Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն իրականացրել է մոնիտորինգ ուսումնասիրելով զանգվածային լրատվության միջոցների կամ լրագրողների դեմ ներկայացված այն դատական գործերը, որոնք վերաբերում են զրպարտությանն ու վիրավորանքին (ՀՀ քաղաքացիական օրենսգիրք, հոդված 1087.1): «Այս հոդվածով լրատվամիջոցների ու լրագրողների դեմ հայցերը գերակշիռ են», -ասում է ԽԱՊԿ նախագահ Աշոտ Մելիքյանը:

Այսպես, ըստ մոնիտորինգի տվյալների, ներկայացվել է 106 դատական հայց, որոնցից 72-ը 2021 թվականին, 34-ը՝ 2022-ին։ Այդ հայցերից վարույթ է ընդունվել 93-ը (2021-ին՝ 69, 2022-ին՝ 24),  մնացած 13-ը վարույթ չեն ընդունվել փաստաթղթերը թերի լինելու կամ հայցը հետ վերցնելու հիմքերով։

Վարույթ ընդունված 93 գործերից 48-ում (2021թ․՝ 38, 2022թ․՝ 10) հայցվորները ներկա կամ նախկին պաշտոնյաներ են, քաղաքական գործիչներ կամ պետական մարմիններ, 25-ում (համապատասխանաբար՝ 19 և 6)՝ գործարարներ կամ տնտեսվարող ընկերություններ են, 9-ում (5 և 4)՝ շարքային քաղաքացիներ, 4-ում (3 և 1)՝ քաղհասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներ, 7-ում (4 և 3) լրատվամիջոցներ։

Մոնիտորինգի ընթացքում վերլուծության առարկա են դարձել այն գործերը, որոնց վերաբերյալ ընդունվել է առնվազն մեկ և ավելի դատական ակտ, որոնք 17–ն են։ Ընդ որում՝ դրանցից 6 գործով կայացված ակտերը մտել են օրինական ուժի մեջ, այսինքն՝ վեճերը հանգուցալուծվել են, իսկ 11-ի առնչությամբ ընդունվել է 1 և ավելի ակտ, բայց դատական գործընթացները սույն հետազոտությունը հրապարակելու պահին ընթացքի մեջ են եղել։

2021 և 2022 թվականներին հարուցված դատական գործերով կնքվել է 2 հաշտության համաձայնություն, ինչի հիմքով էլ դրանք կարճվել են:

Հայցադիմումները վերադարձվել և կրկին չեն ներկայացվել 10 դեպքում, որոնցից 3-ը 2021 թվականին, իսկ 7-ը՝ 2022-ին։ Երեք դեպքում՝ բոլորը 2022 թվականին, հայցը կրկին ներկայացնելուց հետո այն վարույթ ընդունելու որոշում դեռ չի կայացվել:

Հայցվորների կողմից դատական նիստին երկու և ավելի անգամ անհարգելի պատճառներով չմասնակցելու դեպքեր արձանագրվել են 3 անգամ, որոնցից 1-ը 2021 թվականին, 2-ը՝ 2022 թվականին, 3 դեպքում էլ դատարանները հայցերը առանց քննության են թողել՝ բոլորը 2021 թվականին: Հայցից հրաժարվելու հիմքով կարճված գործերի քանակը 9-ն է, որոնցից 3-ը 2021 թվականին, 6-ը՝ 2022-ին: Ընդհանուր առմամբ 93 վարույթ ընդունված գործերից 14-ում ԶԼՄ-ների հիմնադիրները ոչ թե պատասխանող են, այլ ներգրավվել են որպես երրորդ անձ․ 2021 թվականին 10, 2022-ին՝ 4 դեպքում։

Փաստաբան Դավիթ Ասատրյանի ներկայացմամբ, նախորդ տարիների համեմատ լրատվամիջոցների վերաբերյալ դատական գործերով առատ տարիները եղել են 2019-ը և 2021-ը, որոնց ընթացքում արձանագրվել է 66-ական դատական գործ: Արդեն 2022-ին գրանցվել է դատական գործերի 3 անգամ նվազում: «2018-ից հետո 2022-ը լրատվամիջոցների վերաբերյալ դատական գործերով ամենանվազ տարին է համարվում: Այդ հանգամանքը մենք պայմանավորել ենք երկրում տեղի ունեցող իրադարձություններով, հետընտրական իրավիճակով և այն հանգամանքով, որ 2022-ը համեմատաբար հանգիստ տարի էր», -ասել է Ավետիսյանը:

Զրպարտության և վիրավորանքի հարցերով կա երկու փոխհատուցման տարբերակ՝ նյութական և ոչ նյութական: Նյութական փոխհատուցումը ենթադրում է դրամական պահանջի բավարարում, իսկ ոչ նյութական փոխհատուցման դեպքում ներողություն խնդրելը կամ հերքել պարտավորեցնելը:

Մոնիտորինգի արդյունքները ցույց են տվել, որ լրատվամիջոցների կամ լրագրողների դեմ նյութական պահանջ նեկայացվել է. 6 պահանջից 5-ը բավարարվել է: «Թեպետ պահանջվող գումարի չափը նախորդ տարիների համեմատ նվազել է, բայց դատարաններում կա պրակտիկա, որ իրենց դատական ակտերում չեն հիմնավորում նյութական փոխհատուցման անհրաժեշտությունը, մինչդեռ Վճռաբեկ դատարանի նախադեպային իրավունքի համաձայն, դատարանները պարտավոր են բավարարել նյութական փոխհատուցում միայն այն դեպքում, երբ ոչ նյութական փոխհատուցումը բավարար չէ հատուցել այն պատճառված վնասը, որը հայցվորը կրել է», -նշել է Ավետիսյանը:

Փաստաբանը նկատել է, որ սովորաբար այս գործերով դատարանների որոշումների պատճառաբանությունները թերի են ու ենթադրություն հայտնել, որ հավանաբար դատարաններում կան շաբլոնային ձևեր ու որոշ փոփոխություններով հարմարեցնում տվյալ գործին: «Դատական ակտերի պատճառաբանությունները կարևոր նշանակություն ունեն», -ընդգծել է Ավետիսյանը:

Նա մեկ այլ խնդիր է մատնանշել՝ ասելով, որ ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի պահանջը՝ վեճի արտադատական կարգի մասին չի պահպանվում:

«Վերջին փոփոխություններով սահմանվեց, որ եթե օրենքով նախատեսված է վեճի արտադատական կարգ, ապա դատարանները պետք է քննության առնեն այդ վեճը, եթե արտադատական կարգը պահպանված է: Մենք գիտենք, որ ԶԼՄ մասին օրենքում նախատեսվում է արտադատական կարգ, ինչը նշանակում է, որ անձը կարող է դմել լրատվամիջոցին ու պահանջել հերքում: Բայց դատարանները կարծես, ոչ բոլորն են համաձայն այս դրույթի հետ», -ընդգծել  է Ավետիսյանը՝ նշելով, որ պատաստվում են այդ մասին օրենսդրական առաջարկությամբ հանդես գալ:

 

 

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest