Այսօր տեղի է ունեցել մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված «Ազդեցություն և հակազդեցություն» հուշարձանի բացման արարողությունը, որին մասնակցել է նաև ՀՀ վարչաետ Նիկոլ Փաշինյանը։

«Մարտի 1-ը ամենևին էլ սգի օր չէ, իհարկե, մենք սգում ենք զոհերի փաստը, ոգեկոչում ենք նրանց հիշատակը, բայց իրականում մարտի 1-ը շատ աելի լայն համատեքստ ունի, և մեր զոհված եղբայրների մահվան խորհուրդը բոլորովին այլ բանի մասին է։ Իրականում մարտի 1-ը ժողովրդավարության, ժողովրդի կամքը ազատ արտահայտելու մասին էր», -իր ելույթում հայտարարել է վարչապետը՝ ընդգծելով, որ պետք է անել ամեն ինչ արժանի լինելու հայրենիքի համար իրենց կյանքը զոհած հայորդիներին։

Բացման արարողությունից հետո նա կարճատև զրույց ունեցավ լրագրողների հետ։ Հարցին, թե արդյոք պնդում է նախկին հայտարարությունը, որ մարտի 1-ը բացահայտված է, Փաշինյանը պատասխանեց․ «Այո, մարտի 1-ը բացահայտված է, բայց մեղավորները դեռևս պատժված չեն»։

Պատճառները Փաշինյանը չմատնանշեց՝ ասելով․ «Ամենատարբեր պատճառներով, այդ թվում՝ ձեզ հայտնի իրավական մի շարք որոշումներով»։

«Ասեմ, որ այն, որ մինչև հիմա մարտի 1-ի մարդասպանները հայտնաբերված չեն, չի նշանակում, որ այդպես չի լինի։ Ընդհանրապես, լինում են նման դեպքեր։ Ամենամեծ խնդիրն այն է, որ քրեական գործի վարույթներով հիմնավորվել, ապացուցվել է, որ նախաքննությունը 2008-ի մարտի 1-ից անմիջապես հետո ոչ միայն ամբողջ ջանքերը չի գործադրել, որ հանցագործությունը բացահայտվի, այլև բոլոր հնարավոր ջանքերը գործադրվել են, որ բացահայտումը կամ դժվար լնի, կամ անհնար։ Օրինակ՝ այս տարածքից հավաքված պարկուճները հետագայում քրեական գործի շրջանակներում փոխարինվել են այլ պարկուճներով։ Բայց դա կապ չունի, իմ դիրքորոշումն այն է, որ մենք պետք է հասնենք լիարժեք, ամբողջական բացահայտմանը: Չմոռանանք՝ քրեական գործի շրջանակներում ինչեր են պարզվել, պարզվել է, որ ջոկատներ են կազմվել, ապօրինի վճարումներ են արվել, պարզվել է, որ դա արվել է բանակի հովանու ներքո։ Դրա հիմնական պատասխանատուները դատարանում էին, բայց հայտնի հանգամանքների բերումով փորձ է արվում էնպես անել, որ նրանք․․․», -հայտարարել է Փաշինյանը։

Հուշարձանի հեղինակը, ի դեպ, 2008-ի դեպքերի մասնակից, քանդակագործ Ալբերտ Վարդանյանն է։ «Ստեղծագործությունն արվել է ի սրտե, բավականին բարդ աշխատանք էր։ Այլևս չտեսնենք նմանատիպ օրեր, նմանատիպ զոհեր», -բացման արարողության ժամանակ ասել է Վարդանյանը։

Հուշարձանը տեղադրվել է Զաքյան, Բեյրութի և Գրիգոր Լուսավորիչ փողոցներով շրջապատված մանկական այգում։

 

 

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest