Արդարադատության նախարարությունը հանդես է եկել Դատական օրենսգիրք սահմանադրական օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու նախաձեռնությամբ, որը հնարավորություն է տալիս բողոքարկել Բարձրագույն դատական խորհրդի որոշումները: Գործող կարգի համաձայն, ԲԴԽ որոշումները ընդունվում են որպես վերին ատյանի ճշմարտություն, և կողմը, համաձայն չլինելով դրա հետ, հնարավորություն չունի բողոքարկել այն: Սահմանադրությունը չի տալիս նման հնարավորություն:

«Մեր ներկայացրած օրենսդրական փոփոխության հիմնական նպատակը դատավորներին կարգապահական պատասխանատվույան ենթարկելու մասին Բարձրագույն դատական խորհրդի որոշումների դեմ բողոքարկման մեխանիզմներ նախատեսելն է», —Forrights.am-ին օրենսդրական փոփոխությունը ներկայացնելով ասում է Արդարադատության նախարարի խորհրդական Արտյոմ Սուջյանը:

Առաջարկվում է կիրառել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մոդելը. ԲԴԽ-ի 10 հոգանոց կազմից ձևավորել երկու պալատ կամ կազմ, որից առաջին 4 հոգանոց կազմը կքննի վարույթ հարուցելու մասին միջնորդությունը, իսկ բողոքը կքննեն արդեն ԲԴԽ մնացյալ 6 անդամները:

«Մեր երկրի Սահմանադրության համաձայն, չենք կարող դատավորին պատասխանատվության ենթարկելու մասին հարցի քննությունը վերապահել այլ մարմնի՝ Սահմանադրական դատարանի, Վճռաբեկ դատարանի, թե՞ այլ դատարանի: Գործող կարգավորումների համատեքստում միակ կարգավորումը առաջարկվող կարգավորումն է», -ասում է Սուջյանը:

Գերատեսչությունն այս քայլին գնացել է միջազգային կազմակերպությունների ճնշման արդյունքում: Մասնավորապես, Վենետիկի հանձնաժողովն է մտահոգություններ հայտնել առ այն, որ դատավորի իրավունքները Հայաստանում մնում են չպաշտպանված և պետք է տալ հնարավորություն բողոքարկել դատարան Սահմանադրական այդ մարմնի կայացրած որոշումները:

Դատական օրենսգիրք սահմանադրական օրենքում կատարված փոփոխությունները ուղարկվել են Վենետիկի հանձնաժողով փորձագիտական կարծիք ստանալու համար: Սուջյանն ասում է՝ արձագանքել են, որ գործող Սահմանադրության պայմաններում փոխզիջումային տարբերակ է:

Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը, որը մշտապես կողմ է եղել դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու մասին ԲԴԽ-ի որոշումները բողոքարկելուն, առանձնապես ոգևորված չէ Արդարադատության նախարարության նախաձեռնած փոփոխությամբ:

«Վենետիկի հանձնաժողովը իր կարծիքն հայտնելիս, ասել է, որ առաջարկվող լուծումը, որպես կոմպրոմիսային տարբերակ, պայմանականորեն կարող է լինել ընդունելի, բայց նաև ընգծել է, որ ճիշտ է այդ սահմանադրական մարմնի որոշումը հնարավորություն տալ բողոքարկել դատարան: Ինքներդ դատեք՝ համապատասխանո՞ւմ է առաջարկվող լուծումը եվրոպական չափանիշներին, թե՞ ոչ», —Forrights.am-ին ասում է Արա Ղազարյանը:

Ըստ մասնագետի, լավագույն լուծումը Սահմանադրության մեջ փոփոխություն կատարելն ու ԲԴԽ-ի որոշումները այլ ատյանում՝ օրինակ Վճռաբեկ դատարանի վարչական կամ քաղաքացիական պալատում բողոքարկելու հնարավորություն տալն է:

«Դատավորը պաշտոնատար անձ չէ, ոչ էլ հանրային ծառայող, նրա գործառույթի ամենակարևոր հատկանիշը անկախությունն է գործադիրից և հենց այդ պատճառով է, որ ԲԴԽ-ի  որոշումը բողոքարկելու հնարավորություն պետք է տաը ընդհանուր իրավասության դատարանին կամ այլ բարձր դատարան: Իշխանությունները ինչ-որ կոմպրոմիսային տարբերակ են ներկայացրել, և ինքներդ դատեք՝ այս համակարգը վստահելի՞ է, թե ոչ: Մենք պատկերացնում ենք՝ ինչ է տիրում այսօր ԲԴԽ-ում ու հարց է առաջանում՝ արդյոք դա ձևական չէ: Սա գործադիրին է ձեռնտու, բայց երբեք դատական իշխանությանը չի կարող ձեռնտու լինել: Այդ բողոքարկումը ձևական է լինելու», -ընդգծում է Արա Ղազարյանը:

Ադրադարադատության նախարար Գրիգոր Մինասյանի ներկայացրած վիճակագրության համաձայն, 2021-ին Արդարադատության նախարարության կողմից հարուցվել է 31 կարգապահական վարույթ. 6 միջնորդություն ԲԴԽ-ում բավարարվել է, 2 գործով նկատողություն է եղել, 2 գործով՝ խիստ նկատողություն, 2 գործով լիազորությունների դադարեցում: 10-ը մերժվել է, 3-ը ԲԴԽ-ի կողմից կարճվել են:

2022-ին 34 կարգապահական վարույթներ են հարուցվել ԱՆ-ի կողմից, 12-ը բավարարվել են, 7-ով միջնորդությունը մերժվել է, 2 կարգապահական վարույթներով թողնվել է առանց քննության: 3 հատն էլ ՄԻԵԴ-ի հիման վրա հարուցված կարգապահական վարույթներն են, որից երկուսն է բավարարվել, մեկը ժամկետների հետ կապված պնդրի պատճառով ընթացք չի ունեցել:

 

Հասմիկ Համբարձումյան

 

Հասմիկ Համբարձումյանը լրագրող է, լուսաբանում է դատա-իրավական ոլորտը: Անհանդուրժող է անարդարության ու մարդու իրավունքների խախտումների նկատմամբ: Լրագրողական 15 տարիների գործունեության ընթացքում մասնակցել է լրագրողական փոխանակման միջազգային տարբեր ծրագրերի, հաջողությամբ ավարտել Thomson Reuters Foundation-ի դասընթացը:

Pin It on Pinterest