Ե՞րբ է Ադրբեջանը կատարելու ՄԱԿ-ի Արդարադատության  միջազգային դատարանի որոշումը և ի՞նչ կարող է անել Հայաստանը, եթե որոշման կատարումը ձգձգվի՝ Արցախի ժողովրդի համար կենաց և մահվան հարցի շուրջ փետրվարի 27-ին հրավիրած ասուլիսում կառավարության տեսակետներն արտահայտեց միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։

Նա ասել է, որ միջազգային իրավունքում հարկադրանքի հստակ մեխանիզմներ չկան, և ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշումը կյանքի կոչելու համար պետք է առավելագույն ճնշում գործադրվի Ադրբեջանի վրա։

«Չունենք նման ինստիտուտ, որը զբաղվի միջազգային դատարանի որոշումների հարկադրաբար կատարման ուղղությամբ։  Գիտեք նաև, էն մարմինը, որը որ որոշակի պատասխանատվություն կրում է Արդարադատության միջազգային դատարանի վճիռների և նաև որոշումների կատարման ապահովման ուղղությամբ, դա Անվտանգության խորհուրդն է, օրինակ, որը էն մարմինն է, որը երբ որ խնդիր առաջանա, կամ երբ որ պրոբլեմային դառնա հարցը, պետք է, կամ իրավասու կլինի միջամտելու գործընթացին։ Եվ ինքներս էլ հասկանում ենք, որ Անվտանգության խորհրդի միջամտությունը այսօր բարդ է», — ասել է նա «Ազատություն» ռադիոկայանի հարցին պատասխանելով։

Եղիշե Կիրակոսյանը նաև նշել է, որ եթե ժամկետ չի նշվել, նշանակում է՝ որոշումը անմիջապես պետք է գործի։

Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը մասամբ բավարարել է Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու Հայաստանի դիմումը  և պարտավորեցրել է Ադրբեջանին՝ մինչև Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով վերջնական որոշման կայացումը՝ ձեռնարկել բոլոր միջոցները երաշխավորելու Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխափան տեղաշարժը:

Ո՞րն է համարվում անհապաղը, մեկ ամիս, վեց ամիս, որքան ժամանակ անց կարող ենք որոշել, որ Ադրբեջանը չի կատարել Հաագայի դատարանի որոշումը։ Մեր հարցին «Իրավունքի Եվրոմա Միավորում» ՀԿ նախագահ, փաստաբան Լուսինե Հակոբյանը պատասխանեց

 «Անհապաղը շատ արագն է։ Ադրբեջանը պետք է անհապաղ կատարի Արդարադատության միջազգային դատարանի միջանկյալ միջոց կիրառելու մասին որոշումը: Ըստ այդմ` Ադրբեջանը պարտավոր է Խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայով ստանձնած իր պարտավորությունների շրջանակներում ձեռնարկի իր տրամադրության տակ եղած բոլոր միջոցներն ապահովելու մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների երկկողմանի տեղաշարժը Լաչինի միջանցքով: Որոշումն ընդունվել է 2023թ. փետրվարի 22-ին: Այսօր արդեն փետրվարի 27-ն է, և հայկական կողմը կարող է Դատարանին hարցում հղել այն մասին, թե Ադրբեջանն ինչ միջոցներ է արդեն ձեռնարկել Լաչինի միջանցքը բացելու ուղղությամբ: Դատարանը պետք է գնահատի, ինչ միջոցներ են ձեռնարկել և արդյոք դրանք եղել են ժամանակին»։

Եթե Ադրբեջանը, չկատարի Դատարանի այդ որոշումը, ապա , ըստ Լուսինե Հակոբյանի, նրա առջև փակվում է այդ Դատարանում իրավական գործընթացի մասնակցելու տրամաբանական հնարավորությունը:

«Եթե մի պետություն դիմում է այդ Դատարանին, սակայն իր համար անբարենպաստ որոշում ստանալուց հետո, որոշում է չկատարել այդ որոշումը, ապա ո՞րն է այդ Դատարանում իրավական գործընթացը շարունակելու տրամաբանությունը այդ պետության համար։ Սրանից զատ, հայկական կողմը Դատարանի որոշման տեսքով կարևոր գործիքակազմ է ձեռք բերել պաշտոնական և հանրային դիվանագիտության մեջ կիրառելու համար: Եթե Ադրբեջանը չկատարի Դատարանի որոշումը, հայկական կողմը միջազգային բոլոր ատյաններում պետք է բարձրաձայնի այդ հարցը ` պահանջելով Ադրբեջանի նկատմամբ կոշտ պատժամիջոցներ ձեռնարկել այդ որոշումը չկատարելու համար:», -ասում է նա:

Միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արա Ղազարյանը գտնում է, որ Հայաստանը արդեն կարող է խախտում արձանագրել։

«Որոշումն ընդունելու պահից, եթե Ադրբեջանը չի բացում ճանապարհը, ուրեմն, խախտում է այն։ Ամեն րոպե, ամեն օր նրանք նոր խախտում են անում, փաստորեն, քանի որ ճանապարհը փակ է։ Այս պահին կարելի է արձանագրել, որ խախտում կա»։

Արդյո՞ք այս որոշումը քաղաքական ենթատեքստ ունի։ «Ոչ։ Որոշումը պարզ է և հակիրճ։ Իհարկե, ցանկացած ենթատեքստ կարելի է գտնել, ցանկության դեպքում, բայց եզրափակիչ մասը շատ պարզ է՝ ճանապարհը պետք է բացվի։ Սա հիմնական կետն է», — ասում է Արա ։ , Ղազարյանը։

Եթե չկան իրավական մեխանիզմ Ադրբեջանին ստիպելու, որ կատարի որոշումը, ինչպես ասաց այսօր Եղիշե Կիրակոսյանը, ապա ի՞նչ պետք է անել։

«Տեսեք՝ Եվրոպական դատարանն ունի այդ մեխանիզմները՝ նախարարների կոմիտեն է, այնտեղ վարույթ է հարուցվում, կատարելու վերաբերյալ հսկողություն է իրականացվում, գործողություն ների պլան է ստեղծվում՝ և այլն։ Այս ամբողջ համակարգը ՄԱԿ-ի համակարգում չկա։ Ստիպված այստեղ  հույսը դնում են պետության  վրա, կամ քաղաքական ճնշման մեխանիզմ է գործադրվում, դատարանի հեղինակությամբ։ Սովորաբար, կատարվում են որոշումները, սակայն  առանձնահատուկ դեպքեր  կան, երբ դրանք չեն կատարվում՝ օրինակ, Իսրայելի տարանջատիչ պատի շինարարության վերացումը։ Բայց չկատարելը պետության վրա բեռ է կուտակվում, որովհետև նա հաշվետու է միջազգային հանրությանը, տարբեր կառույցներին, և անընդհատ, տարիներ շարունակ կրկնվում է, որ պետությունը չի կատարում որոշումը։ Հիմա տեսեք, որքան էլ որ ադրբեջանցիները հայտարարում են, որ ճանապարհը փակ չի, արդեն ՄԱԿ-ի դատարանն արձանագրել է, որ փակ է, և հիմա նրանք որտեղ էլ ինչ խոսեն, գիտեն, որ այդ փաստը դրվելու է իրենց  առջև։ Իհարկե, նրանք կսկսեն մանեւրել, մեկ բացել, մեկ փակել, ին չպես անում են գազի դեպքում, բայց այդ ամենն ազդում է պետության վարկանիշի վրա միջազգային արենայում»։

Սյուզան Սիմոնյան

 

Pin It on Pinterest