Հայաստանն ու Ռուսաստանն ընդլայնում են տեղեկատվության անվտանգության ոլորտում համագործակցությունը։ Ազգային ժողովը վավերացրեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև տեղեկատվական անվտանգության ապահովման բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիրը։ Երկու երկրները միմյանց հետ համագործակցելու են Հայաստանին ու Ռուսաստանին տեղեկատվական դաշտում սպառնացող վտանգների հարցերով։

Հիշեցնենք՝ 2022 թվականի ապրիլին Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը Մոսկվայում ստորագրել էին համատեղ հայտարարություն, որից էլ բխում է այս համաձայնագրի վավարեցումը։ 30 կետից բաղկացած հայտարարության տեքստի 10-րդ կետում ասվում է, որ Հայաստանն ու Ռուսաստանը միմյանց աջակցելու են սպառնացող արտաքին վտանգների դեպքում և կարևորելու են տեղեկատվական անվտանգության բնագավառում երկկողմ համագործակցության ամրապնդման նուղղված գործողությունները։

Այսօր վավերացված համաձայնագիրը փորձագիտական շրջանակներին մտահոգել է։ Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը նշում է, որ այս համաձայնագրի վավերացումը, հնարավոր է, ինչ-որ ազդեցություն ունենա անկախ լրատվամիջոցների գործունեության վրա, հատկապես, որ նման դեպքեր եղել են, երբ ՌԴ-ից փորձ է արվել հեռացնել որոշ հրապարակումներ։

 

«Նույնիսկ առանց համաձայնագրի վավաերացման նման փորձեր եղել են և շարունակվելու են, մի գուցե հղումը համաձայանգրին, մի փոքր դրա ազդեցությունը կբարձրացնի, ոչ էականորեն։ Ես վտանգը տեսնում եմ հենց նրանում, որ մեր իշխանությունները կարող են շահագրգռված լինեն ինչ-որ հարցերում սահմանափակել լրատվամիջոցների հասանելիությունը»,-ասաց նա։

«Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ» ՀԿ փորձագետ Արթուր Պապյանի խոսքով՝ Մոսկվայից կարող են պահանջներ դրվել։ «Սա նշանակում է, որ ՌԴ-ն կարող է ինչ-որ դեպքերում պահանջել ՀՀ իշխանություններին քայլեր ձեռնարկեն, որպեսզի ՌԴ-ին ոչ հաճո տեղեկությունները հեռացվեն։ Լինում են դեպքեր, երբ ՌԴ-ն որոշում է սահմանափակել ներռուսաստանյան թեմաներով կայքերին և ՌԴ-ն ծանր է տանում, որ չի կարողանում ավելին անել»,-ասաց նա։

Արթուր Պապյանի խոսքով՝ հայ-ռուսական համաձայնագրի վավերացմամբ միակ հնարավորությունը, որից ՀՀ-ն կարող է օգտվել, ՌԴ իշխանություններից պահանջելն է՝ պայքարել Հայաստանի անվտանգությանն ուղղված ՌԴ-ում գործող խմբավորումների գործողությունների դեմ։ «Մենք շատ անգամներ դիտարկում ենք կիբեռանվտանգության ոլորտում հարձակումներ ՀՀ դաշտի վրա, հաճախ դրանց զգալի մասը ծագում է ՌԴ-ից, սա կարող են օգտագործել այս ամենի դեմ պայքարելու համար։ Երևի սա էլ կաշխատի այնքան որքան այն անձանց դեպքում են աշխատում համաձայնագրեր, որոնց պետք է ՌԴ-ն հանձնի ՀՀ-ին»,-ասաց նա։

«Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանի խոսքով՝ անվտանգության հարցում հայ-ռուսական համագործակցությունը չի կայանում։

«Եթե տեղեկատվական անվտանգության համաձայնագրի տակ հասկացվում է պաշտպանությունը կիբերհանցագործություներից, հաքերներից, DDos հարձակումներից եւ այլն, ապա դրա հետեւանքները, հավանաբար, պետք է գնահատեն համապատասխան մասնագենտերը: Այս հարցում կարող եմ միայն ասել, որ մեր երկու երկրների համագործակցությունն առահասարակ անվտանգության հարցերում վերջին շրջանում, մեղմ ասած ճաքեր է տվել: Եթե, սակայն, համագործակցությունը վերաբերում է լրատվական կոնտենտին, ապա այս հարցում մեր եւ ռուսական համակարգերը խիստ տարբեր են: Մենք, իհարկե, բազմաթիվ խնդիրները, բայց որեւէ ձեւով չենք կարող ներդաշնակ լինել մի երկրի համակարգի հետ, որտեղ չկան օրինական գործող անգամ կայքեր, որոնց բովանդակությունը տարվերվում է կացնային պաշտոնական քարոզչությունից եւ որտեղ չի կարելի անգամ արտաբերել «պատերազմ» բառը»,-ասաց նա:

Մինչ հուշագիրը գործողության մեջ կմտնի, երեկ ուշագրավ դեպք է տեղի ունեցել «Զվարթնոց» օդանավակայանում։ Ստամբուլ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո ձերբակալվել է Ռուսաստանի 31-ամյա քաղաքացի, որը հետո ստորագրությամբ ազատ է արձակվել: Նա անցած տարվա դեկտեմբերի 20-ից հետախուզվում էր Մոսկվայում հակապատերազմական գրություններ անելու համար։ Փորձագետներին այս փաստը մտահոգում է, քանի որ պաշտոնական Երևանը տարբեր միջպետական փաստաթղթերի շրջանակներում Մոսկվայի հետ կապվում է փոխադարձ պարտավորություններով՝ ակամայից մասնակից դառնալով ՌԴ քաղաքացիների նկատմամբ քաղաքական հետապնդումների գործընթացին։

Նարեկ Կիրակոսյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest