ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում պարզվում են ժամկետային զինծառայող Անդրանիկ Օհանյանի մահվան հանգամանքները։ Այդ մասին տեղեկացնում են Քննչական կոմիտեից։
Մարտի 8-ին ՀՀ ՊՆ ՌՈ Բերդի բաժնից հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը զինավանի հավաքակայանի հարակից անտառում հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Անդրանիկ Կարոյի Օհանյանի դին՝ ծառից կախված վիճակում:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` «Զորամասում կամ զինվորական ծառայություն կրելու այլ վայրում զինծառայողին սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական պատիվն ու արժանապատվությունը նվաստացնելու միջոցով անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը»։
Կատարվում է նախաքննություն:
Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, հարցաքննվել են զորամասի մի շարք զինծառայողներ՝ ինչպես սպայական կազմից, այնպես էլ համածառայակիցներ։ Ձեռնարկվում են անհրաժեշտ և անհետաձգելի բոլոր միջոցառումները կատարվածի հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: