Լեռնային Ղարաբաղի ժողովրդի մարդու իրավունքների պաշտպանությունը շարունակաբար անտեսվել է, Ժնևում ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդի 52-րդ նիստին հայտարարեց արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

Նախարարը փոխանցեց Հայաստանի հաստատակամ համոզմունքը, որ ՄԱԿ միջգործակալական առաքելության տեղակայումը Լաչինի միջանցքում և Լեռնային Ղարաբաղում այն նվազագույնն է, որ միջազգային հանրությունը կարող է անել այս պայմաններում։

«ՄԱԿ-ն օժտված է համընդհանուր մանդատով և պետք է անվերապահ և անխոչընդոտ հասանելիություն ունենա դեպի կարիքի մեջ գտնվող անձինք», — ԱԳՆ-ի հաղորդմամբ՝ ասաց Միրզոյանը՝ նկատելով, որ արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ միջազգային հանրությունը, սակայն, հիմնականում անտարբեր մնաց ադրբեջանական գործողություններին, մինչդեռ «Ադրբեջանն ավելի էր քաջալերվում՝ ոգևորված անպատժելիությունից»:

«Նման լիակատար անպատժելիության մթնոլորտում Ադրբեջանը շարունակում է խախտել միջազգային մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի սկզբունքները», — շեշտեց նախարարը։

Շուրջ 80 օր է, ինչ Ադրբեջանը արգելափակել է Լաչինի միջանցքը՝ Արցախը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը։ Ադրբեջանը նաև խաթարել է էլեկտրաէներգիայի մատակարարումը և պարբերաբար խափանում է գազամատակարարումը։

Այս ամեն հետևանքով, Արցախի հայությունը կանգնած է հումանիտար աղետի եզրին, ընդգծեց Արարատ Միրզոյանը՝ շարունակելով. «Միևնույն ժամանակ, Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով հայտարարում է, որ կարող է վերացնել շրջափակումը բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են լքել Լեռնային Ղարաբաղը։ Սա ոչ այլ ինչ է, քան դանդաղ իրականացվող էթնիկ զտում»:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest