Երկրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, ՀՀ ԶՈւ հետախուզության նախկին պետ, գեներալ-մայոր Արայիկ Հարությունյանի կալանքի ժամկետը արդեն երկրորդ անգամ է երկարացվել, Վերաքննիչ դատարանը մերժում է նրա փաստաբանի բողոքները՝ խափանման միջոց կալանավորումը փոխելու մասին։
«Դեռ նախաքննություն է ընթանում, և արդեն երկրորդ անգամն է պարոն Հարությունյանի կալանքի ժամկետը երկարացվում», -Forrights.am-ի հետ զրույցում ասում է գեներալ-մայորի փաստաբան Սիմոն Հարությունյանը։
Նախաքննության ընթացքի մասին խոսելիս փաստաբանը ժուժկալ է, ասում է՝ կաշկանդված է նախաքննական գաղտնիքը պահպանելու օրենսդրական պարտավորությամբ, բայց նաև տեղեկություն չունի՝ երբ կարող է լինել նախաքննության հնարավոր ավարտը։
Գլխավոր դատախազությունը, հիշեցնենք, 2022-ի վերջին, երբ արդեն նոր գլխավոր դատախազ էր Աննա Վարդապետյանը, վերաթարմացրել էր 2021 թվականի մայիսին Գեղրաքունիքի մարզում ադրբեջանական հարձակման դեպքի առթիվ հարուցված քրեական գործը և հանրային քրեական հետապնդում հարուցել Արայիկ Հարությունյանի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով՝ «մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը՝ որն առաջացրել է ծանր հետևանքներ»:
Ըստ պաշտոնական վարկածի, Արայիկ Հարությունյանը «ունենալով մարտական հերթապահության վերաբերյալ ժամանակին որոշումներ ընդունելու, ենթականերին առաջադրանքներ տալու և դրանց կատարումը վերահսկելու, պետական սահմանի, շփման գծի խախտումները կանխելու, ինչպես նաև՝ հակառակորդի հանկարծակի հարձակման հնարավորությունը բացառելու և կասեցնելու պարտավորություն, 2021 թվականի ապրիլի 15-ին, տեղեկանալով, որ իր կողմից դեռևս 2021 թվականի ապրիլի 5-ին արձակված հրամանի պահանջները չեն կատարվել, որևէ միջոց չի ձեռնարկել հրամանի պահանջների կատարումն ապահովելու ուղղությամբ:
Արդյունքում, ՀՀ զինված ուժերը զրկվել են Հայաստանի Հանրապետության վրա անակնկալ հարձակումը ժամանակին հայտնաբերելու և դրան դիմակայելու հնարավորությունից՝ առաջացնելով ծանր հետևանք. 2021 թվականի մայիսի 12-ին Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները ՀՀ պետական սահմանի Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա, Կութ բնակավայրերին և Նորաբակ համայնքին հարող շփման գծի այն հատվածներով, որտեղ զորամասի հրամանատարի անգործության հետևանքով սահմանված չի եղել մարտական հերթապահություն, անարգել հատել և մխրճվել են ՀՀ պետական սահմանից ներս, տեղակայել մարտական դիրքեր՝ վերահսկողություն սահմանելով ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ»։
Արայիկ Հարությունյանը, նկատենք, այն բարձրաստիճան զինվորականն էր, որը 2021 թվականի մայիսին Գեղարքունիքում ադրբեջանական զինված ուժերի հարձակման օրերին ընդունել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին և զեկուցել Կութ գյուղում ստեղծված օպերատիվ իրադրությունը:
Մեղադրանքի վերաբերյալ Հարությունյանի դիրքորոշման մասին հարցին ի պատասխան փաստաբանն ասաց՝ իր պաշտպանյալն ունի դիրքորոշում, բայց այս փուլում չէր ցանկանա հանրայնացնել։ Փորձեցինք հստակեցնել՝ համաձա՞յն չէ առաջադրված մեղադրանքին, փաստաբանն արձագանքեց․ «Ամեն դեպքում, նա հայտնել է, որ իր գործողությունները եղել են ըստ իրադրության և եղել են ճիշտ»։ Ավելի կոնկրետ՝ չի ընդունո՞ւմ մեղադրանքը հարցին, փաստաբանը պատասխանեց․ «Ես բառացի ասացի այն, ինչ այս պահին անհրաժեշտ էր, ավելի մանրամասն չեմ կարող խոսել։ Նա ասում է՝ իր գործողությունները եղել են ըստ իրադրության և ճիշտ, դիրքորոշման մասին չեմ կարող ոչինչ ասել»։
Նախաքննության շրջանակներում, նրա խոսքով, հարցաքննություններ եղել, մարդիկ եկել վկայություններ տվել են, բայց առերես հարցաքննություններ չեն կատարվել։ «Մենք կալանքի միջնորդության ժամանակ դատարանում ծանոթացել ենք տված հարցաքննությունների բովանդակությանը և դիրքորոշում ենք հայտնել, որ չենք ցանկանա մասնակցել առերես հարցաքննությունների։ Այն, ինչ կարդացել ենք մարդկանց ցուցմունքներում, այն, ինչ մարդիկ ասել են, դրանց հետ կապված որևէ անհամաձայնություն չունենք։ Ի վերջո, այդ մարդիկ էլ են օբյեկտիվ իրավիճակը ներկայացրել», -նշեց փաստաբանը։
Այդուհանդերձ, ինչո՞ւ է քրեական գործը հարուցվում 2021-ին, իսկ Հարությունյանին մեղադրանք առաջադրվում մեկ տարի հետո, արդյոք նախաքննության գործողություններում քաղաքական ենթատեքստ տեսնում է։ Փաստաբանն ի պատասխան նկատեց, որ հարցը նախաքննության տիրույթում է և նրանք ավելի լավ կարող են պատասխանել։
«Ես իմ պաշտպանյալին որպես իրավաբան եմ պաշտպանում, այդ հարցերը այլ բնույթի են, իրավական դաշտից դուրս», -նշեց փաստաբանը։
Հասմիկ Համբարձումյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: