Ազատությունը գրում է.

ԱՄՆ արտաքին գերատեսչությունը մոտ կես դար է ամեն տարի հրապարակում աշխարհում մարդու իրավունքների վիճակի վերլուծությունը և այն փոխանցում է Կոնգրեսին: Դա պահանջվում է 1961 թվականի արտաքին աջակցության օրենքով և 1974 թվականի Առևտրի օրենքով:

Զեկույցում ներառվում են մարդու իրավունքների բնագավառում տարվա ընթացքում 198 երկրներում և կազմավորումներում տեղի ունեցած իրադարձությունները:

Հայաստանի բաժնում զեկույցում նշվում է, որ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում գրանցվել են բռնության դեպքեր, որոնք հանգեցրել են զոհերի և ձերբակալությունների։ 2022-ի սեպտեմբերին ադրբեջանական ստորաբաժանումները իրականացրել են ապօրինի սպանություններ, արձանագրվել է դաժան, անմարդկային և մարդու արժանապատվությունը նսեմացնող վերաբերմունք հայ զինծառայողների հանդեպ:

Հայաստանի և Ադրբեջանի կողմից Մարդու իրավունքների եվրոպական դատարան են ներկայացվել բողոքներ, կողմերը միմյանց մեղադրել են դաժանությունների համար և սպասում էին դատարանի վճռին։ Հայաստանը նոր բողոքներ է ներկայացրել սեպտեմբերյան մարտերի վերաբերյալ:

Ըստ զեկույցի, կան հավաստի տեղեկություններ, որոնց համաձայն, անվտանգության ուժերի կողմից կիրառվել են խոշտանգումներ, առկա են բանտերում ծանր պայմաններ, տեղի են ունեցել ապօրինի ձերբակալություններ և կալանավորումներ: Առկա է դատական անկախության լուրջ խնդիր, գրանցվել են ապօրինի միջամտություններ մարդու անձնական կյանքին և խոսքի ազատության սահմանափակում:

Զեկույցում ասվում է, որ կատարվել են հանցագործություններ, որոնք ներառել քաղհասարակության գործիչների և սեռական փոքրամասնությունների դեմ ուղղված բռնություն կամ բռնության սպառնալիք: Բացի այդ, գրանցվել են երեխաների աշխատանքի չարաշահման վատթարագույն դեպքերը:

«Կառավարությունը ձեռնարկել է սոսկ սահմանափակ քայլեր՝ նախկին և ներկա պետական պաշտոնյաների և իրավապահ մարմինների կողմից ենթադրյալ չարաշահումների հանգամանքները պարզելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար:

2020 թվականի ռազմական գործողությունների ընթացքում Հայաստանի բանակի կամ անհատների կողմից ենթադրյալ չարաշահումների հետաքննության ընթացքում առաջընթաց չկա»: Զեկույցում նշվում է, որ կառավարության կամ դրա գործակալների կողմից կամայական և ապօրինի սպանություններ չեն արձանագրվել:

Իրավապաշտպանները մտահոգություն են հայտնում, որ բանակում ոչ մարտական պայմաններում մահերի վերաբերյալ պատշաճ քննություններ չեն անցկացվում:

Քաղաքացիական հասարակությունը և զոհերի ընտանիքները պնդում են, որ ոչ մարտական գործողությունների արդյունքում մահերը հաճախ ներկայացվում են իբրև անձնասպանություններ:

Նոյեմբերի 20-ի դրությամբ առնվազն 15 զինվորականներ զոհվել են ոչ թե մարտական պայմաններում, այլ սպանությունների, ինքնասպանությունների, զենքի սխալ վարվելու կամ հիվանդությունների հետևանքով:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Pin It on Pinterest