ-ական նախագահ Վլադիմիր Վարդանյանը՝ շեշտելով, որ քվեարկությունը տեղի է ունենալու երկու թեկնածուներին լսելուց հետո։ Այս դրվագը, հավանաբար, լեզու և ականջ կտրելու սպառնալիքների կողքին, ստվերվեց։ Ի դեպ, Վարդանյանն այդ նիստի ընթացքում միակ կառուցողական մոտեցումներ առաջարկող ՔՊ-ականն էր։
Էդգար Ղազարյանի թեկնածության հարցը քննարկելուց հետո ժամանեց իշխանության թեկնածու Անահիտ Մանասյանը։ Նիստի այս հատվածն անցավ հանդարտ մթնոլորտում։ ՔՊ-ականները, որոնք եկել էին Էդգար Ղազարյանի դեմ օպերացիային մասնակցելու համար՝ հեռացան։ Մյուսները մի քանի հարց տվեցին, կողմ քվեարկեցին Մանասյանի թեկնածության հաստատմանը և նիստն ավարտվեց։
Անահիտ Մանասյանը մի քանի հայտարարություններ արեց, որ ՄԻՊ է դառնում համընդհանուր հանդուրժողականություն հստատելու համար, Հայաստանում քաղբանտարկյալներ չկան և զինդատախազությունն ամեն ինչ անում է, որ Ազատի հրդեհի ողբերգական դեպքը բացահայտելու համար։
Հավակնոտ խոստումներով ՄԻՊ-ի պաշտոնին ձգտող Մանասյանը, սակայն, հրաժարվեց հանրային հնչեղության մեկ այլ միջադեպի գնահատական տալ։ Խոսքը Ալեն Սիմոնյանի՝ դաշնակցական Կարեն Մկրտչյանի վրա թքելու տեղեկության մասին է։ Մանասյանը ՄԻՊ է դառնում դատախազի մտածելակերպով, նրան լրացուցիչ փաստեր են պետք, որ հավատա՝ իսկապես, մի քանի օրից իրեն կողմ քվեարկող Ալեն Սիմոնյանը, թքե՞լ է քաղաքացու դեմքին, թե՝ ոչ։
Նիստից հետո էլ Էդգար Ղազարյանից հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ իր իսկ ձեռքով տապալեց իր թեկնածության հարցի քննարկումը՝ բովանդակային ելույթի փոխարեն քաղաքական հայտարարություններ անելով։ Նրա պատասխանը, սակայն, այն մասին էր, որ ինքը մեղքի որևէ բաժին չունի։
Առաջիկա լիագումար նիստի ընթացքում ԱԺ-ն կքննարկի Անահիտ Մանասյանին ՄԻՊ ընտրելու հարցը։ ՔՊ-ի ձայները բավարար են Մանասյանին դատախազությունից ՄԻՊ տեղափոխելու համար։
Նարեկ Կիրակոսյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: