Արեւմտյան միջնորդությունը հայ-ադրբեջանական հարաբերությունների եւ Արցախի խնդրի կարգավորմանն ինտենսիվանում է, սակայն գործնական քայլերի պակասը, Երեւանի եւ Բաքվի հանդեպ արհեստական հավասարության նշանը, Բաքվի ավտորիտար իշխանության հետ գործարքի գնալու պատասխանատվությունը նվազեցնում են արեւմտյան միջնորդության հանդեպ վստահությունը։

Հայ հասարակության համար անհասկանալի է, թե ինչո՞ւ Ռուսաստանի հանդեպ խիստ պատժամիջոցներ են կիռարվում, իսկ Բաքվի հանդեպ, որը եւ արտաքին, եր ներքին գնահատականներով՝ դասական դիկտատուրա է, վերաբերմունքն ուրիշ է։

Հայաստանում գտնվող՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահ Լուիս Բոնոն, պատասխանելով «Ազատության»՝ «Գուցե պատժամիջոցնե՞ր կիռարեք Բաքվի նկատմամբ» հարցին, ասել է․ «Հիմա պատժամիջոցների ժամանակը չէ: Ես այստեղ եմ՝ երկու կողմերի հետ աշխատելու, նրանց խաղաղության տանելու համար: Պատժամիջոցները հակառակ արդյունքը կտան: Սա նույնիսկ չի էլ քննարկվում այս պահին»:

Նման փափուկ, խնայող վերաբերմունքը Բաքվի միապետի նկատմամբ կասկածներ է առաջացնում՝ կոռուպցիայի, քաղաքական շահերի սպասարկման եւ նույնիսկ հակահայ քաղաքականության հետ կապված։

Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների ռեյթինգներում Ադրբեջանը «վատիկ» է։

Freedom House կազմակերպությունը «Ազատությունն աշխարհում 2023» ամենամյա զեկույցում նշվում է, որ Ադրբեջանը մտնում է աշխարհի այն 16 երկրների մեջ, որոնք ամենացածր ցուցանիշներն ունեն քաղաքական իրավունքների եւ քաղաքացիական ազատությունների առումով։ Ադրբեջանը դասված է ոչ ազատ երկրների շարքին։

«Ադրբեջանական ուժերը անցած տարի շարունակեցին հարձակվել ու օկուպացնել Հայաստանի տարածքը՝ սպառնալով Երևանի ժողովրդավարական կառավարությանն ու մեծացնելով լայնածավալ պատերազմի հավանականությունը»,- հայտարարում է Freedom House-ը աշխարհում ազատությունների վերաբերյալ իր վերջին` ամենամյա զեկույցում։

Արդրբեջանում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը չի բարելավվել, արձանագրում է Human rights watch իրավապաշտպան կազմակերպությունը իր ամենամյա զեկույցում։

Կառույցը պնդում է, որ Ալիևի վարչակազմը շարունակել է հետապնդել իր քննադատներին՝ թմրանյութեր պահելու կեղծ մեղադրանքներն օգտագործելով քաղաքական ակտիվիստների, կառավարությանը քննադատողների դեմ։

Ինչի դիմաց է Եվրոպան հանդուրժում Ալիեւին

HRW-ը նաև Եվրամիության իշխանություններին է քննադատել՝ պնդելով, որ եվրոպական դաշինքը Բաքվի հետ էներգետիկ գործարքների շուրջ բանակությունները չի օգտագործել մարդու իրավունքների պաշտպանությունը բարելավելու նպատակով:

Անցած տարվա հուլիսի 18-ին Եվրահանձնաժողովը եւ Բաքուն հուշագիր են ստորագրել, համաձայն որի Բաքուն պատրաստ է մինչեւ 2027 թ․ գազի մատակարարումները Եվրոպա 8 մլրդ-ից հասցնել 20 մլրդ-ի․

Ադրբեջանը ուզում է համոզված լինել, որ ԵՄ-ն պատրաստ է իրենից գազ գնել 2027 թ․ հետո եւս, Բաքուն միլիարդավոր դոլարների ներդրում է ակնկալում, ասել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Մամեդովը։ «Փողը դրեք սեղանին», ասել է նա։

Եվրոպական կառույցների հետ կապված կոռուպցիոն սկանդալներն հիմնականում Ադրբեջանի հետ էին կապված։

Լրագրող Mahammad Mirzali-ն համարում է, որ Ալիեւ բոկորին գնում է։ «Լրագրողական հետաքննությունը պարզել է, որ Ալիեւը գերմանական պատգամավորներին գնում էր SOCAR կազմակերպության միջոցով։ Դրա միջոցով նաեւ գնվում են ընդդիմադիր YouTube ալիքներ, պատվիրվում են սպանություններ եւ այլ»։

Բրիտանիայի վարչապետ Սունակն ասել է, որ իր երկիրը կդառնա Ադրբեջանի գլխավոր գործընկերը «կանաչ տնտեսություն» կառուցելու գործում։ 100 տարի առաջ Բրիտանիան հովանավորել է Կասպից ծովի նաֆթի արտահանումը եւ առ այսօր համարվում է Ադրբեջանի «պատրոնը»։

Լոնդոնում Ադրբեջանի դեսպանատան շենքը պատկանում է Ալիեւի ընտանիքին եւ պետությանը վարձով է տրվում։ Այդ առանձնատունը, ինչպես ասում են, Հեյդար Ալիեւին է նվիրել խոշոր նաֆթային ընկերություն՝ կասպյան նաֆթին տիրանալու դիմաց։ Երկար ժամանակ Բրիտանիայում դեսպան էր Ալիեւի փեսա Մահմուդ Մամեդղուլիեւը, որին շնորհվել է դքսի ազնվական կոչում։

Ալիեւը սեփականաշնորհւմ է Ադրբեջանը

Մի քանի ամիս առաջ Ալիեւը ստորագրել է «Պետական եւ մասնավոր գործընկերության մասին» օրենքը։ Ըստ Բաքվի թերթերի, Ադրբեջանում կա պետական ներդրումային ֆոնդ, որը կարգավորում է խոշոր ընկերությունների կապիտալը, եւ կա մասնավոր խաղացող – PASHA Holding, որը իր նախագծերի համար ներդրումներն է հավաքագրում։ PASHA Holding-ը Ալիեւի կնոջ՝ Փաշաեւների ընտանիքին է պատկանում։ Փաստորեն, Ալիեւը սեփականաշնորհում է պետական կոռպորացիաների միջոցները, ամբողջ երկիրը, որը ստացել է հորից ։

Hebib Müntezir, լրագրող․ PASHA Holding-ը թուրքական Բոդրումում գնել է «Մանդարին օրիենթալ» հանգստյան գոտին, որի արժեքը 650 մլն․ դոլար է։

Gubad Ibadoglu, Հանուն ժողովրդավարության եւ բարեկեցության շարժման առաջնորդ

«2023 թ․ հունվարին տնտեսությանն Հայաստանում աճել է 10,5%, Վրաստանում՝ 8,4%, իսկ Ադրբեջանում կրճատվել է 1,5%»։

ИА Реалист. Ալիեւի ընտանիքին է պատկանում Sofitel հյուրանոցային համալիրը Դուբայում, որի արժեքը 1 մլրդ․ դոլար է։ Լրագրող Սուլեյմանին ասում է, որ այն գնվել է ժողովրդից գողացած փողերով։

2021 թվականին Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումը (ICIJ) մեծ հետաքննություն է հրապարակել, ըստ որի Ալիեւի ընտանիքը Բրիտանիայում անշարժ գույք է ձեռք բերել օֆշորների միջոցով։ Խոսքը 400 մլն․ ֆունտ արժողությամբ 17 գույքի մասին է։

 Ղարաբաղյան պատերազմն Ալիեւին պետք է փողերի լվացման եւ իր իշխանությունն հավերժացնելու համար

Սոցցանցեր

30 տարի է Ալիեւի կլանը կողոպտում է Ադրբեջանը Ղարաբաղյան պատերազմի պատրվակով։ Այդ պատերազմից սովորական մարդիկ միայն տուժել են։ Նման հարուստ երկրում մարդիկ չեն կարող այսքան աղքատ ապրել, երբ որ իշխող ուժն ավելի է հարստանում։ Ալիեւը պատերազմը սկսել է, որ կրկին ընտրվի եւ մեզ հավերժ կողոպտի։

  • Ղարաբաղում ադրբեջանական գեներալները 1 միլիոն դոլարի անշարժ գույք են ստացել։ Սովորական զինվորները գեներալների մոտ չոբան են աշխատում։
  • Ալիեւը Ղարաբաղի համար նախատեսված գումարները իրականում օֆշոր է ուղարկում, իսկ Ղարաբաղում մի երկու ճանապարհ է կառուցվել ու անպետք օդանավակայան։ Հարցրեք, ո՞ւմ են հասել ոսկու հանքերը Ղարաբաղում, եւ ումից է Ալիեւը հերթական միլիարդը ստացել։
  • 3 հազար մարդ թաղել եւ էլի կթաղեն, հազարներին աղքատ թողեցին, միայն թե մի փոքր տարածքում 3 օդանավակայան կառուցեն, միայն թե նախագահն ու իր ընկերները փողեր լվանան, միայն թե թուրքական ընկերությունները օգտակար հանածոներ արտահանեն։

Ալիեւն հայտարարել է, որ 2021-22 թ․ Ղարաբաղի վերականգնման համար 4 մլրդ, դոլար պետական միջոց է ծախսել։

«Խորհրդային Միության փլուզումից հետո ի հայտ եկած երկրների մեծ մասը շարունակում է մնալ բռնապետների ձեռքում, որոնք խորհրդային ժամանակաշրջանի կապերը վերածել են ավազակապետության, հարստացրել իրենց ընտանիքի անդամներին՝ աղքատացնելով շարքային քաղաքացիներին։ Այս կոռումպացված ավտորիտար վարչակարգերը նույն կերպ անկայունություն են հրահրել և մարտահրավեր նետել ժողովրդավարությանը ողջ տարածաշրջանում»։ Freedom House-ը Ռուսաստանից բացի, այս շարքում դասել է նաև Ադրբեջանը։

Նաիրա Հայրումյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest