Հայաստանի Զինված ուժերի գեներալ Գրիգորի Խաչատուրովի պաշտպանական խումբն այսօր լրագրողների հետ հանդիպմանը փաստերով հերքել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հայտարարություններն այն մասին, որ ԱԺ պատգամավոր Սեյրան Օհանյանի վերաբերյալ քրեական վարույթի շրջանակներում Գրիգորի Խաչատուրովը զորամասի տարածք է վաճառել։
«Զորամաս որպես այդպիսին գոյություն չի ունեցել: Դա ՊՆ-ին ամրակցված տարածք է եղել, որը ՊՆ-ն որոշել է վաճառել: Գրիգորի Խաչատուրովը որևէ առնչություն չի ունեցել վաճառքի և նրա հետ, թե ում վաճառեն: Ընդ որում, վերջին 5 տարում վաճառվել է ՊՆ-ին ամրակցված 71 միավոր տարածք: Այնպես չէ, որ անթույլատրելի գործարք է տեղի ունեցել: Մենք սեփականության վկայականի պատճենով հիմնավորում ենք, որ սա զորամաս չի եղել»,-այսօր ասուլիսում հայտարարել է Խաչատուրովի պաշտպանական խմբի անդամ, փաստաբան Միհրան Պողոսյանը:
Նա ներկայացրել է իր վստահորդ Էդգար Արշակյանի սեփականության իրավունքի պատճենը, որտեղ, նրա խոսքով, նկարագրված շենք-շինություններից պարզ է դառնում, որ որևէ զորանոց, այսինքն զինվորական կացարան չկա, ինչպես ԱԺ-ում միջնորդությունը ներկայացնելիս պնդել էր գլխավոր դատախազը։
Անդրադառնալով գլխավոր դատախազի մեկ այլ արտահայտությանը, թե զորամասը վերածել են գումարի, փաստաբանն ընդգծել է՝ միֆ է։ «Այն մարդիկ, որոնք այս քրեական գործի շրջանակում կպնդեն, որ զորամասը վեր է ածվել գումարի, կա՛մ քրեական վարույթի փաստերից տեղյակ չեն, կա՛մ միտումնավոր կեղծ և սուտ արտահայտություներ են անում՝ արատավորելու Գրիգորի Խաչատուրովի անունը։ Զորամաս, որպես այդպիսին, գոյություն չի ունեցել, դա միֆ է, որ հրամցվում է հանրությանը։ Գլխավոր դատախազը ԱԺ-ոմ պնդել է, որ օտարվել է զորամաս, ինձ հետ բերել եմ Էդգար Արշակյանի անունով սեփականության վկայականի պատճենը, որտեղ պարզվում է, որ որևէ զորանոց կամ զինվորների կացարան չկա։ Ինչպե՞ս հասկանանք, գլխավոր դատախազի այն պնդումը, որ դա զորամաս է եղել։ Ես առաջարկում եմ, որ նույն ԱԺ պատգամավորները, որ բողոքում են զորամասերի բացակայությունից, գնան և քնեն այնտեղ, չկա՛ այդպիսի զորամաս, ամենավատ տրամաբանությամբ էլ այդ շենքը հարմարեցված զորամաս չենք կարող անվանել», -ասել է Միհրան Պողոսյանը:
Փաստաբանն ընդգծել է, որ իրենց ձեռքի տակ բոլոր այդ փաստերը ներկայացվել են նաև նախաքննական մարմնում, սակայն գլխավոր դատախազը փաստացի ուղղորդել է նախաքննական մարմնին, ինչի հետևանքով դրանց ուշադրություն չի դարձվում։ «Ամեն ինչ արվել է Խաչատուրովի՝ հայկական բանակի իրական գերենարլներից մեկի բարի համբավը պախարակելու համար»,- հայտարարել է փաստաբանը։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: