44-օրյա պատերազմի մասնակից ազգությամբ եզդի 22-ամյա Խդր Բրոյանը լիարժեք չի կարողանում քայլել, բայց միևնույն է՝ Պաշտպանության նախարարությունը որոշել է զրկել նրան հաշմանդամության կարգից, հետևաբար նաև՝ զինհաշմանդամության համար հասնող թոշակներից։

Շիրակի մարզի Ազատան գյուղի երիտասարդ բնակիչը 2020-ի պատերազմում ժամկետային զինծառայող էր, երբ Ջրականի զորամասում պայքարում էր թշնամու դեմ։  Պատերազմի ամենաթեժ մարտերին 17 օր մասնակցելուց հետո ձախ ազդոսկրի հրազենային վնասվածք է ստացել, սակայն բուժօգնություն անմիջապես չի ստացել․ դաշտում կենաց-մահու կռիվ է տվել, և միայն չորս օր անց երիտասարդին գտել են արնաքամ եղած:

Խդր Բրոյանը Forrights.am-ին պատմում է, որ Ստեփանակերտի բուժկենտրոնում իրեն վիրահատել են, հեռացրել գնդակը, որից հետո տեղափոխել են Երևան, որտեղ նա բազմաթիվ վիրահատությունների է ենթարկվել, ինչի արդյունքում ոտքը իմպլանտով ձևավորվել է՝ կոնքազդրի ոսկորն ու խնձորակը փոխարինվել են արհեստականով։

«Ոսկորը սաղ ցրել ա հրազենի պատճառով, քայլում եմ թոփըլտալով, իմպլանտ ա դրվել, իրանք ասում են՝ հենա ոտ ունես», — Forrights.am-ին ասում է Բրոյանը։

Երիտասարդին հաշմանդամության 3-րդ կարգ է տվել պետությունը, ինչի արդյունքում մի քանի ամիս քաղաքացիական հաշմանդամության թոշակ է ստացել՝ 26 հազար դրամ, այնուհետև՝ զինվորական թոշակ։ Պետության կողմից Խդրին հատկացված ընդհանուր գումարը կազմել է 68 հազար դրամ: Սակայն շուտով Բրոյանը զրկվում է պետական աջակցությունից։

2021-ին հերթական բուժզննման ժամանակ ՀՀ պաշտպանության նախարարության ռազմաբժշկական հանձնաժողովը եզրակացրել է՝ Խդրը լիարժեք առողջ է, կարողանում է քայլել, ոտքը կա, և պետական աջակցության կարիք ամենևին էլ չունի։

Այժմ բազմանդամ ընտանիքին մտահոգում է հետագա վիրահատությունների հարցը։ 68 հազար դրամ զինվորական թոշակը հազիվ դեղերին էր բավականացնում։ հերիքում։ Հիմա և’ դեղորայքի, և’ բուժզննության ծախսերը մնացել են անասնապահությամբ զբաղվող ընտանիքի ուսերին։

«Ինձ ասում են՝ վերջ, էլ պետությունը չի կարա ֆինանսավորի։ Ես իրանց հարցնում եմ՝ բա էս վիրահատություններս ո՞նց անեմ, չեմ կարում աշխատեմ, իրանք ինձ կըսեն՝ գնա Փաշինյանին հարցրու», -ՊՆ-ի արձագանքն է փոխանցում Խդր Բրոյանը։

Ոտքի արհեստական նյութից ձևավորված հատվածը քիչ թե շատ թարմ ու առողջ պահելու համար, Խդրը պետք է 5 տարին մեկ անգամ վիրահատության ենթարկվի, որի արժեքը 25 հազար ԱՄՆ դոլար է, ինչպես նաև ամսական մեկ դեղահաբ ընդունի՝ 44 հազար դրամ արժեք ունեցող։

«10 օր առաջ էլ գնացի կամիսիայի էլի, չեղարկեցին։ Ասում են՝ չի թույլատրվում էս պրոթեզավորումին թոշակ հատկացնել։ Կուզեի՝ 3-րդ կարգ էլ եղնի, որ արտոնություն ունենամ, ասենք վիրահատությունը կես գնով անեմ։ Վիրահատությունից անցել է 3 տարի, շուտով նորն անելու փաստի առաջ կկանգնիմ», -ասում է Խդրը։

Երիտասարդը, թեպետ ինքնուրույն է, բայց չի կարողանում լիարժեք քայլել, ասում է՝ բժիշկը հանձնարարել է շատ ծանր գործ չանել, ծանրություն չվերցնել։ Աշխատանք չունի, երբ պատվեր լինում է, հարսանիքներին նվագում է։ Բայց միևնույն է, նրա խոսքով, չի կարողանում իր բուժման անհրաժեշտ ծախսերը հոգալ։

«Ինչ թոշակս չեմ ստանա, սաղ մուծումներով է՝ ռենտգեն, դեղեր ու մնացած ծառայությունները։ Դրանց սաղին հիմա փող կուտամ, բայց ո՞նց տամ», -հարց է տալիս Խդրը։

Forrights.am-ը ՀՀ պաշտպանության նախարարությունից գրավոր հարցմամբ հետաքրքրվել էր՝ ի՞նչ հիմքով է Խդր Բրոյանը զրկվել հաշմանդամության կարգից։ ՊՆ-ից սակայն հստակ պատասխան չեն տվել՝ նշելով, որ անձի ֆունկցիոնալության գնահատման հետ կապված հարցերը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության որոշման շրջանակներում է, հետևաբար ՊՆ իրավասության շրջանակներից դուրս է։

 

Հասմիկ Համբարձումյան

 

Հասմիկ Համբարձումյանը լրագրող է, լուսաբանում է դատա-իրավական ոլորտը: Անհանդուրժող է անարդարության ու մարդու իրավունքների խախտումների նկատմամբ: Լրագրողական 15 տարիների գործունեության ընթացքում մասնակցել է լրագրողական փոխանակման միջազգային տարբեր ծրագրերի, հաջողությամբ ավարտել Thomson Reuters Foundation-ի դասընթացը:

Pin It on Pinterest