Forrights.am-ի հարցազրույցը միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանի հետ
-Պարոն Ղազարյան, Հայաստանի Սահմանադրական դատարանը որոշել է, որ Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը կամ Հռոմի ստատուտը համապատասխանում է Հայաստանի Սահմանադրությանը։ Սա ի՞նչ է նշանակում Հայաստանի համար։
-Առայժմ՝ ոչինչ։ Հարցը դեռ իրավական հարթության վրա։ Քաղաքական հարթություն էլ կա։ Եթե կառավարությունը որոշեց նախագիծը ուղարկել Ազգային ժողով, արդեն կարող է քաղաքական գործընթաց սկսել։ Բայց առայժմ իրավական գործընթաց է և չունի հետևանք․ եթե պետության ղեկավարը ստորագրում է միջազգային որևէ կոնվենցիային միանալու փաստաթուղթ, ապա դա ի վերջո, պետք է վավերացվի Ազգային ժողովի կողմից, իսկ մինչև վավերացնելը ՍԴ-ն պետք է իր կարծիքը հայտնի այդ փաստաթղթի վերաբերյալ։
1999 թվականից սկսված այդ գործընթացը, թերևս 2004-ին ավարտվել էր։ Բայց կառավարությունը վերսկսել է, և պարզ է, որ այն պետք է մինչև վերջ ընթանա։ Ճիշտ է, Սահմանադրական դատարանը որոշումը կայացրեց, բայց Սահմանադրական դատարանը կարող է հարցը այստեղ էլ սառեցնի։ Դա նրա իրավունքն է։ Այնպես որ այս պահի դրությամբ այդ որոշումը Հայաստանին ոչինչ չի տալիս։
-Հիշում եք՝ ինչ հիմքով կառավարությունը վերակենդանացրեց այս հարցը․ գործադիրը համարում էր՝ կա հնարավորություն Ադրբեջանին պատասխանատվության կանչել ռազմական ագրեսիայի համար։ Հայաստանը չի կարո՞ղ այս մասով առաջ շարժվել։
Այո, բայց հիմա իրավիճակը փոխվել է, ռուս-ուկրաինական պատերազմը խորացել է ու մեկ տարվա հետաքննությունից հետո Միջազգային քրեական դատարանն անցել է գործի․ առաջին դրվագով մեղադրանք է առաջադրում ու հետախուզում հայտարարում երկրի ղեկավարի նկատմամբ, որին հետևելու են բազմաթիվ այլ որոշումներ պատերազմի տարբեր դրվագներով, որոնց թիրախում կհայտնվեն այլ պաշտոնատար անձինք։ Այսինքն՝ խոսքը մեր դաշնակից Ռուսաստանի պաշտոնատար անձանց մասին է։
Սա իրավիճակի փոփոխություն է և դրա համար, այն, ինչ կառավարությունը մտածում էր երեք ամիս առաջ, ապա հիմա այդպես կարող է չմտածել և ժամանակավորապես ուղղակի առկախել գործընթացը։
Ես քաղաքական վերլուծաբան չեմ, վստահ չեմ կարող ասել, բայց այն, որ հիմա դաշնակից Ռուսաստանի հետ հարաբերությունները էլ ավելի են լարվել, դա փաստ է։
-Իշխող քաղաքական ուժի որոշ նեկայացուցիչներ արդեն հայտարարում են, որ այս որոշումը կարող է լինել հիմք Պուտինին ձերբակալելու համար, եթե նա գա Հայաստան։ Սա կարո՞ղ է իրատեսական լինել։
-Եթե խոսենք զուտ քրեադատավարական կատեգորիաներով այսպես է․ քաղաքացին չիմանալով, որ հետախուզվում է, տոմս է գնում, գալիս է Հայաստան ու ձերբակալվում է։ Բայց հո Պուտինը սովորական քաղաքացի չէ՞, նման այցերը նախորոք կազմակերպվում են։ Պետությունը երաշխիքներ է ուզում, որ հանկարծ ձերբակալում տեղի չունենա։ Այսինքն՝ նման այցերը նախապատրաստվում են և բնականաբար, եթե երաշխիք չլինի, պետության ղեկավարը Հայաստան չի գա։
Բայց եկեք մտածենք, որ նույն Ռուսաստանը կարող է հակընդդեմ քայլեր ձեռնարկել մեր բարձրաստիճան պաշտոնատար անձանց նկատմամբ, քրեական հետապդնում սկսի ինչ-որ ՌԴ Քրեական օրենսգրքի որևէ մի անմեղ քրեական հոդվածով, և մեր պաշտոնատար անձինք էլ իրենց հերթին չեն գնա Ռուսաստան։ Իսկ գնալու դեպքում կձերբակալվեն։
Այնպես որ իրավական գործընթացից դեպքերը կարող են զարգանալ քաղաքական գործընթացի։ Հարց է, թե կառավարությունը կուղարկի՞ ԱԺ հաստատման, թե ոչ։ Եթե ուղարկի, նոր իրավիճակ է առաջանում և նոր մեկնաբանությունների կարիք կա։
-Իսկ կարո՞ղ է Հայաստանը վավերացնել որոշակի վերապահումներով, ասենք նշելով, որ ասենք Միջազգային քրեական դատարանի իրավազորությունը չի կարող տարածվել պետության ղեկավարների վրա, և նրանք կարող են լինել անձեռնմխելի։
-Սահմանադրական դատարանը չի անդրադարձել այդ հարցին։ Անդրադարձել է միայն 103 և 106 հոդվածներին այն իմաստով, որ ըստ այս միջազգային փաստաթղթի, առանձին պայմանավորվածություններ է առաջ քաշում, և մենք, վավերացնելով այս փաստաթուղթը, ինքնին չենք ինկորպորացնում նաև այդ 103 և 106 հոդվածները։ Իսկ այդ հոդվածները վերաբերում են պատժի նշանակմանն ու պատժի կատարմանը։ Մնացած մասով ՍԴ-ն որևէ բան չի ասել, հետևաբար այս փաստաթուղթը հնարավոր չէ մաս առ մաս ընդունել՝ մի մասն ընդունել, մի մասը չընդունել։ Իսկ դեկլարացիաներ կարող է անել միայն ուժի մեջ մտնելու և այլ տեխնիկական հարցերով, բայց ոչ բովանդակային։
Ստացվում է՝ փակուղային իրավիճակ է, Հայաստանը փորձում էր լուծել իր խնդիրը և ակամայից դառնում է քաղաքական վեճի օբյեկտ։
Քաղաքական առումով՝ գուեց, իրավական առումով, իհարկե, ոչ։ Իրավական գործընթացները իրենց հունով գնում են։ Միջազգային քրեական դատարանի իրավազորությունը և այն հանցագործները, որոնցով նրանք զբաղվում են, տարբերվում են Արդարադատության միջազգային ատյանի դատավարությունից։ Այս առումով, այո, Դատարանն ունի իրավազորություն, որոնք մյուս միջազգային ատյանները չունեն և հենց դա է, որ նոր իրավիճակ է ստեղծում և պետք է դեռ չշտապել, առկախել։
Միաժամանակ ասեմ, որ ոչ մի իրավաբան չեք գտնի, որը կասի դեմ է Միջազգային քրեական դատարանին միանալուն։ Դա բավականին առաջադեմ իրավական գործիքներ ու բաղադրիչ ունեցող փաստաթուղթ է և վերջիվերջո խոսքը միջազգային հանցագործության մասին է, այնպիսի հանցագործության, որը ազգերի միջև խաղաղությունն է վտանգում։ Բայց նաև պետք է հաշվի առնել, որ քաղաքական բաղադրիչներն են նաև կարևոր։
Հասմիկ Համբարձումյան
Հասմիկ Համբարձումյանը լրագրող է, լուսաբանում է դատա-իրավական ոլորտը: Անհանդուրժող է անարդարության ու մարդու իրավունքների խախտումների նկատմամբ: Լրագրողական 15 տարիների գործունեության ընթացքում մասնակցել է լրագրողական փոխանակման միջազգային տարբեր ծրագրերի, հաջողությամբ ավարտել Thomson Reuters Foundation-ի դասընթացը: