Այսօր թունաքիմիկատ ներմուծող 12 ընկերությունների ներկայացուցիչներ  հավաքվելու են Սննդի անվտանգության տեսչական մարմնի շենքի մոտ և իրենց բողոքն արտահայտեն կառավարության գործողությունների դեմ, որոնց հետևանքով նրանց բեռները ահռելի խմբաքանակներով արդեն տևական ժամանակ մնացել են մաքսային պահեստներում և չեն մաքսազերծվում։ Նրանց թվում է խոշոր ներմուծող հանդիսացող «Հրաշք այգի» ընկերությունը։

Դեկտեմբեր ամսից նրանք չեն կարողանում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից ստանալ համապատասխան թույլտվություն արտասահմանյան երկրներում ձեռք բերված ապրանքները ներմուծելու համար:

Բանն այն է, որ նոյեմբերին ՍԱՏՄ պետը հրաման էր ստորագրել, որով պարտադրել է պեստիցիդ պարունակող թունաքիմիկատ ներմուծողներին՝ լրացուցիչ տեղեկություն հայտնել բերվող ապրանքի մասին՝ նշել, թե որ գործարանում, որ արտադրողից է այն ձեռք բերվել։ Այն ապրանքը, որի ուղեկցող փաստաթղթերում չկա այս նշումը, չի մաքսազերծվում, ամիսներով մնալով մաքսային  պահեստներում։

Մարտի 13-ին գործարարները բողոքի ակցիա էին կազմակերպել ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մոտ՝ պահանջելով լուծել խնդիրը: Ի պատասխան նրանց առաջարկվել էր գրավոր ձևակերպել բողոքն ու ներկայացնել տեսչական մարմնին ։

Գործարարները, որոնք ահռելի վնասներ են կրում, վճարելով պահեստների վարձը և հնարավորություն չունենալով իրացնել բերված թունաքիմիկատները, մարտի 14-ին գրավոր դիմում էին ուղարկել  ՀՀ վարչապետին, էկոնոմիկայի նախարարին և ՍԱՏՄ պետին հասցեագրված։

Դիմումում նրանք հիմնավորում են, որ ՍԱՏՄ ղեկավարի կողմից կայացված 2022 թվականի նոյեմբերի 28-ի N 3763-Ա հրամանը, որով ՀՀ օգտագործման համար թույլատրված պեստիցիդների և ագրոքիմիկատների անվանացանկում պեստիցիդների մասով պարտադիր է համարվում նշել ոչ  միայն պեստիցիդի արտադրող երկիրը, այլև արտադրողին, հակասում է  նախկինում ընդունված իրավական ակտերին։

«Այսպիսով, քանի որ հանրապետությունում արդեն իսկ սկսված են գյուղատնտեսական աշխատանքները, ներմուծման ենթակա պեստիցիդները և ագրոքիմիկատները գտնվում են մաքսային պահեստներում կամ ճանապարհին կամ մաքսային սահմանին հաշվի առնելով խնդրի հրատապությունը խնդրում ենք 1. առաջնահերթության կարգով ՀՀ ՍԱՏՄ ղեկավարի կողմից կայացված 2022 թվականի նոյեմբերի 28-ի N 3763-Ա հրամանը չեղյալ կամ անվավեր ճանաչել: 2. այնուհետև հստակ կարգավորումներ սահմանել հրամանններում, դրանք համապատասխանեցնելով ,,Նորմատիվ իրավական ակտերի մասին,, ՀՀ օրենքի , ,,Բոսասանիտարիայի մասին,, ՀՀ օրենքի և այլ օրենսդրական պահանջներին ,միաժամանակ իրավական ակտերի ընդունումից առաջ մասնակից դարձնելով շահագրգիռ անձանց: 3. Ապահովել գործող օրենսդրության համապատասխան սահմանված ժամկետների պահպանումը պեստիցիդները և ագրոքիմիկատները գրանցելիս, ինչպես նաև գրանցման համար ներկայացվող պահանջներ ներկայացնելիս հղում կատարել նորմատիվ իրավական ակտերին», — շարադրել էին իրենց պահանջները  12 ընկերությունների ներկայացուցիչները։

Ընկերություններից մեկի ներկայացուցիչ Կ-ի գնահատմամբ, այսօր մաքսային պահեստներում է գտնվում Հայաստան  ներմուծվող թունաքիմիկատների մոտ 60 տոկոսը, և այս քայլը թունաքիմիկատի սուր դեֆիցիտ է առաջացնելու գյուղատնտեսության համար։

Գործարարները, որոնք տասնյակ տարիներով ՍԱՏՄ-ից դրական եզրակացություններ էին ստանում ու պեստիցիդներ պարունակող ագրոքիմիկատներ բերում Հայաստան, այսօր կանգնել են սնանկության վտանգի առաջ։ Նրանք խնդրում են հնարավորություն  տալ իկրենց իրացնելու արդեն իսկ ներմուծված խմբաքանակը, ապա նոր կիրառել նոր կարգը։

«ՍԱՏՄ-ից նախ,  մեզ խոստացան, որ ճանապարհին գտնվող բեռները կմաքսազերծվեն նախկին կարգով, իսկ նորը կկիրառվի արդեն նոր ներմուծումների դեպքում,  սակայն մեզ կանգնեցրիեցին փաստի առաջ, նոր կարգը կիրառելով  նաև դեռ չմաքսազերծված ապրանքի համար։ Արդյուքնում մենք ոչ կարողանում ենք հետ տանել բեռները, ոչ մի գործարան դրանք չի ընդունի, ոչ էլ կարողանում ենք մտցնել շուկա, որ վաճառենք։ Մենք կանգնած ենք սնակնության եզրին։ Ու ամենավատն այն է, որ նրանք չունեն ժամանակի զգացողություն։ Չեն պատկերացնում, որ արդեն գյուղատնտեսությունը վտանգում են։ Տպավորություն ունեմ, որ ցանկություն կա պետական մակարդակով կազմաքանդել գյուղատնտեսության ոլորտը», — ասում է մեր զրուցակիցը, ցույց տալով վարչապետին ուղղված գրությունը։

Երեկ ներմուծողները տեսչական մարմնից մերժում են ստացել։ Պատասխանել են, որ նրանց խնդրանքը հնարավոր չէ կատարել։ «Բուսասանիտարիայի մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի «ա» ենթակետի համաձայն՝ պեստիցիդների և ագրոքիմիկատների գրանցման մասին եզրակացություն տալու համար սահմանված է արտադրող ֆիրմայի նշման պահանջ։ Արդյունքում նույն ֆիրման (իրավաբանական անձը) չի կարող գործունեություն իրականացնել մի շարք երկրներում, ուստի անհրաժեշտություն է առաջացել հստակեցնել նաև արտադրող երկիրը, որը գրանցման ժամանակ ներկայացրել է գրանցողը», — ասված է ՍԱՏՄ պատասխանում։

Այսպիսով, թույլտվությունը չի տրամադրվել, որովհետև ներմուծվող պեստիցիդները չեն համապատասխանում Հայաստանում օգտագործման համար թույլատրված պեստիցիդների և ագրոքիմիկատների անվանացանկի տվյալներին։  «Հայաստանի Հանրապետությունում արտադրվող և շրջանառվող պեստիցիդները և ագրոքիմիկատները պարտադիր ենթակա են պետական գրանցման: Նույն օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն, պեստիցիդների և ագրոքիմիկատների գրանցման մասին եզրակացություն տալու համար պահանջվում են հետևյալ փաստաթղթերը. պեստիցիդների կամ ագրոքիմիկատների առևտրային անվանումը, ազդող նյութը կամ նյութերը, համագործիչ և օժանդակ նյութերը, յուրաքանչյուր նյութի տոկոսային հարաբերությունը, պատրաստուկային ձևը, արտադրող ֆիրման և այլն»- գրում է ՍԱՏՄ-ն։

Այդ դեպքում ինչպե՞ս էին մեզ այսքան ժամանակ թույլատրում, որ բերենք ապրանքները, առանց արտադրողին նշելու, եթե օրենքը արգելում էր։ Ստացվում է,  ՍԱՊԾ-ն խախտո՞ւմ էր օրենքը՝ հարցնում են ներմուծողները։ Մինչև այս պահը ՍԱՏՄ շենքից ոչ մի պաշտոնյա դուրս չի եկել  ներմուծողների հետ զրուցելու։

Սյուզան Սիմոնյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest