Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ և մասնակցությամբ՝ այսօր՝ մարտի 1–ին, կայացել է Արցախի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության պաշտոնական ներկայացուցիչների հերթական հանդիպումը: Այս մասին «Արցախպրես»-ի հետ զրույցում տեղեկացրել է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը։
Նա պարզաբանել է, որ քննարկվել են հումանիտար և ենթակառուցվաքային բնույթի հարցեր, մասնավորապես՝ Լաչինի միջանցքով մարդկանց, մեքենաների ու բեռների անխափան տեղաշարժի վերականգնմանը, Հայաստանից Արցախ էլեկտրամատակարարման վերականգնմանը, բնական գազի անխափան մատակարարմանը, ինչպես նաև Կաշենի հանքավայրի գործունեության շուրջ մտահոգություններին վերաբերող հարցերը:
«Այլ հարցեր օրակարգում չեն եղել: Հանդիպումն առերևույթ կառուցողական էր, և հույս ունենք, որ արդյունքները երկար սպասեցնել չեն տա»,- նշել է Ավանեսյանը:
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակած լուսանկարների, հայկական կողմից բանակցություններին մասնակցել է Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Շահրամանյանը և այլ պաշտոնյաներ։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: