ՀՀ իշխանությունները Արցախի ճակատագրի մասին խոսելիս վերջերս խուսափում են «ինքնորոշում», «Արցախի հանրապետություն», «միացում» բառերի գործածությունից։ Նրանք անհեթեթ հիմնավորումներ են բերում․ որպեսզի Հայաստանին չմեղադրեն զավթողականոության մեջ, «Զանգեզուրի միջանցք» չպահանջեն եւ այլն։

Արցախի խորհրդարանական խմբակցությունները պահանջել են Հայաստանի իշխանություններից կասկածի տակ չդնել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։ Օրերս ընդունված հայտարարության մեջ Արցախի խորհրդարանի բոլոր ֆրակցիաները պնդում են՝ չնայած 2020-ի պատերազմի արդյունքներին և շարունակվող շրջափակմանը, իրենց ինքնորոշման իրավունքից չեն հրաժարվելու։

Վարչապետ Փաշինյանն  իր վերջին ասուլիսում «ինքնորոշման իրավունք» կամ՝ կարգավիճակ ձևակերպումը որևէ անգամ չհնչեցրեց, խոսելով միայն Արցախի ժողովրդի իրավունքներից և անվտանգությունից։

Լրագրողը հարցրեց․ «Արցախի ժողովուրդն արդեն իսկ ասել է իր դիրքորոշումը եւ ինքնորոշվել է։ Դուք որեւէ բանով կաշկանդվա՞ծ եք հայտարարելու, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում։ Չէ՞ որ Արցախում էլ են հայեր ապրում, նրանք էլ ունեն հայկական անձնագիր»։

Փաշինյանն արձագանքեց․ «Իհարկե, կաշկանդված եմ շատ բաներով՝ ԼՂ ժողովրդի անվտանգությամբ, ՀՀ անվտանգությամբ, ՀՀ ժողովրդի, ձեր անվտանգությամբ։ Բոլորի։ ՀՀ ինքնիշխանությամբ, պետական շահերով։ Իհարկե, կաշկանդված եմ։ Այլապես ընե՜նց հայտարարություններ կանեի»։

Արդյո՞ք վտանգ կա «ինքնորոշում» բառն արտահայտելու մեջ։ ԵՎ ո՞վ է ստիպում Հայաստանի կառավարությանը խուսափել «ինքնորոշում» բառից՝ «զոռով» թողնելով կարգավորումը միայն «տարածքային ամբողջականության» սկզբունքի հույսին։

«Միջազգային հանրությունն ասում է` մի փոքր իջեցրեք ԼՂ կարգավիճակի հարցում ձեր նշաձողը, հակառակ դեպքում, ասում է, խնդրում եմ մեզ վրա հույս չդնեք», — բացատրել էր Փաշինյանը անցած տարի։

Նա չի մանրամասնել, կոնկրետ ո՞վ է «խնդրել» եւ սպառնացել։ Սակայն հակառակ այդ պնդմանը միջազգային հանրությունը կրկին ու կրկին հիշեցնում է, որ չի ճանաչում  2020 թ․ ահաբեկչական պատերազմի արդյունքները, չի ճանաչում նոյեմբերի 9-ի փաստաթուղթը որպես վերջնական կարգավորում եւ չի հրաժարվել ինքնորոշման սկզբունքից։

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը դեռ չի լուծվել: Այս մասին նշվոած է այս շաբաթ ընդունված ԵՄ-Ադրբեջան հարաբերությունների վերաբերյալ Եվրոպական խորհրդարանի զեկուցում:

Գերմանիայի կանցլեր Շոլցը Փաշինյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ /մարտի 2/ հստակ հայտարարել է, որ Արցախի հակամարտության կարգավորումը պետք է իրականացվի նաև ինքնորոշման իրավունքի հիման վրա։ ՀՀ վարչապետը եւ ԱԳՆ-ում չեն սատարել այդ դիրքորոշումը, միայն Արցախի նախագահն է ողջունել կանցլերի հայտարարությունը։

Արդեն մարտի 14-ին Ալիեւի հետ հանդիպման ժամանակ կանցկեր Շոլցը, ըստ արձանագրության, չի արտաբերել «ինքորոշում» բառը, սակայն շատ մանրամասն նշել է, որ հակամարտությունը պետք է լուծվի առանց Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների եւ անվտանգության շահերին խախտման։

Ինքնորոշումը «մոռացության մատնելը» նշանակում է ճանաչել 2020 թ․ պատերազմի արդյունքները եւ Արցախը՝ որպես Ադրբեջանի մաս։ Հակամարտության կարգավորման ն եւ Արցախի՝ Բաքվին պատկանելիության մասին խոսում են Բաքուն ու Մոսկվան։ Սակայն միջազգային հանրությունն այլ կարծիքի է։

ԱՄՆ ԿՀՎ-ի, ՀԴԲ-ի, Պաշտպանության հետախուզական գործակալության և Ազգային անվտանգության գործակալության ղեկավարները Կոնգրեսին են ներկայացրել իրենց ամենամյա Գլոբալ ռիսկերի վերանայումը զեկույցը: Նրանք արձանագրում են․ «Խաղաղ բանակցություններում որոշակի առաջընթաց է գրանցվել, սակայն պետական ​​սահմանների և Լեռնային Ղարաբաղի ապագայի հետ կապված ամենաբարդ հարցերը հեռու են լուծվելուց»։

Ֆրանսիայի Ազգային ժողովը վերջին 2 տարվա ընթացքում 4 բանաձեւ է ընդունել, որոնք կոչ են անում վերադառնալ 1994 թ․ շփման գծին, ճանաչել Արցախի հանրապետությունը եւ այնտեղ բնակվող հայերի ինքնորոշման իրավունքն այն հողի վրա, որտեղ նրանք ապրում էին հնագույն ժամանակներից։

Ինքնորոշման իրավունքն ամրագրված է ՄԱԿ-ի Կանոնադրության մեջ, իսկ 1960 թ Հռչակագրում այն առավել հստակ նշված է ապագաղութացման կոնտեքստում։ Միջազգային հարաբերությունների մասին 1970 թ ընդունված ՄԱԿ Հռչակագրում նշված է, որ յուրաքանչյուր ազգ իրավունք ունի ազատ կերպով, առանց արտաքին միջամտության, որոշել իր քաղաքական կարգավիճակը։ «Ինքնիշխան եւ անկախ պետության ստեղծումը, այլ պետության կամ միաորման ազատ միանալը կամ այլ կարգավիճակն, որը կորոշի ժողովուրդը, համարվում են ազգերի ինքնորոշման իրավունք»։

ԵԱՀԿ-ի Հելսինկյան եզրափակիչ ակտը հռչակում է ազգերի իրավահավասարության եւ ինքնորոշման հարգման անհրաժեշտությունը եւ այդ սկզբունքի ցանկացած խախտման բացառումը։

Նաիրա Հայրումյան

 

Pin It on Pinterest