Հայաստանի Սահմանադրական դատարանն օրերս հայտարարեց, որ Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը համապատասխանում է Հայաստանի Սահմանադրությանը։ Հայաստանի կառավարությունը դեկտեմբերի 29-ին որոշել էր 1998-ին ստորագրված՝ Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը վավերացնել ԱԺ-ում։
Սահմանադրական դատարանը ընդունեց որոշումն այն բանից հետո, երբ Միջազգային դատարանը ՌԴ նախագահ Պուտինին ռազմական հանցագործությունների մեղադրանքով կալանավորման որոշում կայացրեց։ Հայաստանի ՍԴ որոշումը Ռուսաստանում դժգոհություն առաջացրեց, ոչ պաշտոնական խողովակներով նույնիսկ սպառնալիքներ հնչեցին։
Սակայն ՀՀ իշխանության ներկայացուցիչներն ասում են, որ վերադարձան փաստաթղթին, քանի որ հնարավորություն են տեսել Ադրբեջանին պատասխանատվության կանչելու, հատկապես 2021-ի մայիսի Ադրբեջանի ռազմական ագրեսիայից հետո։
Հայաստանն, ըստ երեւույթի, պատրաստվում է ՄՔԴ դիմել միայն ՀՀ սահմանադրական տարածքում տեղի ունեցած հանցագործությունների առթիվ /այսինքն՝ ոչ Արցախյան պատերազմների հետ կապված/։ Հարցը օրախնդրային է դարձել, երբ 2022-ի աշնանը Հայաստանն ու Ադրբեջանը Պրահայում եւ Բրուսելում՝ եվրոպական միջնորդությամբ «խաղաղության պայամանագիր» ստորագրելու պայմանավորվածություն ձեռք բերեցին։
2022 թվականի հոկտեմբերին համացանցում հայտնվել են հայ գերիների, այդ թվում կանաց հանդեպ դաժան հաշվեհարդարի տեսանյութեր։ Եվրոպական կառույցները կոչ են արել Բաքվին հետաքննել տեսանյութերում նկարահանված դեպքերը, եւ եթե պարզվի դրանց իսկությունը, խոստացել են այն ռազմական հանցագործություն ճանաչել։ Բաքուն այդպես էլ հետաքննություն չկատարեց, եւ հանցագործությունները դեռ անպատիժ են։
«Ադրբեջանը զավթում է Հայաստանի ինքնիշխան տարածքի ինչ-որ հատված, ռազմական հանցագործություններ է կատարում, գնդակահարում է գերիներին, վայրագություններ է անում, եւ այս ստատուտը մեզ թույլ կտա քրեական գործեր հարուցել Ադրբեջանի ռազմաքաղաքական իշխանության նկատմամբ», — ասել է ՔՊ պատգամավոր Վիգեն Խաչատրյանը։
Սակայն արդյո՞ք «խաղաղության ճանապարհը» բռնած Հայաստանի ներկայիս իշխանությունները պատրաստ են դատարան դիմել Ադրբեջանի դեմ։ Փորձագետները կասկածում են, քանի որ մինչ այս պահն ՀՀ իշխանությունները խնամքով խուսափում էին Բաքվին մեղադրանքներ ներկայացնելուց։
Մինչ դեռ միջազգային ատյանների հաշվետվություններում արձանագրվել են նաեւ վարձկանների, արգելված զենքի օգտագործման հետ կապված բազմաթիվ փաստեր։ Սակայն այդ ամենը միջազգային դատարան դիմելու հայցերի չի վերածվել։
Հռոմի ստատուտին միանալը կարող է ունենալ մի անսպասելի հետեւանք եւս։ Հայ հաասարակության մեջ կասկածներ կան, որ «խաղաղության պայմանագիրը» ստորագրելու դեպքում Ալիեւը կարող է պահանջել Հաագա հանձնել հայ «ռազմական հանցագործներին»՝ նախկին գեներալներին, անձանց, որոնք ներդրում են ունեցել Ադրբեջանի հանդեպ հաղթանակներում։ Այդ մարդկանց մեծ մասը «նախնկիներն են»։
ՄԻԵԴ-ը ու ՄԱԿ-ի Միջազգային դատարանն առնվազն երկու անգամ մերժել են Ադրբեջանի հայցադիմումները, միաժամանակ մասնակի կամ լրիվությամբ ընդունելով Հայաստանի հայցերը։ Ադրբեջանը չի վավերացրել Հռոմի ստատուտը, սակայն կարելի է չկասկածել, որ Բաքուն բաց չի թողնի հնարավորությունը։
Նաիրա Հայրումյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: