2022 թվականի սեպտեմբերի 13-ին սկսված մարտական գործողությունների ժամանակ գերեվարված և հոկտեմբերի 4-ին հայրենադարձված 17 զինծառայողներից 13-ն ազատվել են պարտադիր զինվորական ծառայությունից։  Ազատման հիմքում զինծառայողների առողջական խնդիրներն են, իսկ 4 զինծառայող շարունակում է ծառայությունը։ Այս մասին Forrighst.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնում է Պաշտպանության նախարարությունը։

Գերությունից վերադարձածների համար Սուրեն Պապիկյանի ղեկավարած գերատեսչության կողմից  նման որոշում հեշտ չկայացվեց։ Նախարարությունը թշնամու դեմ կռված, գերության ընթացքում հոգեբանական ու ֆիզիական բռնությունների ենթարկված զինվորներին հոգեբանական ճնշումների էլ հայրենիքում ենթարկեց։

Բաքվից հայրենիք վերադարձած ժամկետային զինծառայողներից մի քանիսին երկու շաբաթ անց կրկին բանակ տարան՝ առանց հոգեբանական աջակցություն և վերականգնողական բուժումներ տարամադրելու, իսկ մյուսները մնացին զինվորական հոսպիտալներում։ Չնայած՝ գերատեսչության պնդումներին, թե ամեն ինչ իրականացվել է,  զինվորների հարազատներն ահազանգում էին առողջական խնդիրների մասին՝ անգամ անհրաժեշտ հետազոտություններն ու վիրահատությունները չիրականացնելու մասին։

Թե Պաշտպանության նախարարության այս որոշումը՝ զինվորներին  15 օր անց կրկին ծառայության տանելը, որքանով էր սխալ ու վտանգավոր, ականատես եղանք ցավալի փաստերի։ Գերությունից վերադառնալուց հետո 17 զինվորներից մեկին, երբ կրկին տեղափոխեցին ծառայության, նա չորս օր անց ծանր վիճակում էր հայտնվել և արդեն էլ ավելի բարդացված խնդիրներով կրկին վերադարձել էր զինվորական հոսպիտալ։

Ինչպես մեր նախորդ հրապարակումներ, այնպես էլ այս դեպքում ձեռնպահ ենք մնում զինվորներին նույնականացնող տվյալները հրապարակել, սակայն, ոլորտի պատասխանատուները՝ հատակապես զինվորական հոսպիտալի, քաջատեղյակ են այս խնդիրներից։

«Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ն, որի ուշադրության կենտրոնում հատկապես զինծառայողներն են, գերությունից վերադարձածների խնդիրները մշտապես բարձրաձայնել է տարբեր հարթակներում՝ ուղիղ հարցեր ուղղելով Հայաստանի ռազմաքաղաքական կառույցներում պաշտոններ զբաղեցնողներին՝ այդ թվում, Սուրեն Պապիկյանին։  Մեր հետևողական լուսաբանումների արդյունքում նաև ՀՀ-ում որոշում կայացվեց գերությունից վերադարձած զինվորներին ազատել ծառայությունից, սակայն, այդպես էլ խնդրի լուծումն օրենսդրական դաշտ չտեղափովեց՝ մնալով բժշկական փորձաքննությունների եզրակացությունների հույսին։ Այս 17 զինվորների օրինակները ցույց են տալիս, որ այդ փորձաքննություններն օբյեկտիվ չեն, քանի որ նրանցից մի քանիսն ազատվել են բանակից արդեն իսկ զորամաս վերադառնալուց հետո։

«Գերությունը ներկայացվում է աններելի մեղք՝ պետության և ազգի հանդեպ։ Ընկալումն այնպես էր, որ ավելի լավ է մարդ մեռներ, քան հայտնվեր գերության մեջ։ Սա տարածված տեսակետ է, թե Զինված ուժերում, թե ռազմական ոստիկանությունում։ Ռազմական ոստիկանությունում ասում էին՝ չունեի՞ք նռնակ, որ ձեզ պայթեցնեիք, իմ պատասխանն էր՝ չէ, իհարկե, չունեինք, չէին տրամադրել մեզ այն մարդիկ, որ պետք է տրամադրեին»,-հայրենիք վերադառնալուց հետո արժանացած վերաբերմունքի մասին նշել էր զինվորներից մեկը։

Տղաներից շատերրը երկար ժամանակ են անցկացրել զինվորական հոսպիտալներում․ փակ տարածություն է։ Չնայած, որ կա հեռուստացույց, սնունդ, բայց զրկված են եղել թեկուզ մաքուր օդ շնչելու համար դուրս գալու հնարավորությունից։ «Ադրբեջանցու շա՞տ ենք նման»,-ասել է բժիշկներից մեկը, երբ զինծառայողի ծնողը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, թե տղաները շարունակում են անազատության մեջ լինել։

Այս ամիսների ընթացքում «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ն այցելել է գերությունից վերադարձածներին և մշտապես կապի մեջ եղել։ Ծնողներին աջակցել ենք իրենց խնդիրների մասին ահազանգել ՄԻՊ-ին և ՊՆ-ին, ստանալ պետության կողմից օրենքով սահմանված կարգով իրենց հասանելիք ֆինանսական աջակցությունները։

Գերությունից վերադարձած 17 զինվորներից 13-ը փորձում են անցյալում թողնել իրենց կյանքի դժվարին փուլն ու առաջ շարժվել․ սովորում են, փորձում աշխատանք գտնել։ Նրանցից մեկը նաև ստեղծագրում է։ Ծառայության մեջ գտնվող երեք զինծառայողներից մեկի մայրը նշեց, որ որդու զորացրմանը մնացել է մի քանի ամիս․ «Հպարտ եմ, որ իմ տղան իր մեջ ուժ գտավ և կարողացավ ավարտել ծառայությունները, չնայած դժվարություններին»,-ասաց մայրը։

Հարկ է նշենք, որ այս զինվորներին ծառայությունից ազատելու հարցում գործադրած ջանքերով չենք խրախուսում հրաժարումը զինվորական ծառայութունից։ Պարզապես ուշադրություն ենք հրավիրում խնդիրների վրա և հետևում, որ զինվորները բանակ մեկնեն առանց ֆիզիկական ու հոգեբանական խնդիրների։

Հ․Գ․ Նշենք, որ այս թեմայով մեր բոլոր հրապարակումներն իրականացրել ենք չնույնականացնելով զինվորներին, նրանց ծառայության վայրերը և ընտանիքների անդամներին՝ նրանց իրավունքերը չվնասելու համար։

Նարեկ Կիրակոսյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest