Կիրակի Արցախում ադրբեջանական կողմի հերթական սադրանքն ամենախոշորն էր վերջին մի քանի ամիսների ընթացքում։ Ադրբեջանական դիվերսիոն խումբը Ստեփանակերտի մատույցներում՝ «Խայփալու» կոչվող տարածքում դարանակալել և հարձակվել է Արցախի ոստիկանության ծառայողների մեքենայի վրա․ երեք ոստիկան զոհվել է, մեկը՝ վիրավորվել։ Ստեփանակերտից հայտնում են, որ նրա առողջական վիճակը գնահատվում է կայուն ծանր՝ թույլ դրական դինամիկայով։

Ըստ Արցախի ՆԳՆ-ի՝ 15 հոգուց բաղկացած ադրբեջանական դիվերսիոն խումբը ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության մեքենայի ուղղությամբ կրակել է Ստեփանակերտի Կրկժան թաղամասից դեպի Լիսագոր գյուղ ընկած հատվածում։ Տարածքը Ստեփանակերտի Արմենավան թաղամասից ուղիղ գծով հեռու է ընդամենը երեք կիլոմետր։ Մայրաքաղաքի ծայրամասային թաղամասում բնակվող արցախցիները մի քանի ժամ շարունակ կրակոցների ձայներ են լսել։

«Տուն գալու ճանապարհին գմփոցների ձայներ էր լսվում, չգիտեի, որ կրակոցներ է, հասա տուն՝ համացանցից իմացա, թե ինչ է տեղի ունեցել։ Մի քանի ժամ շարունակ կրակոցները լսվում էր, մինչև մեկը շարունակվեց»,-մեզ հետ զրույցում ասաց Արցախի բնակիչ Լիանա Մելիքսեթյանը։

Լիանա Մելիքսեթյանը վեց անչափահաս երեխաների մայր է։ Ընտանիքը մասնատված է արդեն երեք ամիս, ինչ ադրբեջանական կողմը շրջափակել է Լաչինի միջանցքը։ Բազմազավակ մայրն անվտանգային խնդիրների մասին է ահազանգում։

«Երեխաները հաճախում են Արմենավանի դպրոցը, որ մեր տնից 2 կմ է հեռու։ Վախենալով են գնացել, ես էլ եմ վախենում, որ ուղարկել եմ, բայց ի՞նչ անեմ։  Անվտանգության խնդիր կա, ոչ մեկս այստեղ ապահովագրված չենք, անորոշ վիճակում ենք ապրում, մենք, երեխաները, չգիտենք, թե վաղը կամ մեկ ժամ հետո ինչ է լինելու»,-ասաց նա։

Հիշեցնենք, որ երեկ Բաքուն ահաբեկչությունից հետո հայտարարություն տարածեց, թե, իբր, Հայաստանից Արցախ զենք տեղափոխելու գործընթաց են կասեցրել այդ կրակոցներով, սակայն կարճ ժամանակ անց պաշտոնական Ստեփանակերտը տեսագրություններով մանրամասն ներկայացրեց, թե ինչպես են թշնամական պետության զինյալները հարձակվում դեպի Լիսագոր ընթացող մեքենայի վրա։ Ադրբեջանական կողմը ևս հայտնում է կորուստների մասին։

Փորձագետների կարծիքով՝ Ադրբեջանը, դժգոհ լինելով իր հարձակման արդյունքից, նոր սցենարներ է մշակում։ Եթե լինեն լայնածավալ ռազմական գործողություններ, ապա ինչպե՞ս է Արցախը դիմակայելու, եթե 44-օրյա պատերազմից հետո մարդկային և ռազմական ռեսուրսները պակասել են։

«Եթե լինի մեծածավալ ռազմական ագրեսա՝ 44-օրյա պատերազմի նման, պարզ է, որ Արցախը պաշտպանվել չի կարող, հաշվի առնելով նաև այն, որ դժվար, թե ՀՀ-ի կողմից լինի գործուն աջակցություն»,-ասում է անվտանգային հարցերով փորցագետ Դավիթ Ստեփանյանը։

Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ առաքելությունը որևէ կերպ չի արձագանքել երեկ տեղի ունեցած ահաբեկչությանը, իսկ ՆԳՆ-ից հրապարակված կադրերից պարզ է դառնում, որ նրանք միջադեպից հետո են ժամանում դեպքի վայր։ Պաշտոնական Մոսկվան դեպքից շուրջ 1 ու կես օր անց է արձագանքում՝ զսպվածության կոչ անելով երկու կողմերին, շրջանցելով այն անհերքելի փաստը, որ ադրբեջանական կողմն է առաջինը հարձակվել։

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի փորձագետ Դավիթ Ստեփանյանի խոսքով՝ ՌԴ-ն իր պարտավորությունները չի կատարում։

«Ռուս խաղաղապահները որևէ կերպ չեն միջամտնում այս իրավիճակին, չեն կատարում իրենց պարտականությունները, չեն պաշտպանում արցախցիներին։ Արցախցիների միակ երախավորն՝ անվտանգության, կարող է լինել միջազգային հանարությունը, դիտորդների տսքով, իսկ ավելի ցանկալի է խաղաղապահ առաքելությունը»,-ասաց նա։

Արցախցի ընդդիմադիր գործիչ Տիգրան Պետրոսյանն էլ հայտարարում է Արցախում ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատար Անդրեյ Վոլկովի պաշտոնանկության անհրաժեշտության մասին։

«Պետք է ռուսներին ուղիղ տեքստով մեղադրել, արցախցիներս պետք է պահանջենք Վոլկովի հրաժարականը, պետք է ՀՀ-ի և Արցախի մակարդակով դիմել ՄԱԿ-ին, որ նախ դիտորդներ, հետո խաղաղապահներ ուղարկեն այստեղ»,-ասաց նա։

Նարեկ Կիրակոսյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest