Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 14-ին հրավիրված ասուլիսի ժամանակ թռուցիկ անդրադարձավ ՊԲ նախկին հրամանատար, գեներալ-մայոր Միքայել Արզումանյանի գործին, ասելով․«Հողեր հանձնելու մեղադրանքով մեզ մոտ բարձրաստիճան զինվորականներ կան կալանքի տակ։ Կա բարձրաստիճան զինվորական, որը մեղադրվում է Շուշիի գործով, եւ այդ գործով, երբ որ դատարանը որոշեց, որ կալանավորի, ինձ համար զարմանալի բան տեղի ունեցավ՝ մեկ էլ ամենատարբեր մարդիկ Հայաստանից, ԼՂՀ-ից դատաիրավական համակարգին, նաև այլ թևերով միջբորդություններ էին ներկայացնում, որ կլին՞ի էս ինչ մարդուն կալանքից ազատենք, ներողամիտ վեաբերվբեք, և այլն։ Ժողովուրդ, բա դուք չե՞ք ասում, որ պետք է բացահայտվի, պարզաբանվի, թե ով ա տվել Շուշին, ինչու է ընկել Շուշին։ Հիմա ի՞նչ եղավ, որ բոլորդ, որ այդ սրերն էիք ճոճում, ուզում եք, որ չլինե՞ն այդ գործերը, ազատվե՞ն մարդիկ, ինչ՞ի համար»։
Գեներալ Արզումանյանի անունը չհնչեց, սակայն հայտնի է, որ Միքայել Արզումանյանին մեղսագրվում է Շուշիի անկումը։
Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ մայոր Միքայել Արզումանյանը ընդամենը պատերազմի 44 օրերից վերջին 12 օրերին է զբաղեցրել ՝ այս պաշտոնը, երբ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը վիրավորվեց եւ այլեւս չէր կարող պաշտոնավարել։
Ըստ մեղադրանքի, 44-օրյա պատերազմի ժամանակ, 2020 թվականի հոկտեմբերի 30-ից մինչեւ նոյեմբերի 9-ը Շուշիի եւ հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում գեներալն անփույթ վերաբերմունք է դրսեւորել իր ծառայողական պարտականությունների նկատմամբ, չի կատարել դրանք, կամ ոչ պատշաճ է կատարել, չի ապահովել ու չի վերահսկել զորքերի մարտական հնարավորությունների արդյունավետ օգտագործումն ու առաջադրված խնդիրների հաջող կատարումը, չի դրսեւորել հաստատակամություն ու վճռականություն, և այլն, և բոլոր նկարագրված արարքների հետևանքով Շուշին ու հարակից տարածքներր անցել են հակառակորդի զինուժի վերահսկողության տակ: Նա սեպտեմբերից կալանքի տակ է, իսկ վերջերս կալանքի ժամկետը երկարաձգվեց 2 ամսով։
Բարձր ամբիոնից հնչած այս հայտարարությունները ցավով են ընդունվում Արցախում։ «Սա ի՞նչ զրույցներ են։ Ով չգիտի, որ Շուշին նա է նվիրատվություն արել», — ասում է Միքայել Արզումանյանը քույրը՝ Ծովինար Խաչատրյանը։ Նա գտնում է, որ Հայաստանի վարչապետի հայտարարությունը հինգերրորդ շարասյան, լրտեսների ու հայրենիքի դավաճանների մասին նպատակ ունեն արդարանալու։ «Նա ուզում է ժողովրդին ասի՝ ես չեմ հանձնողը, տեսեք, դրա համար մարդ կա կալանավորված։ Դա ընդամենը մարդկանց աչքերին թոզ փչել է նշանակում։ Քննիչներն էլ նրա հրամաններն են լսում։ Դա օրենքի խախտում է, բայց բոլորը լռում են։ Ինչո՞ւ են մարդիկ լռում», — ասում է Միքայել Արզումանյանի քույրը։
Ինչպե՞ս եք վերաբերվում այն հանգամանքին, որ Հայաստանի վարչապետը հրապարակային հայտարարություն է անում 5-րդ շարասյան, հայրենիքի դավաճանների մասին ու այս կոնտեկստում հիշատակում է Միքայել Արզումայնաի գործը։
Հարցը ուղղեցինք իրավապաշտպան, «Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ նախագահ Նինա Կարապետյանցին։ «Բոլոր դեպքերում անթուլատրելի ու դատապարտելի ու հանցավոր եմ համարում նման հայտարարություններ որևէ գործով, որովհետև դրանք ավտոմատ կաշկանդում են վարույթն իրականացնող մարմին, դատախազությանը։ Մենք տեղից էլ չունենք ինքնուրույն գործող իրավապահ մարմիններ, իսկ նման հայտարարություններից հետո լուրջ խոչընդոտներ են առաջանում։ Այլապես վարույթ իրականացնող մարմինը պետք է ապացուցի, որ վարչապետը սուտասան է, օրինակ։ Ես համարում եմ սա անուղղակի միջամտություն արդարադատությանը, ինչը քրեորեն դատապարտելի արարք է»։
Իրավաշտպանը հիշեցնում է՝ նույն վարքագիծն ունեին Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, նույնիսկ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ դաշնակցության գործով։ Սա ընդունված պրակտիկա է։ Ես հասկանում եմ, որ քաղաքական գործիչները որոշ իրադարձություններ պետք է օգտագործեն իրենց վարկանիշը բարձրացնելու համար, բայց չեն կարող օգտագործեն քրեորեն պատժելի արարքները»։
Ինչպե՞ս եք գնահատում այն, որ նոր պատերազմի սպասման իրավիճակում երկրի առաջին դեմը հայտարարումէ , որ մոտ 5 տասնյակ սպաներ և զինվորականներր անցնում են լրտեսության, հայրենիքի դավաճանության գործերով։ Forrights.am-ի հարցին Նինա Կարապետյանցը պատասխանում է․
«Առհասարակ չխոսելն էլ է խնդրահարույց, բայց այս տիպի հայտարարությունները նախ՝ խախտում են անմեղության կանխավարկածը, արդարադատությանը ճնշելու միջոց են, ապա բարոյալքում են բանակը, և հուսահատեցնում, թեևաթափ են անում բանակում ծառայողներին։ Հիմա ամեն երկրորդը պետք է մտածի, որ իր կողքինը դավաճան է, կամ որ բոլոր սպաները դավաճան են։ Մի բան է, երբ սա ասեմ ես, և լրիվ այլ բան՝ եթե դա ասում է երկրի վարչապետը»։
Սյուզան Սիմոնյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: