Գեղարքունիքի Ազատ գյուղի զինվորական կացարանում 15 զինծառայողների մահվան ելքով հրդեհի վերաբերյալ քննությունը կարևոր է՝ օրինականության իրավական սկզբունքների պահպանմամբ իրականացվի։ Այդ մասին այսօր Ազգային ժողովի մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում իր թեկնածության հարցի քննարկման ժամանակ հայտարարել է ՄԻՊ իշխանական թեկնածու Անահիտ Մանասյանը՝ պատասխանելով հրդեհի վերաբերյալ քրեական գործի նախաքննության մասին պատգամավոր Թագուհի Թովմասյանի հարցին։
«Ես անկեղծ կլինեմ՝ առանց հիմքերի չեմ կարող ոչ բավարար կամ ոչ պատշաճ համարել գործընկերների աշխատանքը, որոնք այս փուլում այդ գործերի քննությամբ են զբաղվում։ Կարծում եմ, որ եթե կան կոնկրետ հիմքեր համարելու համար, որ որևէ գործընթաց որևէ կերպ չի իրականացվում օրենքով սահմանված շրջանակներում, չեն կատարվում անհրաժեշտ բոլոր գործողությունները, այդ ամենը պարզապես պետք է փաստագրել», -հայտարարել է Մանասյանը։
Նա ասել է, որ կատարյալ համակարգեր գոյություն չունեն, հետևաբար պետք է աշխատել միասին, որ դրանք զարգանան;
«Եթե տեսել եք գործերի քննության առումով որևէ խնդիր, դրանք պետք է արձանագրվեն, ներկայացվեն։ Եթե միասին լուծումներ գտնենք, հիանալի կլինի։ Բայց կարող եմ ասել, որ գլխավոր դատախազություն զինվորական դատախազը և մնացյալ այլ պաշտոնատար անձինք ամենօրյա քրտնաջան աշխատանք են իրականացնում», -հավելել է ՄԻՊ թեկնածուն։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: