Արդարադատության միջազգային դատարանի ընդունած որոշումը Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ իրավաբանորեն պարտադիր ուժ ունի՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության, նաև դատարանի կանոնադրության։ Այդ մասին այսօր խորհրդարանում հայտարարել է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։
Նա ընդգծել է, որ Արդարադատության միջազգային դատարանի ընդունած որոշումը Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ, համաձայն ՄԱԿ-ի կոնոնադրության, իրավական պարտադիր ուժ ունի և պարտադիր պետք է կատարվի Ադրբեջանի կողմից:
«Մենք, ցավոք, առերեսվում ենք իրականության հետ, որ Ադրբեջանն առհասարակ անտեսում է որոշումը։
Ոչ միայն անտեսում է, այլ ամենաբարձր պաշտոնական մակարդակից մինչև ցածր պաշտոնական մակարդակներում փորձում է նաև աղավաղել որոշման բովանդակությունը: Դա նաև վերջերս արտահայտվել էր Ադրբեջանի ԱԳ նախարարի նամակում, որն ուղղված է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, որին, ի պատասխան, նամակ է ներկայացվել նաև մեր նախարարի կողմից»,- ասել է Կիրակոսյանը:
Նա տեղեկացրել է, որ միջանկյալ որոշումների չկատարման հարցը ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ ներկայացնելու այլ երկրների փորձերն հաջողություն չեն ունեցել, քանի որ դրանք հիմնականում վերաբերել են ԱԽ մշտական անդամներից որևէ մեկին և վերջինս կիրառել է վետոյի իր իրավունքը:
«Մեր պարագայում անհրաժեշտ է աշխատել այդ ուղղությամբ, ես գիտեմ, որ ԱԳ նախարարության մեր գործընկերներն արդեն աշխատում են այդ ուղղությամբ»,-նշել է Կիրակոսյանը։
Նրա խոսքով, ՄԱԿ ԱԽ-ում Լաչինի հարցը կարող է դիտարկվել երկու դեպքում՝ ՄԱԿ կանոնադրության 94 հոդվածով և 7-րդ գլուխի՝ միջազգային խաղաղության և անվտանգության ապահովման լիազորությունների իրականացման շրջանակներում, քանի որ Լաչինի միջանցքի փակ մնալը միջազգային խաղաղության և անվտանգության ռիսկեր է առաջացնում:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: