Կառավարությունը խորհրդարան է ներկայացրել «Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին օրինագիծը։
ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նիստում Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը ներկայացրել է նախագիծը, որով առաջարկվում է միջպետական հայցը ԵԴ ներկայացնել կառավարության որոշման հիման վրա, իսկ միջանկյալ միջոցի ներկայացման հայցի լիազորությունը տրվի Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչին, քանի որ նման պահանջները բխում են հրատապ իրավիճակներից, իսկ կառավարության որոշման ընդունումը կարող է ժամանակատար գործընթաց լինել։ Նկատենք, որ գործող կարգավորումներով Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչը ԵԴ ներկայացնում է միջանկյալ միջոց կիրառելու պահանջ՝ հիմնվելով եվրոպական կանոնների վրա։ Կիրակոսյանի փոխանցմամբ, նախագծով առաջարկվում է այդ լիազրություններն ամրագրել հայաստանյան համապատասխան օրենքով:
Օրենքում կատարված մյուս փոփոխությունը ներկայացնելիս Եղիշե Կիրակոսյանը նշել է, որ արբիտրաժային վարույթների շրջանակներում կամ օտարերկրյա դատարաններում քննվող դատական վեճերում, որտեղ ՀՀ-ն ներգրավված է հայցվորի կամ պատասխանողի կարգավիճակում, հնարավոր են դեպքեր, որ ՀՀ-ն բանակցի վեճը հաշտության ճանապարհով լուծելու ուղղությամբ:
Նրա ներկայացմամբ, նախագծով առաջարկվում է նման հաշտության համաձայնագրերը ներկայացնել կառավարության հաստատմանը:
«Բավականին բարդ վեճեր կարող են լինել, և կառավարությանը նման լիազորություն տալն արդարացված է, քանի որ նման հաշտության համաձայնագրերը կարող են վերաբերել կառավարության գործունեության բազմաթիվ ոլորտներին միաժամանակ»,-հիմնավորել է Կիրակոսյանը:
Նախագծով նաև առաջարկվում է Եվրոպական դատարանի Վճիռների կատարման վարչություն, ԵԴ և Արբիտրաժային կենտրոններ ՀՀ-ից իրավաբան գործուղելու լիազորությունը տալ վարչապետին, քանի որ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը ներառված է ՀՀ վարչապետի աշխատակազմում:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: