Երևանը կարծես թե վատ է անդրադառնում Հայաստանի Հանրապետության առողջության վրա: Այստեղ անվտանգ կյանքը թույլ չի տալիս ամբողջ ցավով ընկալել, ասենք, Տեղ գյուղի գյուղացիների սեփականաշնորհված վարելահողերի օկուպացումը ադրբեջանական բանակի կողմից:
Սուրեն Պապիկյանին ատոմային ռումբի սպառնալիքի տակ ոչ մեկը չի կարող ուղարկել Տեղ գյուղ տուն առնելու, որովհետև ՀՀ Պաշտպանության նախարարն այսօր արդեն տեսնում է, որ էդ գյուղն էսօր կա, վաղը չկա: Սերժ Սարգսյանն ընդհանրապես ձեն ձուն չի հանում իր ծննդավայրում ստեղծված վիճակի կապակցությամբ: Մինչդեռ այնպես չէ, որ իր ոտքերն ամպոտ են այս առումով:
Ի՞նչ է կատարվում Հայաստանի հետ:
Հայաստանը կորցրել է քաղաքական և հասարակական ամբողջ դիմադրողականությունը: Ժամկետային զինծառայող Պալյան Պողոսյանը կես տարի առաջ մահացել է ծառայության վայրում, մինչև հիմա ՊՆ-ն չի կարողանում ասել, թե դա ո՞նց է պատահել, ո՞վ է մեղավոր ոսկու գին ունեցող հայաստանցի զինվորի մահվան համար: Փոխարենը Հայաստանն ասում է՝ այնպես անենք, որ չզայրացնենք ադրբեջանցիներին, չասենք, որ Ղարաբաղը պետք է լինի անկախ և այլն: Բայց մարդիկ առանց զայրանալու էլ առաջանում են մեր հողերի վրա, առանց նույնիսկ մեզ հաշիվ տալու, թե ինչու են մտել Տեղ գյուղ:
Նրանք Հայաստանը տորթի կտորների պես են վերցնում առանց ագահության, համբերատար, նույնիսկ առանց կենացներ ասելու: Իրենց լրատվամիջոցներից դատելով՝ նույնիսկ ցնծության նշաններ չկան: Ադրբեջանը գտել է իր երազանքների Հայաստանը: Դա վախեցած Հայաստանն է: Դա այն Հայաստանն է, որը վախից նույնիսկ իր ներքին խնդիրներից է փախչում, դա այն Հայաստանն է, որը կամաց-կամաց նմանվում է նախկին իշխանություններին, որոնց Ադրբեջանը պատերազմի դաշտում չկարողացավ հաղթել:
Կարելի է կարծել, որ Հայաստանը հիմա վարվում է նույն ձևով, ինչպես ժամանակին արեց Ադրբեջանը՝ ծով համբերությամբ սպասել ավելի լավ օրվան: Այստեղ լույսի որոշակի նշույլ կա, որովհետև Ադրբեջանին այդ ծով համբերությունը հերիքեց այդպես էլ չդադարելով լինել բռնապետություն: Բայց այդ բռնապետությունը նա ամբողջ աշխարհին կերցրեց նավթով: Մենք ինչո՞վ ենք կերցնելու մեր ժողովրդավարությունը: Սրա պատասխանն էլ կա:
Մենք այլևս պատերազմ չենք ուզում, պարտությունը ոչնչացրել է մեր դիմադրողականությունը հավանաբար մի քանի սերունդ: Մենք խաղաղություն ենք ուզում: Բայց խաղաղությունն ուզելով չէ, այն պարտադրելով է, իսկ այսօր այդ խաղաղությունը կարող է պարտադրել Ադրբեջանը: Ինչը և անում է: Վաղը նա գուցե Խնձորեսկ մտնի, մյուս օրը՝ Կոռնիձոր: Որովհետև, ըստ էության, ի՞նչ է անում նա՝ նա խաղաղություն է պարտադրում: Նա խաղաղություն չի ուզում: Հետևաբար մեր իշխանությունը ինչի՞ մասին պիտի մտածի՝ ոչ թե խաղաղություն ուզելու, այլ խաղաղություն պարտադրելու մասին: Դա կարելի է անել նաև առանց պատերազմելու:
Մհեր Արշակյան