Ռուսաստանում հետախուզում է հայտարարվել «արտասահմանյան գործակալ» ճանաչված Արտյոմ Վաժենկովի հանդեպ, որն, ըստ տվյալների, Երեւան է մեկնել։

Փետրվարի 28-ին, Ստամբուլ-Երևան ինքնաթիռի ժամանումից հետո, «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվել է Ռուսաստանի քաղաքացի, 31-ամյա Նիկիտա Կամենսկին, որը երկրից չբացակայելու մասին ստորագրությամբ ազատ է արձակվել։

Հայաստանի ոստիկանության փոխանցմամբ՝ ՌԴ քաղաքացին անցած տարվա դեկտեմբերի 20-ից հետախուզվում է Մոսկվայի իրավապահ մարմինների կողմից՝ վանդալիզմի համար։ Կամեսկիի նկատմամբ դեռ հուլիսին են գործ հարուցել՝ Մոսկվայի մետրոյի «Տիմիրյազևսկայա» կայարանում հակապատերազմական գրություններ անելու համար։

Ռուս-ուկրաինական պատորազմի 1 տարվա ընթացքում Մոսկվան խստացրել է ՌԴ օրենքները․ ընդդիմադիր, պատերազմի դեմ հանդես եկող հարյուրավոր անձանց հանդեպ քրեական գործեր են հարուցվել եւ հետախուզում է հայտարարվում։ Դրանց մի մասը ենթադրաբար գտնվում է Հայաստանում։

Թուրքիայի եւ Իրանի հետ Հայաստանի «նախկին ԽՍՀՄ» սահմանները հսկում են ռուս սահմանապահները։ Դա արվում է ըստ 1992 թ․ ստորագրված համաձայնագրի, որի մեջ նշված չէ, որ ռուս սահմանապահները պետք է հսկեն նաեւ Հայաստանի օդային սահմանը։ Սակայն Զվարթնոց միջազգային օդանավակայանում ծառայություն են իրականացնում նաեւ ռուս սահմանապահները։ Եւ այդ դեպքում հարց է առաջանում, ո՞ր երկրի օրենքներով են ղեկավարվում սահմանապահները։ Եթե անձը հետախուզվում է Ռուսաստանի, բայց ոչ՝ Հայաստանի կողմից, արդյո՞ք, նրան իրավունք ունե՞ն ձեռբակալել Զվարթնոց օդանավակայանում։

Նման դեպքեր եղել են նախկինում։

2018 թ․ մայիսի 31-ին հայտնի է դարձել, որ աբխազ երիտասարդ Խամիդա Արջենիան ՀՀ տարածք է մուտք գործել Աբխազիայի անձնագրով։ Հայաստանը չի ճանաչել Աբխազիայի անկախությունը եւ անձնագիրը, սակայն դա արել է Ռուսաստանը։

Արջենիան Ադլերից Հայաստան է ժամանել ինքնաթիռով, իսկ «Զվարթնոց» օդանավակայանում նա անցակետը հատել է հենց աբխազական անձնագրով, ինչն առաջացրել է Վրաստանի զայրույթը: Փաստորեն, ռուս սահմանապահները ղեկավարվել են իրենց երկրի, այլ ոչ Հայաստանի օրենքով։

2019 թ․ մայիսի 1-ին սահմանապահները թույլ չէին տալիս Հայաստան մութք գործել Ուկրաինայի Գլխավոր Ռադայի պատգամավոր Մուստաֆա Նայեմին։ 2,5 ժամ սահմանապահները բաց չէին թողնում պատգամավորին, հայտարարելով, որ նրա ազգանունը նշված է ցուցակում որպես «երրորդ երկրի համար անցանկալի անձ»։ Նա ասում է, որ այդ երրորդ երկիրը՝ Ռուսաստանն է։

Այն ժամանակ իրավապաշտպանները կոչ են արել դիմել Սահմանադրական դատարան եւ պարզել, արդյո՞ք հայ-ռուսական պայմանագիրը համապատասխանում է Սահմանադրության, մասնավորապես՝ Հայաստանի ինքնիշխանության մասին հոդվածին։

Մի քանի տարի առաջ ԱԱԾ ներկայացուցիչ Մ․ Խաչատրյանը, պատասխանելով հարցին, ինչի՞ հիման վրա են ռուս սահմանապահները հսկողության իրականացնում Զվարթնոց օդանավակայանում, պատասխանել է, որ համաձայնագիրը ստորագրելու պահին ռուս սահմանապահները արդեն գտնվում էին Զվարթնոցում։

Հանաձայնագրի մեջ նշվում է, որ Հայաստանը, ելնելով սեփական, ՌԴ եւ ԱՊՀ երկրների անվտանգությունից, Թուրքիայի եւ Իրանի հետ սահմանի պահպանումը պատվիրակում է ՌԴ Սահմանապահ զորքերին, որոնք համաձայնագիրը ստորագրելու պահին գտնվում էին ՀՀ տարածքում։

Թեկուզ համաձայնագրի մեջ նշված է, որ ժամանակի հետ ՌԴ-ն կփոխանցի առաքելությունը հայ սահմանապահներին, սակայն 30 տարվա ընթացքում նման փորձ չի արվել։ Ավելին՝ 2020 թ․ պատերազմից հետո ռուս սահմանապահները հայտնվել են նաեւ Ադրբեջանի հետ պայմանական սահմանին, ինչը նախատեսված չէ համաձայնագրով։

Սահմանապահների հարցը՝ Հայաստանի ազգային անվտանգության հարց է։ Առանց ինքնիշխան սահման դժվար է պետություն պատկերացնել։ Դժվար է նաեւ կատարել միջազգային պարտականությունները։

Անցյալ շաբաթ Հայաստանում էին ԱՄՆ Մաքսային և սահմանային պահպանության ծառայության ներկայացուցիչները՝ քննարկելու սահմանային անվտանգության հարցերում համագործակցության հնարավորությունները։

Այս կառույցի միջազգային նախաձեռնությունները նպատակաուղղված են օրինական առևտուրն ու ուղևորությունները դյուրացնող միջազգային համաձայնագրերի իրականացմանը։ ԱՄՆ-ը մեկ անգամ չէ որ զգուշացրել են Հայաստանին՝ չխախտել Ռուսաստանի դեմ միջազգային պատժամիջոցները։ Սակայն դա գրեթե անհնարին է, երբ սահմանն հսկում են ռուսական ՖՍԲ- Սահմանապահ զորքերը։

Հայաստան կատարած այցի ընթացքում ամերիկյան կառույցի պաշտոնյաները դիտարկեցին աշխատանքները «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում ու հայ-վրացական սահմանի Բագրատաշեն անցակետում և եղան հայ-ադրբեջականական սահմանի Երասխի հատվածում։

Նաիրա Հայրումյան

 

Pin It on Pinterest