44-ամյա Աստղիկ Շահխաթունին շուրջ երեք տարի է՝ սպասում է, որ Հայաստանի դատական համակարգը կպատժի իր ամուսնու՝ երիտասարդ գիտնական Հրայր Ազիզբեկյանի անժամանակ մահվան մեղավորին: Տարիներով ձգվող նախաքննությունն ու դատաքննությունը դեռ չեն տվել երիտասարդ կնոջն ու նրա երեք անչափահաս երեխաներին հետաքրքրող միակ հարցի պատասխանը՝ ինչո՞ւ Հրայրի մահվան մեջ մեղավորը արժանի պատիժ չի ստանում:
Մեղադրյալի աթոռին ոստիկանության օպերլիազոր Վարդան Խաչատրյանն է, որը, ըստ մեղադրանքի, ճանապարհատրանսպորտային կանոնների խախտման հետևանքով վրաերթի է ենթարկել Հրայր Ազիզբեկյանին: Գիտնականը տեղում մահացել է:
Դեպքը տեղի է ունեցել 2020-ի հուլիսի 26-ին, Կոտայքի մարզի Քաղսի գյուղի մոտակայքում: Մինչ վրաերթը, Հրայրի մեքենային այլ մեքենայի հարվածի հետևանքով կանգնել են ճանապարհի կողային հատվածում, սպասել ոստիկանությանն ու ապահովագրական ընկերության աշխատակիցներին: Երբ վերջիններն իրենց գործն արել, գնացել են, ոստիկանության ավագ օպերլիազոր Վարդան Խաչատրյանը, գործի նյութերի համաձայն, իր վարած «Նիսսանով» հարվածել է մեքենաներից մեկին, ինչի հետևանքով տարածքից մեքենայի կոտրված հատվածները հավաքող Հրայր Ազիզբեկյանը տեղում մահացել է:
Ուշագրավ է, որ օպերլիազորը հատուկ հնարամտությամբ այնպես է կազմակերպում իբրև ղեկին եղել է իր հայրը՝ Սամվել Խաչատրյանը՝ դարձյալ ոստիկանության աշխատակից: Կրտսեր Խաչատրյանը իր բոլոր ցուցմունքներում պնդել է, որ ղեկին եղել է իր հայրը և որ կեսգիշերին հոր հետ գնացել են եկեղեցի մոմ վառելու: Տուժող կողմի պնդմամբ, նույնիսկ փորձել են կեղծ վկայություններ ներմուծել՝ ապացուցելու, որ հայրն է եղել ղեկին:
Այս գործով նախաքննությունը սկզբում Հրազդանի քննչականում է ընթացել, այնուհետև տեղափոխվել է Չարենցավանի բաժանմունք: Երկու քննիչ է փոխվել, և միայն երրորդ քննիչն է կարողացել հեռախոսազանգերի ու այլ փաստերի հիման վրա պնդել, որ ղեկին եղել է հենց ավագ օպերլիազոր Վարդան Խաչատրյանը: Ի դեպ, վերջինը մեղադրյալ է ու շարունակում է համակարգում իր աշխատանքը:
Ինքը՝ Խաչատրյանը, պնդում է՝ մեղավոր չէ, չի ընդունում առաջադրված մեղադրանքը: «Այլ անձի կատարած գործողությունները իրեն չվերագրելու ցումունք է տվել և կատարված հանցանքը չի ընդունում», -Forrights.am-ին ասում է Վարդան Խաչատրյանի փաստաբան Հրանտ Վարդանյանը:
Այլ անձը Վարդան Խաչատրյանի հայրն է՝ Սամվել Խաչատրյանը: Մեր այս դիտարկմանը, փաստաբանն արձագանքում է. «Այո, ամեն դեպքում հանցանք կա, թե ոչ դա հարցի երկրորդ կողմն է, բայց փաստ է, որ նա չի եղել ղեկին: Եթե հայրն է մեղավոր, թող հայրն էլ պատասխան տա, ի՞նչ է եղել»:
Այդուհանդերձ, գործն այժմ դատարանում է և մեղադրյալի աթոռին հենց կրտսեր Խաչատրյանն է: Այս կապակցությամբ ևս փաստաբանն արձագանք ունի. «Դե, հիմա կարող ա պետությունը նույն հաջողությամբ ինձ էլ մեղադրանք առաջադրի, դա չի նշանակում, որ մարդը պետք է դատապարտվի: Բազմաթիվ գործերով մեղադրանքներ են առաջադրվում, հետո կարճվում են, կամ արդարացումներ են լինում: Միայն մեղադրյալ ներգրավելը հիմք չէ որևէ կանխորոշող դիրքորոշում ցուցաբերելու համար»:
Հարցին, թե հույս ունեն որ արդարացման վճիռ կկայացվի՞, մեղադրյալի փաստաբանը պատասխանում է. «Իհարկե, արդարադատությունը պետք է տեղի ունենա՞ թե չէ: Մարդը եթե օբյեկտիվորեն մի բան չի արել, պետության առաջ չպետք է պատասխան տա: Այդպես ազնիվ է»:
Հրայր Ազիզբեկյանին վրաերթի ենթարկելու վերաբերյալ այս քրեական վարույթը ինն ամիս է՝ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում է, և դատավոր Հովհաննես Ավագյանի նախագահությամբ նիստերը դեռ արդյունք չեն տվել. դրանք հիմնականում կամ հետաձգվում են, կամ չեն կայանում: Մեկ նիստ նույնիսկ առանց տուժող կողմի ներկայության է տեղի ունեցել, որի ընթացքում էլ հենց հիմնական վկաներն են ցուցմունք տվել:
Աստղիկ Շահխաթունին ասում է՝ Հրայրի մահից հետո իր կարևոր անելիքը նրա մահվան մեղավորին օրենքի խստությամբ պատժված տեսնելն է: «Մենք արդարություն ենք ուզում, այդքան մե՞ծ բան է մեր ուզածը: Ինչպե՞ս է հնարավոր գալ, մարդուն մահ պատճառել, այսինքն՝ սպանել ու պատասխան չտալ կամ ամեն ինչ անել, որ պատասխան չտաս», -հարցեր է բարձրացնում Աստղիկ Շահխաթունին:
Հրայր Ազիզբեկյանը մասնագիտությամբ ֆիզիկոս էր, բայց ծրագրավորող էր աշխատում, պատրաստվում էր նվիրվել գիտությանը ու տեղափոխվել գիտական ոլորտ: Կինն ասում է՝ մեծ ծրագրեր ուներ Հայաստանում գիտությունը զարգացնելու համար: Երեք անչափահաս երեխաները մնացել են մայրիկի խնամքին, հարազատներն օգնում են սոցիալական դժվարությունները հաղթահարելու հարցում: «Ահավոր է, արդեն երեք տարի է՝ կարծես վերքդ փորեն, փորեն ու ավելի խորացնեն, ամեն նիստին ասում է՝ ես չեմ, ես չեմ, հայրս է, դա ի՞նչ մարդ է»,-ասում է կինը:
Հերթական դատական նիստը՝ դատավոր Հովհաննես Ավագյանի նախագահությամբ կկայանա մարտի 23-ին:
Հասմիկ Համբարձումյան
Հասմիկ Համբարձումյանը լրագրող է, լուսաբանում է դատա-իրավական ոլորտը: Անհանդուրժող է անարդարության ու մարդու իրավունքների խախտումների նկատմամբ: Լրագրողական 15 տարիների գործունեության ընթացքում մասնակցել է լրագրողական փոխանակման միջազգային տարբեր ծրագրերի, հաջողությամբ ավարտել Thomson Reuters Foundation-ի դասընթացը: