ԵՄ դիտորդների տեղակայումը պատերազմը կանխել չի կարող: Մոտավորապես այսպիսի խոստովանություն է այսօր արել վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Մինչդեռ հենց դրա համար էր Հայաստանը համաձայնվել, որ դիտորդները տեղակայվեն՝ որպեսզի երբ Ադրբեջանը հարձակվի, իր հարձակումը չպատճառաբանի Հայաստանի գործողություններով: Դիտորդները, փաստորեն, կարող են արձանագրել միայն, թե ով առաջինը հարձակվեց: Եվ վերջ:
«Էսկալացիայի հավանականությունը շատ մեծ է և՛ ՀՀ սահմանի երկայնքով, և՛ Լեռնային Ղարաբաղում»,-այսօր ասել է Նիկոլ Փաշինյանը: Բնականաբար հարց է ծագում՝ իսկ ի՞նչ պիտի անի ՀՀ իշխանությունը: Այս հարցի պատասխանը չկա: Թեպետ կա հարցի մի քանի պատասխան՝ ամբողջական և տոտալ հրաժարում Լեռնային Ղարաբաղից, Մեղրիի միջանցքի տրամադրում առանց երկար բարակ քննարկումների, հարկ եղած դեպքում՝ Մեղրիի հանդեպ Հայաստանի ինքնիշխանության հրաժարում: Բոլոր այսպիսի զարգացումները անպատասխան են թողնում միայն մեկ հարց՝ այդ դեպքում մեր ինչի՞ն է պետք այսպիսի իշխանությունը:
Իհարկե, էսկալացիա անպայման չի նշանակում, որ Ադրբեջանը կհասնի հաջողության: Գուցե նույնիսկ նրանց համար վատ լինի: Բայց մեր հռետորաբանությունից դատելով, մենք ուղղակի ներքին ռեսուրս չունենք այդ էսկալացիային դիմակայելու: Մեր «ներքին» ռեսուրսը դուրսն է, այսինքն, Արևմուտքը: Հայաստանը ՀԱՊԿ անդամ է ու Գյումրիում ռուսական ռազմաբազա ունի: Ու այսպիսի պայմաններում ասում է՝ Էսկալացիայի հավանականությունը շատ մեծ է: Հիմա այս իրավիճակում Հայաստանը կարո՞ղ է գրողի ծոցն ուղարկել Ռուսաստանին իր ռազմաբազայով ու ՀԱՊԿ-ով: Կարող է: Բայց գրողի ծոցն ուղարկելու այլընտրանքը չի երևում: Փաշինյանն ասում է, որ ՀԱՊԿ-ն ինքն է դուրս գալիս Հայաստանից: Հիմա ՀԱՊԿ-ն դուրս է գալիս, իսկ Արևմուտքը չի մտնում: Եթե ՀԱՊԿ-ն դուրս է գալիս, ուրեմն այդպիսով նաև հասկացնում է, որ արդեն «ի պաշտոնե» չի խառնվի հայ-ադրբեջանական հակամարտությանը, կամ որ նույնն է՝ այս հակամարտությունում ինքը լռելյայն Ադրբեջանի կողմից է: Ադրբեջանի կողմից է, որովհետև ռուսական գազը այսօր Եվրոպա է մտնում Ադրբեջանով:
Այս ամբողջը հասկանալի է, հասկանալի է նաև, որ Եվրոպան նույնպես Ադրբեջանի հետ կապվածության հազարավոր թելեր ունի: Ինչի՞ վրա է մեր հույսը աճող էսկալացիայի պայմաններում: Մնում է միայն Ամերիկան, որը, ըստ էության, կանգնեցրեց հենց անցյալ տարվա սեպտեմբերի 13-ի պատերազմը: Բայց Ամերիկան կանգնեցրեց արդեն սկսված պատերազմը և ոչ թե կանխեց այն: Այդ պատերազմի արդյունքում Ադրբեջանը եկավ ու Ջերմուկից 4,5 կմ հեռու կանգնեց:
Այսպիսով փաստենք, էսկալացիան թուլացնելու ներքին ռեսուրս Հայաստանը չունի բացի զիջելուց այն ամենը, ինչ Ադրբեջանը կուզի: Եթե զիջում է, ո՞րն է գործող իշխանության իմաստը, բացի դրանից, խախտվում է ՀՀ Սահմանադրությունը, որով մեր սահմաններն անձեռնմխելի են: Եվրոպական դիտորդների հակաէսկալացիոն նշանակությունը կարծես թե ձախողվում է: Ի՞նչ է մնում անել՝ այս հարցի պատասխանը ՀՀ քաղաքացին չունի: Որովհետև ՀՀ իշխանությունը չունի:
Մհեր Արշակյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: