Երեկ ռուս խաղաղապահները փորձել են Հայաստանի Գորիս քաղաքից Արցախ տեղափոխել 27 քաղաքացիների, ներառյալ՝ երեխաներ, կանայք ու տարեցներ, սակայն Գորիս-Ստեփանակերտ մայրուղու արգելափակված հատվածում ադրբեջանցի «էկոակտիվիստները» արգելել են տրանսպորտային միջոցների երթևեկությունը, հաղորդում է Արցախի ներքին գործերի նախարարությունը:
Տեղում ադրբեջանցիների միջամտության պատճառով վատացել է չորս կանանց ինքնազգացողությունը, ռուս խաղաղապահներն ապահովել են շտապ օգնության մեքենայի ժամանումը, և չորս քաղաքացիները տեղափոխվել են Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոն: Բոլորին ցուցաբերվել է պատշաճ առաջին օգնություն, և նրանք գտնվում են բժիշկների հսկողության տակ։ Կանանց կյանքին վտանգ չի սպառնում:
Արցախի մարդու իրավունքների պաշտպանը, իր հերթին, գիշերը հաղորդել է. — «Մի քանի ամիս ընտանիքներից բաժանված թվով 27 քաղաքացիական անձինք՝ այդ թվում տարեցներ, երեխաներ և հաշմանդամություն ունեցող անձինք, ռուսական կողմի հետ ձեռք բերված համաձայնությամբ և ռուսական խաղաղապահների ուղեկցությամբ ապրիլի 4-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության Գորիս քաղաքից ուղևորվել են դեպի Ստեփանակերտ:
Չնայած վերադարձի վերաբերյալ նախնական ձեռք բերված պայմանավորվածության՝ Շուշիի հատվածում՝ Գորիս-Ստեփանակերտ մայրուղու արգելափակված մասում, «էկոակտիվիստ» ձևացող ադրբեջանական կառավարական գործակալները արգելափակել են քաղաքացիական անձանց տեղափոխող ռուսական խաղաղապահ ուժերի մեքենաների անցումը։ Դրա հետևանքով քաղաքացիները այդ հատվածում են մնացել շուրջ 5 ժամ։ Ռուսական կողմի և ադրբեջանցիների միջև անարդյունք բանակցություններից հետո մեքենաները այժմ վերադառնում են Գորիս»։
Ըստ տեղեկությունների՝ որոշ ադրբեջանցիներ նույնիսկ ներխուժել են սպասող մեքենաներից մեկը, նշում է Արցախի օմբուդսմենը:
«Սպասման ու բանակցությունների ընթացքում քաղաքացիական անձանցից 4-ի ինքնազգացողությունը վատացել է, նրանցից 3-ը ուշաթափվել են։ Ռուսական խաղաղապահների ուղեկցությամբ նրանք տեղափոխվել են Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոն։ Մյուս քաղաքացիական անձինք՝ թվով 23 հոգի, հետ վերադառնում են Գորիս», — ասված է հաղորդագրությունում:
«Արցախը Հայաստանին կապող ճանապարհը բաց լինելու մասին պարբերաբար հայտարարող Ադրբեջանը այսօր բացահայտորեն արգելել է արցախցիների մուտքը իրենց բնակավայր: Ադրբեջանը լրիվ հակառակ մոտեցումն է ցուցաբերում Արցախից Հայաստան մեկնողների մասով, ինչն ուղղակիորեն փաստում է Արցախից հայերին հեռացնելու նրանց հանցավոր վարքագիծն ու մտադրությունը», — իր հերթին, գրել է Արցախի պետնախարարը:
Ադրբեջանական կողմը, մինչդեռ, գիշերը հաղորդել է միայն, թե ռուսաստանցի խաղաղապահները դիմել են «Ղարաբաղի հայ բնակիչներին բուժօգնություն ցուցաբերելու համար», նրանց խնդրանքով «ժամանել է Շուշի քաղաքի շտապօգնության բրիգադ», որն առաջին օգնություն է ցուցաբերել, ապա «շտապ բուժօգնությունը բուժառուներին հասցրել է հիվանդանոց» Ստեփանակերտում:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: