Հայաստանի իրավապաշտպանները պնդում են՝ Հայաստանում մարդու իրավունքների վերաբերյալ ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցում տեղ գտած խնդիրները, խախտումները հիմքեր ունեն: Նկատենք, որ սովորաբար ԱՄՆ պետդեպի զեկույցում ներառվում են մարդու իրավունքների բնագավառում տարվա ընթացքում 198 երկրներում և կազմավորումներում տեղի ունեցած իրադարձությունները:
Ըստ արտաքին գերատեսչության զեկույցի, կան հավաստի տեղեկություններ, որ անվտանգության ուժերի կողմից կիրառվել են խոշտանգումներ, բանտերում պայմանները ծանր են, տեղի են ունեցել ապօրինի ձերբակալություններ և կալանավորումներ: Առկա է դատական անկախության լուրջ խնդիր, գրանցվել են ապօրինի միջամտություններ մարդու անձնական կյանքին և խոսքի ազատության սահմանափակում: Մասնավորապես, նշվել է, որ չնայած օրենքը նախատեսում է անկախ դատական համակարգ, այդուհանդերձ, Հայաստանի դատական համակարգը անկախ ու անկողմնակալ չէ՝ վերջին աղմկահարույց սկանդալների համատեքստում: Միաժամանակ, ընդգծվել է, որ չհաստատված տեղեկություններ են եղել կառավարության կողմից դատավորների վրա ազդեցություն գործելու մասին:
Զեկույցում նշվում է, որ կատարվել են հանցագործություններ, որոնք ներառել քաղհասարակության գործիչների և սեռական փոքրամասնությունների դեմ ուղղված բռնություն կամ բռնության սպառնալիք: Բացի այդ, գրանցվել են երեխաների աշխատանքի չարաշահման դեպքեր:
«Կառավարությունը ձեռնարկել է սոսկ սահմանափակ քայլեր՝ նախկին և ներկա պետական պաշտոնյաների և իրավապահ մարմինների կողմից ենթադրյալ չարաշահումների հանգամանքները պարզելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար:
2020 թվականի ռազմական գործողությունների ընթացքում Հայաստանի բանակի կամ անհատների կողմից ենթադրյալ չարաշահումների հետաքննության ընթացքում առաջընթաց չկա», -նշվել է պետդեպարտամենտի զեկույցում:
Վկայակոչելով հայաստանյան իրավապաշտպաններին, ԱՄՆ պետդեպն իր զեկույցում մտահոգություն է հայտնում, որ բանակում ոչ մարտական պայմաններում մահերի վերաբերյալ պատշաճ քննություններ չեն անցկացվում: «Քաղաքացիական հասարակությունը և զոհերի ընտանիքները պնդում են, որ ոչ մարտական գործողությունների արդյունքում մահերը հաճախ ներկայացվում են իբրև ինքնասպանություններ: 2022-ի նոյեմբերի 20-ի դրությամբ առնվազն 15 զինվորականներ զոհվել են ոչ թե մարտական պայմաններում, այլ սպանությունների, ինքնասպանությունների, զենքի սխալ վարվելու կամ հիվանդությունների հետևանքով», -նշվել է զեկույցում:
Իրավական հարցերով փորձագետ Ռուբեն Մարտիրոսյանն ասում է՝ ԱՄՆ պետդեպի այս տարվա զեկույցի բովանդակությունը չի տարբերվում նախորդ տարիների զեկույցների բովանդակությունից: «Ներկայացվող պնդումներն անհիմն չեն ու այս բովանդակությունը շարունակվում է տարիներ, ոչ մի փոփոխություն չի եղել, ու դեռ օր օրի ավելի է վիճակը վատանում», —Forrights.am-ին ասում է Մարտիրոսյանը:
ԱՄՆ Պետդեպի զեկույցում նշվող ոլորտներում, ըստ փորձագետի, Հայաստանը ոչ միայն չունի առաջընթաց, այլև «պերմանենտ հետընթաց» է տեղի ունենում:
«Այսօր Հայաստանն ունի գլխավոր դատախազ միայն թղթի վրա, անտերության է մատնված դատական ու քննչական համակարգը, իսկ դատախազական վերահսկողություն էլ չի իրականացվում», -ասում է նա: Մարտիրոսյանը հիշում է՝ բանակում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների մայրերին Նիկոլ Փաշինյանը խոստացել էր, որ նրանց որդիների մահվան հանգամանքները կբացահայտվեն, իսկ մեղավորները կպատժվեն, հատուկ այդ նպատակով էլ աշխատանքային խումբ էր ստեղծվել, որը ղեկավարում էր գործող դատախազ Աննա Վարդապետյանը:
«Ծնողներին հարցրեք՝ ի՞նչ առաջընթաց կա այդ գործերով: Կասեն՝ ոչ մի առաջընթաց չկա, և դուք կհասկանաք, որ քաղաքական հանձնարարական չկա դրանք բացահայտելու, իսկ Աննա Վարդապետյանն էլ այդ խումբը գլխավորում էր, որ ոչ մի բացահայտում չլինի», -ասում է Ռուբեն Մարտիրոսյանը:
«Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» իրացապաշտպան կազմակերպության փաստաբան Մոնիկա Մարգարյանը, որը ներգրավված է հատկապես զինվորական, ցմահ դատապարտյալների ու ընդհանրապես՝ խոշտանգման վերաբերյալ քրեական գործերով, ասում է՝ Հայաստանում խոշտանգման վերաբերյալ քրեական գործերով քննությունները մշտապես զրոյական արդյունք են ունենում: «Կարելի է ասել, որ ոչ մի գործ արդյունավետ չի քննվում ու խոշտանգման դեպքերով բացահայտումներ գրեթե չենք ունենում: Ես հիմա մի գործով եմ զբաղվում, որ 2013 թվականին Եվրոպական դատարանը Կոնվենցիայի 3-րդ հոդվածի (խոշտանգման արգելք) խախտում է արձանագրել, բայց մենք մինչև հիմա բացահայտված դեպք չունենք, այսինքն՝ մեղադրյալ չունենք», —Forrights.am-ին ասում է Մարգարյանը:
Նա ևս փաստում է՝ հայաստանյան դատարաններում դատական գործերի դատաքննությունը ձգձգվում է, խախտվում է դրանք ողջամիտ ժամկետում քննելու պահանջը, իսկ մարդկանց իրավունքների պաշտպանությունը խախտվում է:
«Պետությունը այդպես էլ չի կարողանում լուծել դատարանների գերծանրաբեռնվածության խնդիրը, և բոլոր փորձերը այդ խնդիրը լուծելու ձախողվում են», -փաստում է փաստաբանը:
Մեկ այլ մշտական խնդիր է բանակում խաղաղ պայմաններում զինծառայողների մմահվան կամ սպանության դեպքերը որպես ինքնասպանություն ներկայացնելու քննչական մարմինների քաղաքականությունը:
«Խաղաղ պայմաններում զինծառայողների մահվան ելքով քրեական գործերով նույնպես արդյունավետ քննություն չի իրականացվում: Մենք քրեական գործեր ունենք, որ 2007 թվականից մինչ օրս այդպես էլ հանգուցալուծում չեն ստացել. Եվրոպական դատարանը այդ գործերով վճիռներ է կայացրել, մարդիկ էլ կան, որ սպասում են ՄԻԵԴ վճիռներին, բայց միևնույն է հայաստանյան իրավական համակարգում կամ քննվում են, կամ կասեցված են», -նշում է Մոնիկա Մարգարյանը:
Հասմիկ Համբարձումյան
Հասմիկ Համբարձումյանը լրագրող է, լուսաբանում է դատա-իրավական ոլորտը: Անհանդուրժող է անարդարության ու մարդու իրավունքների խախտումների նկատմամբ: Լրագրողական 15 տարիների գործունեության ընթացքում մասնակցել է լրագրողական փոխանակման միջազգային տարբեր ծրագրերի, հաջողությամբ ավարտել Thomson Reuters Foundation-ի դասընթացը: