Այսօր մարտի 1-ն է: 15 տարի առաջ այդ օրը 10 հոգի արյուն տվեց հանուն ժողովրդավարության, որը կենդանության նշաններ ցույց տվեց դրանից միայն 10 տարի հետո: 10 հոգի, այսինքն, սպանվեց: Որպեսզի Հայաստանի գարունը դրանից հետո գա առանց արյան: Առանց արյան, այսինքն, առանց գողանալու, առանց սպանելու, առանց խաբելու, որպեսզի սովորական քաղաքացուն բանի տեղ դնեն:
Մինչև 2018-ի գարունը ոչ մի հույս էլ չկար, որ 10 հոգու թափած արյունը պետության համար դեր կխաղա: Բայց եղավ հեղափոխություն: Ու առաջին բանը, որ բոլորն ակնկալեցին, այն էր, թե ո՞վ սպանեց Հայաստանի 10 քաղաքացուն: Այստեղ էլ խնդիր կար: Սպանել բառը մի եսիմինչ չի նշանակում, եթե դու քո զոհը չունես:
Պարզվեց, զոհերը մարդիկ են, որոնց անունից կարող ես ասել ամեն ինչ, բայց այն, ինչ անում ես, դառնում է սպանածների անունից: Մարտի 1-ի գործը բացելն ու փակելը մեկ եղավ: Իհարկե, եղան ձերբակալվածներ, բացվեցին փակագծեր, պարզվեց Քոչարյանը Ղարաբաղից զորք է բերել, որ իշխանությունը Սերժից բացի ուրիշ ոչ մեկը չվերցնի: Ու այստեղ հասկանալի դարձավ ամենասարսափելին:
Մինչև հեղափոխությունը մենք գործնականում չգիտեինք, թե ինչեր է արել Քոչարյանը իշխանությունը պահելու համար: Հեղափոխությունից հետո գիտենք ու հիմա Քոչարյանն ընդդիմության առաջնորդն է: Այսինքն, ընդամենը տեղեր փոխվեցին: Իսկ այս վիճակն իրականում այդքան նվաստացուցիչ չէր լինի, եթե այսօր գործող իշխանությունը կարողանար ասել, թե ինչու չի բացահայտվելու մարտի 1-ը: Իսկ չի բացահայտվելու, որովհետև այս գործում կա մեկ անձեռնմխելի մարդ՝ Ռոբերտ Քոչարյանը:
Հենց այդտեղ վրիպեց Նիկոլ Փաշինյանը: Նա պետք է Քոչարյանին ամենավերջում մեղադրեր: Մինչդեռ ամենաառաջինը մեղադրեց: Իհարկե, Փաշինյանը Քոչարյանին ձերբակալեց, որպեսզի մյուս մեղավորներն առանց վախենալու ցուցմունք տան: Մինչդեռ Քոչարյանի հովանավորներն ավելին էին, քան՝ Փաշինյանի վճռականությունը: Դրանք նրանք էին, որոնք ամենաառաջինը շնորհավորեցին Սերժ Սարգսյանին: Արդյունքում Հայաստանի քաղաքացին այսօր տեսնում է, որ կարելի է պետական ցանկացած հանցագործության համար պատասխան տալ, բայց սպանության ճանապարհով իշխանություն պահպանելու համար 30 տարվա ընթացքում ոչ ոք պատասխան չի տվել:
Ճիշտ այդպես Փաշինյանը վրիպեց նաև Ղարաբաղի պատերազմում: Նա չնկատեց, որ կռիվն արդեն մղվել է, որ Ղարաբաղի ճակատագիրը վճռված է: Այնպես որ՝ նա չէր խաբում, երբ ասում էր, թե նախկինները գնում են Ղարաբաղ ու մեր զինվորներին համոզում են, որ «իզուր եք կռվում, էս կռիվը ծախած է»: Իհարկե, ծախած էր, բայց ծախվել էր ավելի վաղ: Ծախվել էր մինչև հեղափոխությունը, երբ զիջող չկար «Ղարաբաղի հարցը լուծված է» ասելով (վարչապետ Փաշինյանն էլ է սա ասել): Այսօր ոչ Ղարաբաղ ունենք, ոչ էլ՝ մարտի 1-ի բացահայտման հույս:
Հետևաբար հարց է ծագում՝ ե՞րբ կունենանք մարտի 1-ը բացահայտող իշխանություն ու ի՞նչ է պետք դրա համար: Դրա համար պետք է մի իշխանություն, որը «մարտի 1-ի բացահայտում» ասելիս կնայի ոչ թե նրա կողմը, թե ում ոտքն է տրորում, այլ՝ նրա կողմը, ում ձեռքերի վրա եկել է իշխանության: Նա, ով չի բացահայտում մարտի 1-ը, իր մեջ խնամում է սեփական մարտի 1 անողին:
Մհեր Արշակյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: