Եվրամիությունն ի գիտություն է ընդունում Արդարադատության միջազգային դատարանի (ICJ) կողմից արձակված պարտադիր որոշումը, որում նշվում է, որ Ադրբեջանը պետք է ձեռնարկի իր տրամադրության տակ եղած բոլոր միջոցները՝ ապահովելու մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ երկու ուղղություններով։ Այս մասին ասված է ԵՄ պաշտոնական կայքում տարածված հաղորդագրության մեջ։
ԵՄ-ն շարունակում է անհանգստություն հայտնել Լաչինի միջանցքում շարունակվող խոչընդոտների և դրա հետևանքով տեղի քաղաքացիական բնակչության համար առաջացած մարդասիրական հետևանքների կապակցությամբ: Միջանցքի օգտագործման վերաբերյալ բոլոր մտահոգությունները կարող են և պետք է լուծվեն բացառապես երկխոսության միջոցով։
ԵՄ-ն կրկնում է իր կոչը Ադրբեջանի իշխանություններին և բոլոր պատասխանատուներին՝ երաշխավորել Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորություններին համապատասխան: Հայտարարությունում նաև շեշտվում է, որ անհրաժեշտ է ապահովել տուժած բնակչությանը գազի, էլեկտրաէներգիայի և այլ կենսական անհրաժեշտության ծառայությունների անխափան մատակարարումը։
ԵՄ-ն շարունակում է ներգրավված լինել, այդ թվում՝ ամենաբարձր մակարդակով, Հարավային Կովկասում խաղաղության և անվտանգության ամրապնդմանն ուղղված ջանքերում:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: