«Ինձ չհասկացողներ, չկամեցողներ, մաղձի մեջ տապակվողներ, նստեք և սպասեք, ձեր հետևից կգան». Բարձրագույն դատական խորհրդի որոշմումից հետո Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանի արձագանքն է:
Հիշեցնենք՝ Բարձրագույն դատական խորհուրդը փետրվարի 27-ին կայացրած որոշմամբ, դադարեցրել էր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանի լիազորությունները։ Ըստ ԲԴԽ-ի՝ դատավորը թույլ է տվել էական խախտում։ Դատավոր Նախշքարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը ներկայացրել էր Արդարադատության նախարարը: Պատճառն այն էր, որ դատավոր Նախշքարյանը լրատվամիջոցներին տված հարցազրույցում կարծիք էր հայտնել լիազորություններն արդեն դադարեցված դատավոր Աննա Փիլոսյանի կարգապահական վարույթի վերաբերյալ և գնահատողական դատողություններ արել: Նաև խոսել էր դատավորների գերծանրաբեռնվածության մասին, ինչի համար էլ նախկին դատավոր Աննա Փիլոսյանի լիազորությունները դադարեցվել էին:
«Կողմ քվեարկած անձինք, դո՛ւք եք այս որոշման հետ ապրելու՝ ոչ Փիլոսյանը, ոչ հասարակությունը, դո՛ւք»,- հարցազրույցում ասել էր Նախշքարյանը: Արդարադատության ներկայացուցիչը նաև որպես կարգապահական վարույթ ներկայացնելու պատճառ մատնանշել էր Զարուհի Նախշքարյանի ֆեյսբուքյան գրառումները:
«Շնորհակալություն եմ հայտնում իմ անփոխարինելի ներկայացուցիչներին՝ Ռուբեն Մելիքյանին և Սիրանուշ Սահակյանին, գործընկերներիս, փաստաբաններին և լրատվամիջոցներին, իմ ուժերին հավատացողներին և ինձ դատավորի բարձր առաքելությունը վստահողներին՝ այն ահռելի աջակցության համար, որ դուք ինձ ցուցաբերեցիք:
Դուք ինձ հնարավորություն տվեցիք գիտակցելու, որ իմ բոլոր ջանքերն անկախ դատական իշխանություն ունենալու համար զուր չեն եղել, և, ինչպես ասում է դատավոր Աննա Փիլոսյանը, մեկ մարդու արածը երբեք անկարևոր և անհետևանք չէ», -իր ֆեյսբուքյան գրառմամբ հայտարարել է Նախշքարյանը:
ԲԴԽ-ում Արդարադատության նախարարի միջնորդության հիման վրա Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանի նկատմամբ հարուցված կարգապահական վարույթի քննությունը մեկնարկել էր փետրվարի 21-ին: Հենց նիստի մեկնարկին ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը ինքնաբացարկ էր հայտնել, որը բավարարվել էր: Ինքնաբացարկ հայտնելիս որպես պատճառաբանություն Անդրեասյանը ասել էր, որ դեռևս 2022-ի դեկտեմբերի 2-4-ին, Դիլիջանում ԲԴԽ-ի կազմակերպած աշխատաժողովի ընթացքում առանձնազրույց է ունեցել Զարուհի Նախշքարյանի հետ և զրույցի ընթացքում արտահայտած մի շարք տեսակետներն անհնար են դարձնում իր մասնակցությունը կարգապահական վարույթին: Կարեն Անդրեասյանը բացակայության պայմաններում նիստը նախագահել էր ԲԴԽ անդամներից ամենաավագը՝ Նաիրա Հովսեփյանը: Հենց նա էլ արդեն երեկ՝ փետրվարի 27-ին, կարդացել էր Նախշքարյանի լիազորությունները դադարեցնելու մասին որոշումը:
Զարուհի Նախշքարյանի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանն ասում է՝ ԲԴԽ-ում տևական ժամանակ շարունակվող «արտասովոր զարգացումները» իրավական բարեփոխումների տրամաբանության մեջ չեն, և ԲԴԽ որոշումը հաշվեհարդար է քաղաքական պատվեր չկատարած դատավորի նկատմամբ:
«Հարկադիր հրաժարականների արդյունքում քաղաքական ուժի կամակատարները անգամ ֆորմալ պահանջներին չբավարարելով հայտնվում են Բարձրագույն դատական խորհրդում: Ազդակը մեկն է՝ ԲԴԽ-ն ոչ թե դատավորների անկախությունը երաշխավորող օղակ է, այլ այն դարձել է գործիք գործադիր իշխանության ձեռքերում, որը պատժում է դատավորներին», -Forrights.am-ի հետ զրույցում ասում է Սահակյանը:
Ավելին, նրա խոսքով, այնքան մեծ է ցանկությունը գործադիրի այս կամ այն պահանջը կատարելու հարցում, որ այդ ճանապարհին ԲԴԽ-ում անտեսում են իրավունքի գերակայությունը, մարդու իրավունքները, ժողովրդավարական սկզբունքները:
«Տիկին Նախշքարյանը ունի թույլատրելի համարձակություն և գործադիր իշխանության ձախողումները դատաիրավական բարեփոխումների շրջանակներում բարձրաձայնել է: Այս գործելակերպը ընդունելի չէ և հստակ պատվեր էր դրված օր առաջ դադարեցնել տիկին Նախշքարյանի լիազորությունները: Ուշադրություն դարձրած կլինեք՝ աշխատանքային ժամի ավարտից հետո նույնիսկ փորձ արվեց նիստ անել, որովհետև կար հրահանգ՝ ժամ առաջ դադարեցնել լիազորությունները», -ընդգծում է Սահակյանը:
Զարուհի Նախշքարյանի ներկայացուցիչների համար ռազմավարական տեսանկյունից ԲԴԽ որոշումը «ամենացանկալի արդյունքն է», քանզի նրանք պատրաստվում են այս հարցին միջազգային հնչեղություն տալ՝ այն ներկայացնելով միջազգային բոլոր հնարավոր հարթակներում, կազմակերպություններում: Սահակյանն ու իր թիմը կայացված որոշումը համարում են կառավարության ժամանակավոր հաղթանակ, իսկ երկարաժամկետ կտրվածքով նրանք հույս ունեն՝ կունենան «անվերապահ հաղթանակ»:
«Տիկին Նախշքարյանի առնչությամբ բոլոր խախտումները միջազգայնորեն արձանագրվելու են, այս դեպքում կոնսենսուսային ապալեգիտիմ որոշումը չեզոքացվելու է իրավական համակարգից, տիկին Նախշքարյանը վերականգնվելու է, ժամանակագրային առումով՝ այլ փուլում: Իսկ այս որոշման տակ ստորագրածները իրենց իսկ ռեֆորմների հիման վրա, կարծում եմ, կկանչվեն պատասխանատվության», -նշում է Սիրանուշ Սահակյանը:
Հարցին՝ արդյոք ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի ինքնաբացարկը կարող է ազատել նրան հնարավոր պատասխանատվությունից, Սիրանուշ Սահակյանը արձագանքում է. «Այդ ինքնաբացարկը արտաքուստ անմասն մնալու անհաջող փորձ էր: Հասկանալի է, որ նա պրոցեսի մաս է և կան ԲԴԽ անդամներ, որոնք գտնվում են նրա ուղղակի հսկողության ներքո: Դրա համար ԲԴԽ ներկա կազմը ունակ չէ անկախ, ազատ ու իր չակերտավող ղեկավարից ավտոնոմ որոշումներ կայացնել»:
ԲԴԽ որոշումը բողոքարկման ենթակա չէ, ի՞նչ իրավական ուղիներ է օգտագործելու Զարուհի Նախշքարյանի ներկայացուցչական թիմը հարցին ի պատասխան, Սահակյանը նկատում է, որ Սահմանադրական դատարան դիմելու հնարավորությունը չեն դիտարկում՝ սահմանադրականության հարց չկա և բացի այդ էլ՝ ՍԴ ներկա կազմի հետ կապված հույս էլ չկա:
Ինչ վերաբերում է այլ միջոցների կիրառմանը, ապա ըստ Սահակյանի Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Նախշքարյանի վերաբերյալ արդեն վարույթ կա, որին էլ կհավելվի այս որոշումը: «Նախշքարյանի վերաբերյալ ՄԻԵԴ-ում երեք գործերից զատ կունենանք չորս գործ և սա համակարգային է ցուցադրելու երկրի խնդիրները: Մենք խնդիր ունենք ինչպես անհատապես վերականգնել տիկին Նախշքարյանի իրավունքները, անպես էլ համակարգային փոփոխություն բերել: Կարծում եմ՝ ռազմավարական նշանակություն ունեցող դատական ակտ ենք ունենալու Եվրոպական դատարանի կողմից», -ասում է Սահակյանը՝ հավելելով, որ այս դեպքով իրենք աշխատելու են նաև ՄԱԿ-ի այլ կառույցների հետ ևս:
Նկատենք, որ ԲԴԽ-ի առաջ Զարուհի Նախշքարյանը առաջին անգամ չէ, որ կանգնում է. ԱՆ-ն դեռևս նախորդ տարի ևս կարգապահական վարույթ հարուցելու միջնորդություն էր ներկայացրել ԲԴԽ, որը սակայն մերժվել էր: Այդ առնչությամբ Նախշքարյանն ասել էր, որ ցանկալի կլիներ, որ այսուհետ արդարադատության նախարարությունն ավելի մեծ ջանք գործադրի՝ հիմնավորվածության տեսանկյունից կարգապահական վարույթներ հարուցելիս։
«Ոչ թե քանակության վրա շեշտը դնի, այլ հիմնավորվածության։ Չի կարող ինքնանպատակ լինել իրեն դուր չեկող անձանց հեռացնել համակարգից։ Ես լիահույս եմ, որ դատական իշխանության ներկայացուցիչներն՝ իմ բոլոր գործընկերները, տեսնելով այս վարույթը, կլցվեն համոզմունքով և այլևս չեն հիասթափվի, պատրաստակամ կլինեն, կշարունակեն գործել»,- ասել էր Նախշքարյանը։
Հասմիկ Համբարձումյան
Հասմիկ Համբարձումյանը լրագրող է, լուսաբանում է դատա-իրավական ոլորտը: Անհանդուրժող է անարդարության ու մարդու իրավունքների խախտումների նկատմամբ: Լրագրողական 15 տարիների գործունեության ընթացքում մասնակցել է լրագրողական փոխանակման միջազգային տարբեր ծրագրերի, հաջողությամբ ավարտել Thomson Reuters Foundation-ի դասընթացը: