ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ ռազմական ոստիկանության աշխատակիցները զորամասերում հայտնաբերում են սմարթֆոն տեսակի բջջային հեռախոսներ և այլ արգելված պարագաներ:
«ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը զինծառայողներին մշտապես հորդորում է զերծ մնալ արգելված իրեր պահելուց, մասնավորապես` սմարթֆոն տեսակի բջջային հեռախոսներ: Չնայած այս հորդորներին, այնուամենայնիվ, շարունակելով զորամասերում ամենօրյա հետևողական աշխատանքները, ռազմական ոստիկանության աշխատակիցները հայտնաբերում են սմարթֆոն տեսակի բջջային հեռախոսներ և այլ արգելված պարագաներ:
Զինված ուժերում կարգապահության ամրապնդման, անվտանգության ապահովման համար ևս մեկ անգամ կոչ ենք անում զինծառայողների ծնողներին, ընկերներին սմարթֆոն տեսակի բջջային հեռախոսներ չփոխանցել զինվորներին: Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ զինծառայողների շրջանում հայտնաբերված սմարթֆոն տեսակի հեռախոսները զինծառայողներին վերադարձվելու են միայն ժամկետային զինվորական ծառայությունն ավարտվելուց հետո:
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության աշխատակիցների ձեռնարկած մեծածավալ գործողությունների արդյունքում հայտնաբերվել, ՌՈ բաժիններ են տեղափոխվել ՀՀ ԶՈւ մի շարք պարտադիր ժամկետային և պայմանագրային զինծառայողներ, որոնք, խախտելով ՀՀ ՊՆ N հրամանը, օգտագործել են սմարթ հեռախոսներ, զինվորական ծառայության առօրյայից լուսանկարներ են ներբեռնել համացանց:
Զինծառայողները ենթարկվել են կարգապահական պատասխանատվության: ՀՀ պաշտպանության նախարարությունը հետամուտ է լինելու նմանօրինակ դեպքերի բացառմանը և կարգազանց զինծառայողներին ենթարկելու է պատասխանատվության», -նշվում է ՊՆ հաղորդագրության մեջ:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: