Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հայտարարել է, որ Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու է առաջադրում ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանին։
«Մենք համարում ենք, որ Անահիտ Մանասյանը իր մասնագիտական կարողություններով, արժեքային համակարգով, անցած ճանապարհով, այն թեկնածուն է, որը կարող է լինել Մարդու իրավունքների պաշտպան»,- իշխող ուժի հիմնավորումը ներկայացրել է խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։
Ո՞վ է Անահիտ Մանասյանը
35-ամյա Մանասյանը իրավաբանական գիտությունների թեկնածու է, դոցենտ։ Նա շուրջ կես տարի է զբաղեցնում է ընկերուհու՝ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի տեղակալի պաշտոնը։ ՄԻՊ-ի թեկնածուն ԱԺ-ում այս տեղեկությունը չի հերքել։
Արդարադատության ոլորտում է 2008 թվականից՝ զբաղեցրել է փորձագետի պաշտոն ՀՀ արդարադատության նախարարի աշխատակազմում։ 2009 թվականից Անահիտ Մանասյանը տեղափոխվել է Սահմանադրական դատարան ու զբաղեցրել ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի օգնականի, հետո խորհրդականի, ավագ խորհրդականի պաշտոնները՝ մինչև 2018 թվական։
Հայաստանում մարդու իրավունքերը պաշտպանելու հավակնություններ ունեցող Անահիտ Մանասյանն աչքի է ընկել լրագրողների հետ չշփվելու գործելաոճով։ Մարդիկ, որոնց իրավունքերը պետք է պաշտպանի Անահիտ Մանասյանը, նրան չեն ճանաչում։ Ուշագարվ է, որ ինքը՝ տիկին Մանասյանը, ևս խուսափում է իր գործունեությամբ ճանաչելի դառնալ։ Նա երկու անգամ եկել է խորհրդարան և երկու անգամ էլ հրաժարվել է լրագրողների հարցերին պատասխանել՝ խուսափելու նոր ռեկորդ սահմանելով։ Մարտի 21-ին ՔՊ-ի հետ փակ հանդիպումից հետո ՄԻՊ թեկնածուն շենքից փորձեց դուրս գալ նախագահական ելքերով, սակայն, երբ լրագրողները փորձեցին նրան հանդիպել ԱԺ բակում, Մանասյանը նրանց տեսնելով ետ գնաց։ Այս երևույթը ժողովրդավարության բաստիոնում գրանցված առաջին դեպքն է, առայժմ։
Այուհանդերձ, ընդունված է, որ ՄԻՊ պաշտոնը պետք է զբաղեցնի հանրային ակտիվ գործունեություն ծավալած գործիչը, որը վայելում է մեծամասնության, բայց ոչ միայն խորհրդարանական, այլ հանրության վստահությունը։ Սակայն, ինչպես ՔՊ-ականների՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի որոշումներն են ցույց տալիս, անկախ մարմիններում նշանակվում են յուրայիններ, որ, ըստ իրավապաշտպանների, հեշտ կառավարվեն։ Թե Անահիտ Մանասյանն ինչպիսի ՄԻՊ կլինի՝ ժամանակը ցույց կտա։
Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը խնդրահարույց է համարում որևէ պետական մարմնում պաշտոն զբաղեցնողին ՄԻՊ նշանակելու գործելաոճը, բայց նշում է, որ Անահիտ Մանասյանի աշխատանքը հնարավոր կլինի գնահատել միայն պաշտոնավարման ընթացքում։
«Խնդրահարույց է, որպես դատախազության նախկին աշխատակից արդյո՞ք շահերի բախում չեն լինելու։ Բնականաբար, ինքը ելույթ ունենալուց կասի, որ դա իրեն որևէ կերպ չի կաշկանդելու, բայց միայն իր աշխատանքը ցույց կտա՝ որակով է աշխատում, թե էլի խնդիրներ կունենանաք իր հետ։ Դատախազի տեղակալի պաշտոնը պատահական մարդկանց չի տրվում և դա մտածողություն է ձևավորովում։ Ես անգամ դեմ եմ, երբ դատավոր են նշնակում նախկին դատախազներին, էլ ուր մնաց, թե ՄԻՊ-ի կարգավիճակում դա իրեն չխանգարի, անգամ դատավորներին է խանգարում։ Հակասություններ կարող են լինել, իր նախկին կոլեգաների հետ կապված որքանո՞վ պատրաստ կլինի քննադատական միտք արտահայտել կամ գործողություններ կատարել, իհարկե, կարող է խոչընդոտ լինել»,-ասաց իրավապաշտպանը։
Նարեկ Կիրակոսյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: